

Մարտի 22-ին ՀՀ նախագահին կից Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական հանձնաժողովի ավիացիոն ենթահանձնաժողովի նիստում քննարկման է դրվել «Զվարթնոց» օդանավակայանի համալիրի վերակառուցման հարցը: Կոնցեսիոները ներկայացրել է իր ծրագիրը, Ֆրանսիայում բնակվող ճարտարապետ Ժորժ Շեխլյանը և ճարտարապետ Անահիտ Թարխանյանը ներկայացրել են իրենց նախագծերը: Ըստ Ավիատորների ազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նախագահ Գրիգորի Վարդանյանի, կոնցեսիոների ներկայացրած նախագիծը ընդունելի չի համարվել, մյուս երկու նախագծերը՝ «Զվարթնոցի» վերակառուցման համար առավել համապատասխան ու ընդունելի են ճանաչվել: Երկու ճարտարապետները պետք է միավորեն ջանքերն ու համատեղ աշխատեն:
Ճարտարապետ Անահիտ Թարխանյանը վսահեցնում է՝ ուսումնասիրել ու պարզել են՝ Զվարթնոց օդանավակայանի նոր մասնավոր շենքի կառուցումը սխալ որոշում էր: Մոտ 160 մլն դոլար ներդրումներից հետո այժմ օդանավակայանն ունի դեպի օդանավեր տանող վեց դարպաս՝ գիթ: Մինչդեռ կարելի էր ավելի քիչ գումարով առավել արդյունքի հասնել:
Ներկայացնելով նոր նախագիծը՝ Անահիտ Թարխանյանը վստահեցնում է՝ ավելի քիչ ներդրում կատարելով պահեստային տարածքների հաշվին հնարավոր է վերագործարկել Զվարթնոց օդանավակայանի կլոր մասնաշենքը: Նրա տեղեկացմամբ, նախկինում ավտոկայանատեղերը տեղակայված էին Զվարթնոցի ներքևի հատվածում, այժմ ճարտարապետների մի խումբ առաջարկվում է հանել այն: Սա ի դեպ, միջազգային պահանջ է՝ անվտանգության կանոններից ելնելով:
Ազատված այս հատվածը հնարավորություն կտա միանգամից կազմակերպել օդանավակայանի նորմալ ու ֆունկցիոնալ աշխատանքը: «Ընդամնեը փակելով դրսի ու ներսի օղակները՝ ներքևից ապակիներով ու կառուցելով մեջտեղում մի հարկ՝ կանգառները բաժանելով ստնաում ենք մոտավորապես լրացուցիչ 28 հազար քառակուսի մետր, ինչն ամբողջությամբ բավականացնում է, որպեսզի մենք կարողանանք իրականացնել օդանավակայանի նորմալ, ֆունկցիոնալ աշխատանքը»,- ասում է ճարտարապետ Անահիտ Թարխանյանը։
Նախագիծն ընդամենը շուրջ 30 մլն դոլար կարժենա, մինչդեռ Կոնցեսիոն պայմանագրով ներդրումների ընդհանուր արժեքը կազմելու է 270 մլն դոլար: Ճարտարապետ Թարխանյանն ասում է, որ 160 մլն դոլարի ներդրումներ արդեն կատարվել են, ևս 110 մլն դոլար գումար էլ պետք է ծախսվի: Այսքան գումար ծախսելուց հետո էլ օդանավակայանը կունենա ընդամենը 7 դարպաս՝ գեյդ:
Անահիտ Թարխանյանը մեջբերում է Հայաստանի կառավարության ու կոնցեսիոների հետ կնքված պայմանագրի մի կետ, որի համաձայն, այն ամենը, ինչ կնոցեսիոները կառուցում է իր նեդրումային ծրագրի միջոցով, համարվում է նրա սեփականությունը, իսկ այն, ինչ վերանորոգում է, համարվում է պետական սեփականություն: Թարխանյանի խոսքով, «այս իրավիճակը երևի թե հենց այս պայմանագրի այդ մեկ կետի հետևանքն է: Եթե այդ կետը չլիներ՝ մենք այսօր կունենայինք նորմալ գործող և լավ արդիականացված «Զվարթնոց» օդանավակայան»:
Ավիատորների ազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նախագահ Գրիգորի Վարդանյանը նույնպես պնդում է՝ «Զվարթնոց» օդանավակայանի համալիրը հնարավոր է շահագործել: Նոր պահանջների դեպքում էլ է կարելի արդիականացնել համալիրը՝ ասում է Վարդանյանը։ «Մեր օդանավակայանը այնպիսի ճարտարապետական որոշում է, որը ամբողջ աշխարհում միգուցե և միակն է, և հարկավոր է պահպանել»։
«Հայնախագիծ» ճարտարապետական արվեստանոցի ղեկավար Սաշուր Քալաշյանն ընդգծում է՝ «Զվարթնոց» օդանավակայանը մշակութային մեծ արժեք է ոչ միայն Հայաստանում: Նրա խոսքով, արտերկրի այն հարթակներում, որտեղ ցուցադրվել է համալիրը, համարվել է 20-րդ դարի լավագույն արժեքներից մեկը: «Բոլոր երկրներում արժեքները պահպանվում են,- ասում է ու հավելում՝ մեր գերնպատակը շենքը պահելն է։- «Զվարթնոց» բառը մեր օդանավակայանը կրում է այս շենքի շնորհիվ: Եթե սա հանկարծ մի օր, Աստված ոչ անի, վերանա աշխարհի երեսից, «Զվարթնոց» բառը չի հասկացվի, ինչի է «Զվարթնոց»: Մեր գերնպատակը ցանկացած պարագայում շենքը պահելն է: Այն մեր մշակութային դիմագիծն է, այդ արժեքը չի կարելի քանդել, ոչ մի երկրում այդպիսի բան չեն անում»:
Նախագիծը դեռ սկզբնական փուլում է, այն պետք է լրամշակվի ու ներկայացվի ինչպես կոնցեսիոներին, այնպես էլ Հայաստանի կառավարությանը: Ինտենսիվ աշխատելու դեպքում այն ամբողջացնելու համար մոտ երկու ամիս կպահանջվի:




