
տեղադրվել է ժամը 13։00- ին
լրացվել է ժամը 18։54- ին

Հայաստանի արտգործնախարարության նոր շենքում առաջին բարձրաստիճան հյուրը Վրաստանի ԱԳ նախարար Միխեիլ Ջանելիձեն էր։ Հայաստանի եւ Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն այսօր քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, շոշոփվել են նաև տարածաշրջանային խնդիրներ: Արդունքներն ամփոփվել են ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսում։
Հայաստանի ու Վրաստանի միջև չկա որևէ հարց, որ հնարավոր չլինի լուծել համատեղ ջանքերով, ասաց Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Իր վրացի պաշտոնակցի՝ Միխեիլ Ջանելիձեի հետ հանդիպման ընթացքում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը քննարկել է երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, էներգետիկ, տրանսպորտային, զբոսաշրջության, առևտրատնտեսական ու ֆինանսական հարցեր:
Ասել, թե հայ-վրացական հարաբերությունները բարիդրացիական են, նշանակում է գրեթե ոչինչ չասել, նշեց Էդվրդ Նալբանդյանը: Մեր ժողովուրդները սերտորեն շաղկապված են ու դա պատահական չէ, քանի որ երկու ժողովուրդները կողք կողքի ապրում են հազարավոր տարիներ: Սա փոխադարձ հարգանքի վրա հիմնված ու ժամանակով ստուգված բարեկամություն է, նշեց Հայաստանի արտգործնախարարը: Ըստ նրա՝ հայ-վրացական հարաբերությունները շարունակում են ընդլայնվել՝ ունենալով այնպիսի կապող օղակ՝ ինչպիսին վիրահայությունն է:
Երկու երկրների միջև կնքված ութ տասնյակից ավելի համաձայնագրերը, փոխադարձ շահագրգռվածությունն ու պատրաստակամությունը լավ հիմք են՝ երկկողմ հարաբերությունների զարգացման համար: Հայաստանի ու Վրաստանի արտգործնախարարները հանդիպման ընթացքում պայմանավորվել են առավել ակտիվացնել գերատեսչությունների միջև խորհրդակցությունները:
Հանդիպման ընթացքում բնականաբար չի շրջանցվել նաև ղարաբաղյան խնդիրը: «Ես գործընկերոջս տեղեկացրի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումների մասին: Այս առումով կարևոր է Վրաստանի աջակցությունը միջնորդության միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափի՝ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին՝ ուղղված հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը»,- ասաց Նալբանդյանը։
Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն էլ, խոսելով տարածաշրջանային հակամարտությունների մասին, նշեց, որ կողմերը համամիտ են՝ բոլոր հակամարտությունները պետք է կարգավորվեն խաղաղ ճանապարհով:
Վրաստանի արտգործնախարարն իր խոսքում նաև կարևորեց երկու երկրների գործարարների միջև հարաբերությունների ու տնտեսական համագործակցության զարգացումը։




