Հասարակություն

Ամուսնալուծության հիմնական նախաձեռնողը կանայք են (լրացված)

տեղադրված է ժամը 13։05- ին
լրացված է ժամը 18։34- ին

hasmikdilanyan

Միջանձնային հարաբերություններ, սոցիալական ու տնտեսական խնդիրներ, վերջին տարիներին նաև արտագնա աշխատանք:  Սրանք մեր երկրում գրանված ամուսնալուծությունենրի թվի աճի հիմնական պատճառներն են: Հետազոտությունն  այսօր է ներկայացվել: «Ռադիոլուրը» զրուցել է  նաև  ընտանեկան հոգեբանի հետ՝ փորձելով պարզել, թե մինչ ամուսնալուծության դիմելը  ինչպիսի խնդիրների առջև են կանգնում զույգերը: Հոգեբանի խոսքով՝ վերջին տարիներին Հայաստանում ամուսնալուծությունների հիմնական նախաձեռնողը կանայք են: 

 

Վերջին տարիներին մեր երկրում ամուսնալուծությունների թվի աճը անհանգստացրեց անգամ  վարչապետին:  Դեռ 2014-ին  Հովիկ Աբրահամյանը  աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությանը  հանձնարարեց  ուսումնասիրել ու պարզել  պատճառները: 2015-ին աշխատանքի ու սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտն իրականցրել է այդ հետազոտությունն ու պարզել,  որ Հայաստանում  իսկապես ավելացել է ամուսնալուծությունների թիվը:

Աշխատանքի ու սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի տնօրենի տեղակալ Գառնիկ Նալբանդյանը նշում է, որ հիմնականում պատճառը սոցիալական ու տնտեսական  խնդիրներն են, միջանձնային հարաբերությունները։ Վերջին տարիներին՝   ամուսնալուծությունների վրա  ազդող գործոններից է նաև միգրացիան է, «երբ ընտանիքի անդամներից մեկը, բնական է, հիմնականում ամուսինը, տեղափոխվում է մեկ այլ երկիր, որից հետո կամ կապն է կտրվում, կամ հետ վերադարձի հետ կապված իրավական խնդիրներ ունի, կամ էնտեղ զուգահեռ ընտանիք է ձևավորվում, որն ի վերջո բերում է  այստեղ ամուսնալուծության»:

Գառնիկ Նալբանդյանի փոխանցմամբ՝ ամուսնալուծությունների թիվը համեմատաբար բարձր է Լոռու,  Արարատի ու Արմավիրի մարզերում:  Վերջին տարիներին  ավելի հաճախ   սկսել են ամուսնալուծվել նաև 20 և ավելի  տարիներ համատեղ ապրած ամուսինները, սա նույնպես հետազոտությունն է պարզել: Այստեղ էլ զրուցակցիս խոսքով, հիմնական,  այսպես ասենք,  մեղավորն արտագնա աշխատանքն է: Փորձեցինք պարզել նաև, թե ավելի հաճախ քանի երեխա ունեցող ընտանքիներն են ամուսնալուծվում։ «Վերլուծությունենրի ժամանակ պարզվել է, որ վեց երեխա ունեցող ընտանիքները նույնպես  ամուսնալուծվում են։ Դա իհարկե փոքր  տոկոս է կազմում, իսկ հիմնականում մեկ կամ երկու երեխա ունեցողներն են»,- ասում է ինստիտուտի փոխտնօրենը:

«Ռադիոլուրը»   զրուցեց նաև  ընտանեկան հոգեբան  Արկադի Մեհրաբյանի հետ՝ փորձելով պարզել, թե մինչ ամուսնալուծության դիմելը  ինչպիսի խնդիրների առջև են կանգնում զույգերը: Պարզվեց՝  երիտասարդներն ամուսնանալիս  հիմնականում միմյանց բնավորությունների  դրական գծերն են տեսնում միայն,  որոշ ժամանակ անց, երբ   հույզերը, սիրահարվածությունն  անցնում է,  սկսում են նկատել նաև բացասական որակները:  Շատ հաճախ  ամուսինենրը դժգոհում են, որ   բնավորության գծերի փոխոխություններ են տեսնում:  Իրականում, հոգեբանի պնդմամբ, պարզապես  բնավորության որոշակի գծեր  սկզբնական փուլում անտեսվում են:

Ընտանեկան խնդիրներն ավելի շատ մարզերում են հանդիպում,  սակայն ընտանեկան հոգեբանի ավելի շատ Երևանում են դիմում: Զրուցակիցս  անդրադարձավ նաև ամուսնալուծությունների թվի  աճին: «Սոցիալական խնդիրներն էլ կարող են լինել, սակայն,   կտրուկ աճը  դրա մասին է խոսում: Առաջ մարդը միգուցե սոցիումի կարծիքից ամաչում էր, հիմա չեն ամաչում»։

Հոգեբանն ասում է, որ վերջին տարիներին  ամուսնալուծությունների հիմնական նախաձեռնողը կանայք են:  Ամուսնալուծված ընտանիքներում երեխաները խոցելի խմբում հայտնվելու ավելի հավանականություն ունեն։ «30 տոկոս  աղքատություն ունեցող մեր իրականությունում մեծ է նաև ռիսկի գործոնը, որ հենց այս ընտանիքների երեխաներն են հայտնվում սոցիալական  հաստատություններում»,- ասում է  Աշխատանքի ու սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի տնօրենի տեղակալ Գառնիկ Նալբանդյանը:

Մեր երկիրը, սակայն, վերջին տարիներին որդեգրել է   երեխանեի շուրջօրյա խնամքի կենտրոնների բեռնաթափման, խնամատար ինստիտուտի ներդրման , ինչպես  նաև  երեխաներին կենսաբանական ընտանիքներ վերադարձնելու քաղաքականությունը:  Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի խոսքով, կենսաբանական ընտանիքների համար աջակցության ծրագրեր  պետք է իրականացվեն։

Կարդացեք նաև

Back to top button