Հասարակություն

Քրիստոս հարյավ ի մեռելոց, Օրհնեալ է Հարությունը Քրիստոսի (լրացված)

տեղադրված՝ 10.39-ին
լրացված՝18.38-ին

Մեծ Պահքին անմիջապես հաջորդող շաբաթը կոչվում է Ավագ Շաբաթ և ընդգրկում է Փրկչի երկրային կյանքի վերջին կարևորագույն իրողությունները` հաղթական մուտքը Երուսաղեմ (Ծաղկազարդ), Վերջին Ընթրիքը, Մատնությունը, Չարչարանքները, Խաչելությունը, Մահը, Թաղումը և ի վերջո հրաշափառ Հարությունը` Ս. Զատիկը:

Ավագ շաբաթ օրը նշվում է Հիսուսի կողմից դժոխքի ավերումը և արդար հոգիների ազատումը: Ըստ Եկեղեցական կարգի՝ երեկոյան ժամերգությունից հետո սկսվում է նոր օր: Երեկոյան մատուցվում է Ճրագալույցի Սբ. Պատարագ, որի ավարտին ազդարարվում է Փրկչի հրաշափառ Հարության ավետիսը, որով ավարտվում է Մեծ Պահքը:

Qahana.am կայքից տեղեկանում ենք, որ այսօր ժամը 17.00-ին կլինի երեկոյան ժամերգություն, ժամը 18.00-ին` Ճրագալույցի Ս. Պատարագ: Հավարտ Ս. Պատարագի կտրվի Ս. Հարության Ավետիսը` «Քրիստոս Յարյաւ ի մեռելոց: Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»։ Մարդիկ վառված ճրագներ են տանում տուն` ի նշան Քրիստոսի օրհնաբեր լույսի:

Մեծ Պահքի վերջին շաբաթը անվանվում է «Ավագ շաբաթ» կամ «Չարչարանաց շաբաթ»: Շաբաթվա յուրաքանչյուր օրը ներկայացնում է Փրկչի` Հիսուս Քրիստոսի երկրային կայնքի վերջին օրերը և հավատացյալներին մոտեցնում է Տերունական Սուրբ Հարությանը:

Այսպես` Ավագ Երկուշաբթին «Անպտուղ թզենու» առակի հիշատակության օրն է:
Օրվա աստվածաշնչյան ընթերցումներն են` Մատթ. 21:18-22:14Ծննդ. 1:1-3:24 , Առակ. 1:1-9 Ես. 40:1-8Մատթ. 20:17-28

Ավագ Երեքշաբթին «Տասը կույսերի» առակի հիշատակության օրն է:
Օրվա աստվածաշնչյան ընթերցումներն են` Մարկ. 12:13-44 , Ծննդ. 6:9-9:17Առակ. 9:1-10:6 Ես. 40:9-17Մատթ. 24:1-26:2

Ավագ Չորեքշաբթն Հիսուսի Մատնության և Բեթանիայում օծման հիշատակության օրն է:
Օրվա աստվածաշնչյան ընթերցումներն են` Մարկ. 14:1-11Ծննդ. 18:1-19:30Առակ. 1:10-19 Զաք. 11:11-14 , Մատթ. 26:3-16

Ավագ Հինգշաբթին Քրիստոսի կողմից Հաղորդության խորհրդի հաստատման հիշատակությունն է: Այս օրը առավոտյան ժամերգությունից անմիջապես հետո կատարվում է Կարգ Ապաշխարողաց (Ապաշխարողների կարգ), որի ընթացքում արձակում է տրվում պահեցողության մեջ գտնվողներին:
Նրանք, ովքեր պահքը պահում են ամբողջապես պարտադիր պետք է ներկա լինեն այս կարգին: Նույն օրը ի հիշատակ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատման, Սուրբ Պատարագ է մատուցվում: Միջօրեին կատարվում է Ոտնլվայի կարգ:
Օրվա աստվածաշնչյան ընթերցումներն են` Հովհ. 12:27-43 , Ես. 60:20-22Եզեկ. 36:24-31Եբր. 10:19-31 , Ղուկ. 7:36-50 , Ծննդ. 22:1-24 , Ես. 61:1-7 , Գործք. 1:15-26 , Մարկ. 14:1-26 , Ա Կորնթ. 11:23-32Մատթ.26:17-30,  Ելք 30:17-21Գ Թագ. 7:40-51 , Բ Մնաց. 4:2-6 ,Ես. 44:2-6 , Ա Կորնթ. 10:1-4 , Հովհ. 4:7-21 , 13:1-11 , 13:12-15:

Ավագ Ուրբաթը Տիրոջ Չարչարանքների, Խաչելության և Թաղման հիշատակությունն է: Ծիսակարգը սկսվում է դեռ Հինգշաբթի երեկոյից, երբ փակվում են խորանի վարագույրները և կատարում «Խավարման կարգ»` ի հիշատակ Քրիստոսի Մատնության և Չարչարանքների: Ուրբաթ օրը ժամը 12-ին կատարվում է Քրիստոսի Խաչելության կարգը, երեկոյան` Թաղման կարգը:
Օրվա աստվածաշնչյան ընթերցումներն են` Հովհ. 13:16-18:1Ղուկ. 22:1-65Մարկ. 14:27-72 , Մատթ. 26:31-56 , Մատթ. 26:57-75, Հովհ. 18:2-27 , 18:28-19:16, Երեմ. 11:18-12:8, Ես. 52:13-53:12 , Իմաստ. 2:1-22, Զաք. 12:8-14Ա Պետր. 3:17-20 , Մատթ. 27:57-61

Ավագ Շաբաթը Սուրբ Հարության Ճրագալույցն է` նախատոնակը: Երեկոյան բացվում են խորանների վարագույները և Սուրբ Հարության Ավետիսով Պատարագ է մատուցվում բոլոր եկեղեցիներում:
Օրվա աստվածաշնչյան ընթերցումներն են` Ա Կորնթ. 15:1-11Մատթ. 28:1-20:

Այս տարի փետրվարի 8-ից սկսվել է Մեծ Պահքի շրջանը: Այն տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Այս տարի Ս. Հարության տոնը կնշվի մարտի 27-ին: Պահքի 40 օրը խորհրդանշում է անապատում Քրիստոսի քառասնօրյա աղոթքի, ծոմապահության և ապաշխարության շրջանը:  Քառասնօրյա պահքին հաջորդում է պահոց ևս մեկշաբաթյա շրջան` Ավագ շաբաթը:

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից եւ վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից  և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը եւ Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ» (Ղուկ. 24:5-6): Հարության լուրը կանայք ավետեցին առաքյալներին, որից հետո Հիսուսը երևաց նրանց: Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը:

Կարդացեք նաև

Back to top button