

Հայաստանում բազմազավակ` այսինքն չորս երեխա ունեցող ընտանիքների մասնաբաժինն ընդհանուրի մոտ 0.6%-ն է , հինգ և ավելի երեխա ունեցողները 0.1 % են կազմում: Մասնագետներն ահազանգում են` պատկերը խիստ մտահոգիչ է: Անդրադառնալով հարցին, թե ինչու հայ ընտանիքները չեն ցանկանում շատ երեխա ունենալ, փաստաբան Լիանա Բալյանը նկատում է` ոչ թե չեն ցանկանում, այլ չեն կարող. սոցիալական պայմանները եւ տնտեսական անորոշությունները թույլ չեն տալիս, իսկ բազմազավակ ընտանիքներին աջակցության օրենքը, ըստ փաստաբանի, փոխել է պետք: Հոգեբան Աննա Բադալյանն էլ նկատում է` բազմազավակ ընտանիքներում երեխաներն առավել հաղորդակցվող ու պակաս եսասեր են լինում:
ՀՀ օրենքը բազմազավակ հայ ընտանիքներին մի շարք արտոնություններ է տալիս: Կառավարությունը տարբեր ծրագրեր իրագործելիս մշտապես շեշտում է պետական հասցեագրված աջակցության եւ խրախուսման միջոցով բազմազավակ ընտանիքների ամրապնդմանը, ծնելիության աճին նպաստելու նպատակադրումը: Փաստաբան Լիանա Բալյանն, այս առումով, սակայն, հայտարարում է` օրենքն ու մոտեցումները փոխել է պետք: Բազմազավակ ընտանիքների ստացած նպաստը խիստ անբավարար է, իսկ այս ընտանիքները ամենաաղքատ սոցիալական կարգ ունեցողների թվում են:
«Ճիշտ է` ՀՀ-ում գործում է բազմազավակ ընտանիքների աջակցության եւ բազմազավակ մայրերի պետական խրախուսման մասին օրենքը, սակայն, իրականում, այդ օրենքը մնացել է թղթի վրա, չի գործում»:
Հոգեբան Աննա Բադալյանը բազմազավակ ընտանիքներում տիրող հոգեբանական ընդհանուր վիճակին այլ գնահատում է տալիս: «Բազմազավակ ընտանիքներում երեխաներն առավել հաղորդակցվող ու պակաս եսասեր են լինում»:
Պաշտոնական վիճակագրությամբ` ծնելիության ցուցանիշը Հայաստանում 1.7 է ընդամենը: Այնինչ հասարակ վերարտադրության համար անհրաժեշտ է առնվազն 2,1 ծնելիություն մեկ կնոջ հաշվով։ Որպես համեմատություն` 1950թ. հայ ընտանիքները մեկ կնոջ հաշվով ունեցել են 4,5 երեխա։ Սկսած 1990-ից` ծնելիությունը նվազել է: ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը փոխանցում է կանխատեսումներն այս մասով, որոնք էլ պակաս մտահոգիչ չեն:
«Եթե դիտարկենք 1980 –ի Հայաստանի ժողովրդագրական բուրգը, ապա այն իդեալականին շատ նման էր: 2015-ին դեռ նման էր որոշակիորեն բուրգի, բայց արդեն ներքեւի մասը նեղացել է, քանի որ ծնելիությունը բավական անկում է ապրել: 2050-ին ավելի կնեղանա այս բուրգը, իսկ 2100-ին արդն կունենանք ոչ թե բուրգ, այլ սյուն»:
«Ուզում եմ» եւ «կարող եմ». Հայաստանում շատ երեխաներ ունենալու թեմայի համատեքստում սրանք հակադրվում են: Ընտանիքների ներքին պատասխանատվությունն ու տնտեսական անորոշությունները նվազեցնում են երեխաների թիվը, բայց շատ դեպքերում` ոչ ցանկությունը: Ամեն դեպքում վիճակագրությունը խիստ մտահոգիչ է:




