
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն ապրիլի վերջին ծրագրում է առաջին անգամ պաշտոնական այցով ժամանել Հայաստան և Ադրբեջան, ինչպես նաև երկրորդ անգամ լինել Վրաստանում։ Այս մասին TASS գործակալությանը հայտնել են համաշխարհային կազմակերպության քարտուղարությունում:
«Ես չեմ կարող ստույգ ամսաթվեր նշել, բայց ուղևորությունը կկայանա ՄԱԿ-ում Կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրի ստորագրման արարողությունից (ապրիլի 22) հետո»,- ասել է գործակալության զրուցակիցը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը մարտի 31-ին չի հաստատել, բայց և չի հերքել առաջիկա այցի վերաբերյալ տեղեկատվությունը: «Մենք չենք կարող դա հաստատել, բայց ես հուսով եմ, որ մենք շուտով դրա վերաբերյալ ասելու բան կունենանք»,- նշել է նա։




