
ՀՀ պաշտպանության նախարարությունն այսօր հայտարարությամբ է հանդես եկել՝ հաստատելով այս գիշեր շփման գծի երկայնքով հակառակորդի ձեռնարկած ակտիվ հարձակողական գործողությունների մասին տեղեկատվությունը։ «Գործողությունների ընթացքում հակառակորդը, կիրառելով տանկեր, հրետանի և օդուժ, փորձել է ներխուժել ԼՂՀ ՊԲ պաշտպանության խորքը և գրավել մարտավարական դիրքեր: Այս պահի դրությամբ ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումների ակտիվ գործողությունների արդյունքում շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը հետ է շպրտվել՝ տալով բազմաթիվ զոհեր: Մարտական գործողությունները շարունակվում են»,- ասված է հայտարարության մեջ։
«ՀՀ պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է ռազմական գործողություններ սկսելու վերաբերյալ ադրբեջանական իշխանությունների աննախադեպ ագրեսիվ և անպատասխանատու որոշումը և պաշտոնապես հայտարարում է, որ դրանց շարունակումը կարող է հանգեցնել ադրբեջանական կողմի համար անկանխատեելի հետևանքների:
Ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում իրադրության աննախադեպ լարման ողջ պատասխանատվությունը կրում են Ադրբեջանի իշխանությունները:
ՀՀ պաշտպանության նախարարությունը միջազգային հանրության և հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ուշադրությունն է հրավիրում ստեղծված իրավիճակի վրա և ակնկալում է անհապաղ հասցեական միջամտություն՝ իրավիճակը վերահսկողության տակ պահելու և լայնածավալ ռազմական գործողություններից խուսափելու համար»,- նշված է Հայաստանի պաշտպանական գերատեսչության տարածած հայտարարության մեջ:




