

ԸՕ-ի նախագիծն ընդունելուց հետո նորացված կարգով առաջին ընտրությունները տեղի են ունենալու 2017-ին: Եվ հենց այդ ժամանակ է նախատեսվում ընտրությունն ըստ գույների: Ավելի ճիշտ՝ գունավոր քվեաթերթիկներով։ Արդյո՞ք այսպիսի կարգ հնարավոր է մի երկրում, որտեղ 80-ից ավելի գրանցված կուսակցություն կա: Փորձել ենք պարզել՝ ընթացքում պարզելով նաեւ այլ մանրամասներ «գունավոր քվեարկության» կարգից:
Դալտոնիզմը կամ գունային կուրությունը տեսողության առանձնահատկություն է, երբ մարդը չի կարողանում տարբերել գույներն ու երանգները: Դալտոնիզմը, ցավոք, անբուժելի է եւ որեւէ հետազոտություն չկա, թե Հայաստանի բնակչության քանի տոկոսն է տառապում դրանով: Ամեն դեպքում՝ առաջիկա ընտրություններում հենց այս խումբ մարդկանց իրավունքներն են ոտնահարվելու, այսպես կոչված, «գունավոր» քվեարկության պատճառով: ԸՕ-ի նախագծի նորամուծություններից են լինելու գունավոր քվեաթերթիկները: Ընտրություններին մասնակցող ամեն մի կուսակցություն ունենալու է իր գույնը եւ հենց այդ գույնով են ընտրողները կողմնորոշվելու: Սա լուրջ խնդիր է համարում փաստաբան Նորայր Նորիկյանը:
«60-ից բարձր տարիք ունեցողները, որոնք օբյեկտիվորեն մեկը մի առողջական խնդիր կունենա, մյուսը՝ մեկ այլ: Եթե սա այսպես մնա, հիշում եք չէ՞, երբ առաջ ասում էին. ընտրեք առաջինը, երկրորդը կամ չորրորդը: Հիմա այդ թվերը դուրս է գալու, ասելու են՝ ընտրեք կարմիր գույնը»:
Ի դեպ՝ դալտոնիզմի տարածված տեսակն է, երբ անհատը խառնում է կարմիր եւ կանաչ գույները: Բայց կան շփոթություններ նաեւ այլ գույների հետ կապված: «Գունավոր քվեարկության» դեպքում շփոթմունքը միայն սրանով չի կարող սահմանափակվել, կարող են առաջանալ նաեւ այլ խնդիրներ, ասում է «Քաղաքացիական շտաբ» ՀԿ-ից Վարդան Քոչարյանը:
«Հայաստանում գրանցված է մոտ 80 կուսակցոնւթյուն եւ եթե մի պահ ենթադրենք, դրանց գոնե կեսը ընտրությունների մասնակցության հայտ ներկայցնի, ապա զուտ ֆիզիկապես ԸՕ-ն այդ հարցը չի կարող կարգավորել: Բնության մեջ իրարից ակնհայտ տարբերվող այդքան գույն չկա»:
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը շատ հանգիստ է. բարձրացված ընտրագրավը հնարավորություն չի տա բոլոր ցանկացողներին առաջադրվել: Տեսականորեն հնարավոր է համարում, որ առաջադրվի ասենք՝ 40 կուսակցություն, բայց գործնականում այդպիսի իրավիճակ, կարծում է, հնարավոր չէ:
« Իհարկե, բնության մեջ կան միլիոնավոր գույներ, բայց համաձայն եմ, որ եթե լինի 40 գույն՝ տեսականորեն դժվար է տարանջատել, այդ իսկ պատճառով մենք մտածում ենք լրացուցիչ պաշտպանիչ միջոցառումների մասին»:
«Գունավոր քվեարկության» գաղափարի հակառակորդները հաշվարկներ են ներկայացնում, թե քվեարկության համար նախատեսված 12 ժամվա ընթացքում ոչ բոլորն են հասցնելու կատարել իրենց ընտրությունը: Ասում են, որ ընտրատեղամասերում, որտեղ սովորաբար մինչեւ 2 հազար ընտրող է հաշվառված, առավելագույնը 600 ընտրող է քվեարկելու, քանի որ յուրաքանչյուրին գունավոր թղթերի տրցակ տրամադրելու, ընտրության կարգը բացատրելու եւ բուն ընտրության ընթացքը կազմելու են մի քանի րոպե: ԱԺ ՙՕրինաց երկիր՚ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը մտավախություններ ունի, որ այս ամենը արրվել է միտումնավոր:
«Եթե մի 15-20 կուսակցություն առաջադրվի՝ պատկերացրեք այդ ծիածանի գույները, այդ շիլաշփոթը ինչ է լինելու: Այսինքն՝ սա արվում է գիտակցաբար, որպեսզի կարողանան ստեղծել մի պայման, ժողովրդական խոսքով ասաց, որ «շունը տիրոջը չճանչի»:
Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն իր հերթին պնդում է, որ գունավոր քվեաթերթիկներով քվեարկությունը բազմաթիվ առավելություններ է ունենալու:
«Ով է հաշվել, որ չենք հասցնելու քվեարկեն: Ի՞նչն է խնդիրը: Ենթադրեհնք 10 կուսակցություն են քվեարկելու, 10 հատ քվեաթերթիկ է վերցնելու Դրանց միջից ընտրելու է իր նախընտրած կուսակցությունը, թերթիկի մյուս կողմից նշում է անում, եթե ցանկանում է, թե որ թեկնածուին է նախընտրում, դնում է ծրարը, բերում գցում է: Էն մնացածը՝ գցելու է մյուս տուփի մեջ: Դրա ժամանակը ի՞նչ է: Ընդհակառակը, շատ ավելի պարզեցվում է, այդ «կարուսելները» դրսի վերանում են, անվավեր ճանաչելու խնդիրներն են լուծվում»:
Որպես միջազգային փորձ պատգամավորը վկայակոչում է Ֆրանսիան եւ Բուլղարիան, որտեղ այսպես են քվեարկում արդեն շատ վաղուց եւ որեւէ խնդիր չի առաջանում:




