

«Ցանկացած երկրի համար պարենային ապահովությունն ու անվտագությունը ռազմավարական խնդիր է, իսկ պարենի իրավունքը մարդու հիմնարար իրավունքներից մեկն է: Իրավունք, որը Հայաստանում, կարծեք, ընդհանրապես բացակայում է»,-ասում է «Սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի» ղեկավար Դավիթ Պիպոյանը: Նրա և մի շարք այլ մասնագետների հետ զրույցում «Ռադիոլուրը» անդրադարձել է երեխաների սննդի ապահովության ու անվտանգության խնդիրներին, մասնավորապես ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հրապարակած զեկույցի համատեքստում:
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության և Պարենի համաշխարհային ծրագրի հրապարակած զեկույցի համաձայն Հայաստանում յուրաքանչյուր 5-րդ երեխա զրկված է լիաժեք սնունդ ստանալու հնարավորությունից: Երեխաների թերսնման հետևանքների մասին մասնագետներն ահազանգել են բազմիցս. սակավարյունություն, մտավոր, ֆիզիկան արատներ և այլն:
Եթե Երևանում պատկերը քիչ թե շատ բարվոք է, ապա իրավիճակը զգալիորեն տարբեր է Շիրակի մարզում, որը աղքատության, ինչպես նաև թերսնվածության ցուցանիշով, ըստ գրանցված վիճակագրության, առաջին տեղում է: Գյումրիի «Շիրակ կենտրոն»-ի տնօրեն Վահան Թումասյանը «Ռադիոլուր» -ի հետ զրույցում նշեց, որ խնդիրը ծայրահեղորեն սրված է մասնավորապես Գյումրիի տնակային ավաններում:
«Ցանկացած երկրի համար պարենային ապահովությունն ու անվտագությունը ռազմավարական խնդիր է, իսկ պարենի իրավունքը մարդու հիմնարար իրավունքներից մեկն է: Իրավունք, որը Հայաստանում, կարծեք, ընդհանրապես բացակայում է»,-ասում է «Սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի» ղեկավար Դավիթ Պիպոյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ Հայաստանում այս ոլորտում իրականացված հետազոտություններն արժանահավատ չեն, որովհետև իրականացվում են, հիմնականում, սիրողական մակարդակով:
Ըստ Պիպոյանի՝ մանկապարտեզներում սննդային թունավորումների հաճախակի դեպքերը ևս փաստում են ոլորտի բացիթողի վիճակի մասին, մինչդեռ սննդի ոչ միայն բացակայությունը, այլև որակը չափազանց կարևոր են երեխայի առողջության ու բնականոն զարգացման համար: Փորձագետի բնորոշմամբ մենք գործ ունենք համակարգային ճգնաժամի հետ, որտեղ ընդգրկված է գերատեղչությունների մի ամբողջ շղթա:
Որպես հանրային առողջապահական գերխնդիր երեխաների ճարպակալումը, ըստ փորձագետի, չի զիջում թերսնման հետևանքով առաջացած խնդիրներին, որոնք լուծելու համար նա չափազանց կարևորում է դպրոցական ու նախադպրոցական տարիքում երեխաների կրթության ու իրազեկվածության մակարդակի բարձրացումը: «Առողջ սննդի գաղափարը երեխայի մեջ պետք է արմատավորել ամենավաղ տարիքից»,-պնդում է փորձագետը: Նշենք, որ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի զեկույցի համատեքստում լրագրողների խնդրանքով խնդրին օրերս անդրադարձավ նաև առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Նախարարը վստահեցրեց, որ խնդիրը ոչ միայն բանավոր, այլև նորմատիվային դաշում է: Նկատենք, որ ըստ միջազգային զեկույցի՝ երեխաների թերսնման խնդիրը չլուծելու դեպքում Հայաստանը կկանգնի ոչ միայն ժողավրդագրական խնդրի առջև, այլև կկանխի երկրի տնտեսական աճը:




