

Հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանը «Նեմեսիս» գաղտնի գործողության շրջանակում, որի նպատակն էր պատժել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը կազմակերպող եւ իրականացնող երիտթուրք պարագլուխներին, Բեռլինում գնդակահարում է Եղեռնի գլխավոր կազմակերպիչներից Թալեաթ փաշային։ Ապրիլի 2- ին՝ այս եղեռնագործի սպանության վայրում, հայ համայնքը, ազատամարտիկ, <Տիգրան Մեծ> բարեգործական ընկերության նախագահ Սրապիոն Գևորգյանի գլխավորությամբ, կազմակերպելու է ակցիա՝ ի հիշատակ Թեհլերյանի: Վրիժառո՞ւ, թե՞ ահաբեկիչ, արդարությունը վերկանգնող արա՞րք, թե՞ մարդասպանություն։
1921 թվական մարտի 15, Բեռլին: Շառլոտենբուրգ թաղամաս, Հարդենբերգ փողոց, Սողոմոն Թեհլերյանն առավոտյան պատուհանից հանկարծ տեսնում է, որ Թալեաթը փողոց է դուրս եկել զբոսնելու: Այնուհետև, ինչպես հետո հայ վրիժառուն է ներկայացրել դատավարության ընթացքում։ «Ատրճանակս առա, վրա հասա, զուգահեռ մայթով արագ գնացի, առաջ անցա։ երբ նա բավականին հետ մնաց, անցա մյուս մայթը, հետ դարձա` նրան դիմացից խփելու համար: Բայց մի երկու քայլ մնացած` հանկարծ նա զգաց, սարսափահար նայեց, ուզեց թեքվել, խուսափել, երբ գնդակը գամեցի գլխին»։
Հայ վրիժառուի հոգեվիճակը սարսափելի է եղել,ՙՌադիոլուրի՚ հետ զրույցում ասում է ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը։ Պատմելով Սողոմոնի անցած ճանապարհը՝ նկատում է, որ ուսում ստանալով Երզնկայի Կեդրոնական ուսումնարանում, այնուհետև փոխադրվել է Սերբիա, իսկ Առաջին համաշխարհային պատերազմն սկսվելուն պես մեկնել Հայաստան՝ մասնակցելու կամավորական շարժմանը՝ Անդրանիկի գնդում։1915 թվականին Թեհլերյանը վերապրել է ցեղասպանությունը, ինչը շատ մեծ ազդեցություն է ունեցել նրա կյանքում:
Թեհլերյանը, երբ վերադառնում է հայրենի օջախ, տեսնում է այն ավերված ու ամայացած։ Ուշաթափվում է, երբ իմանում է՝ թուրքերը սպանել են իր ընտանիքին՝ մորը, հորը, եղբայրներին, և գերդաստանի 85 անդամներին, իսկ տունը դարձրել թուրքական հանրակացարան: «Մի կրակոցով ոճրագործը սպանվում է: Նախապես մշակված ծրագրով նա չպետք է տեղից շարժվեր, սակայն սարսափի ազդեցության տակ, վկաներ են եղել, փորձել է վազել, սակայն բռնել են և տարել ոստիկանություն: Ոստիկանապետը հարցաքննելուց հետո հայտարարել է, որ նա մեղավոր չէ, այլ սպանվողն է մարդասպանը, ու դա հայ և թուրք ժողովուրդների գործն է, ոչ թե գերմանացիներինը»,- ասում է պատմաբանը։
Վրիժառո՞ւ, արդարության վերկանագնո՞ղ, թե՞ մարդասպան, այդ հարցը շատ է շահարկում թուրքական կողմը: Իհարկե, Սողոմոն Թեհլերյանը գնդակահարեց Թալեաթ փաշային, բայց ո՞վ էր նա: Այս հարցադրման հիմքում են ընկած հայ վրիժառուի արդարացումը։
1921 թվականի հունիսի 2-ին գերմանական դատարանում Սողոմոնի դատապաշտպան դոկտորՆիմայեր Կիրը իր պաշտոնական ճառում նշել է. «Սողոմոն Թեհլերյանն ինքը չէր, որ փողոց էր իջել Թալեաթ փաշային սպանելու։ Նրա հետ իջել էին դարերը, միլիոնավոր սպանվածները: Նա իր ձեռքով տանում էր իր ամբողջ ժողովրդի պատվի դրոշակը, դրոշակը`ողջ խոշտանգվածների, դրոշակը` իր լլկված ընտանիքի»։
Իսկ Թեհլերյանի կարճ ու խոսուն պատասախանն էլ ամբողջացրել է իր արդարության վերականագմանն ուղղված քայլը՝ «Մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ, որովհետև խիղճս հանգիստ է»,- ասել էր Սողոմոն Թեհլերյանը: Դատական նիստը տևում է երկու օր: Արդյունքում՝ Սողոմոնն արդարացվում է:
Ապրիլի 2- ին Թեհլերյանի ծննդյան 120- ամյակի օրը, խորհրդանշական վայրում ու նույն տեղում, որտեղ սպանվեց եղեռնագործ Թալեաթը, Հարդենբերգ փողոցում, արցախյան հերոսամարտի մասնակից Սրապիոն Գևորգյանը Գերմանիայի հայ համայնքի հետ միասին կազմակերպելու է ակցիա՝ նվիրված հայ վրիժառուին:




