

Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունը որոշել է հիմնել քաղաքական դպրոց, որը կկոչվի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անունով: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ հանդիպել է Մելիք- Ադամյան փողոցում գտնվող ՀՀԿ գրասենյակում: Այսուհետև Աշոտյանը զբաղվելու է կուսակցության կազմակերպական և ինտելեկտուալ կարողությունների ամրապնդմամբ։
ԱԺ պատգամավորներ Առաքել Մովսիսյանը, Սամվել Ալեքսանյանն ու Մհեր Սեդրակյանը ո՛չ դասավանդելու ,ո՛չ էլ ուսանելու են Հանրապետական կուսակության կողմից ստեղծվող քաղաքական դպրոցում: Դասավանդողների շարքերում չի բացառվում, որ լինեն ՍԴ նախագահ Գագիկ Հարությանը, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Հիշեցնենք՝ օրերս ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ կուսակցությունը որոշել է ստեղծել քաղաքական դպրոց, ինչպես ընդունված է եվրոպական երկրներում: Սոցցանցերում սկսեցին շրջանառվել տարաբնութ մեկնաբանություններ ու նորաստեղծ դպրոցը համեմատեցին ոչ վաղ խորհրդային անցյալում գործող կոմկուսի բարձրագույն դպրոցի հետ, որի հիմքում կոմունիստական գաղափարախոսության քարոզչությունն էր:
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Մելիք- Ադամյան 2 հասցեում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ քաղաքական դպրոց ստեղծելու գաղափարը եփվում էր դեռ վաղուց, բայց բյուրեղացավ ու կյանքի կոչվեց իր կողմից: Վերջինս տեղին չի համարում ՀՀԿ դպրոցի եւ ԽՍՀՄ «պարտշկոլայի» միջեւ զուգահեռների անցկացումը:
«Ռադիոլուրի» դիտարկմանը՝ արդյո՞ք քաղաքական մտքի սով էր գրանցվել, հետևաբար՝ դպրոց ստեղծելու անհրաժեշտություն կար, Աշոտյանը նկատեց, որ եվրոպական քաղաքական դաշտում յուրաքանչյուր իրեն հարգող ու ժ ունի իր քաղաքական ակադեմիան կամ դպրոցը։
Աշոտյանը մի քանի անգամ կրկնեց, որ հետևել է այս թեմայով սոցցանցերում ծավալված քննարկումներին։ Դրանցում տեսել է եւ հումորի բարձր զգացում, եւ քաղաքական մաղձի արտահայտություն։ Արմեն Աշոտյանը վստահ է, որ եթե ՀՀԿ-ի մոտ այս գաղափարի իրականացումը չստացվի, ոչ մի կուսակցության մոտ չի ստացվելու։




