Հասարակություն

Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին

տեղադրված՝ 11.37-ին
լրացված՝ 14.29-ին
karenghazaryan

Այսօր Հայաստանի Հանրապետության 10-րդ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան հերթական տարելիցն է: Տարիներ են մեզ բաժանում պետական, քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանից, սակայն դա ոչինչ չի փոխել նրան ճանաչողների հուշերում, նրա խոսքով ու գործով ապրողների, կիսատ թողած իղձերը շարունակողների համար: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցի առթիվ այսօր Կոմիտասի անվան պանթեոն նրա շիրիմին են այցելել Հանրապետական կուսակցության ղեկավար, Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը` գործող վարչապետ Հովիկ Աբրահամյանի, կառավարության անդամների, ԱԺ պատգամավորների, այլ բարձրաստիճան պաշտոնյանների ուղեկցությամբ: Հանրապետության 10-րդ վարչապետի հիշատակին հարգանքի տուրք են մատուցել նաեւ հազարավոր քաղաքացիներ. նրանք, ում համար Անդրանիկ Մարգարյանը եղել էր նվիրված հայր ու ամուսին, սրտացավ ընկեր ու պարզապես իր ժողովրդի հոգս ու ցավով ապրող ղեկավար:

 

 

Պանթեոնում այսօր առավոտյան Անդրանիկ Մարգարյանի հիշատակին հոգեհանգստյան պաշտոն մատուցվեց` ձեռամբ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի:

«Անդրանիկ Մարգարյանը կմնա միշտ որպես հայրենասիրության հետագծի առաքելության ջահակիր եւ իր լույսը կտարածի սերունդների միջոցով, նրան հետեւողների միջոցով, հարազատների միջոցով. ամեն տեղ, որտեղ կան գաղափարապաշտ մարդիկ, որտեղ կան տեսլական ունեցող մարդիկ, որտեղ կան փնտրող ու գտնող մարդիկ»:

Հայաստանի երորդ հանրապետության 10-րդ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը 2000-ին վարչապետի պաշտոնը ստանձնեց քաղաքական լարված ու անկայուն ժամանակաշրջանում: Շատերն են այս հանգամանքը հիշում՝ գնահատելով, որ նա դարձավ քաղաքական հաշտարար` ընդդիմության և իշխանական ուժերի միջև: Վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Անդրանիկ Մարգարյանին դա աստիճանաբար հաջողվեց եւ դա նա կարողացավ անել նաեւ իր մարդկային որակների շնորհիվ: Այդ որակներն ամենալավն է տեսել ու զգացել երկվորյակ քույրը, ով ամենաշատն է կապված եղել երկվորյակ եղբոր հետ:

Ինչի մասին համեստորեն լռում են հարազատները՝ գիտեն ու բարձրաձայնում են նրան ճանաչած ուրիշ մարդիկ՝ ընկերներ, կուսակիցներ, պարզապես ճանաչողներ: ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի խոսքով, օրինակ, այսօրվա քաղաքական դաշտում զգալի է մարդկային այն որակների պակասությունը, որ ուներ Անդրանիկ Մարգարյանը:

 

Վազգեն Կարախանյանը Անդրանիկ Մարգարյանի ընկերն է եղել շուրջ 40 տարի: Ասաց նաեւ, թե մեծ ցավ է ապրում, որ իր կողքին չէ ու միաժամանակ հպարտանում, որ ունեցել է նման ընկեր: Հիշելու ու պատմելու շատ բաներ կան, որոնք բնութագրում են Անդրանիկ Մարգարյան-ընկերոջն ու մարդուն:

Հումորի զգացումը շատ է օգնել ամենադժվար կացություններում: Հանրապետական պատգամավոր Գագիկ Մելիքյանը հիշեց, թե ինչպիսի մարդկային ձեւով էր դիտողություններ անում, որ որեւէ մեկին հանկարծ անձնապես չվիրավորեր: Շատ են եղել նաեւ պահերը, որ իսկապես օգտակար խորհուրդներ էր տալիս հումորով: Անդրանիկ Մարգարյանի վարչապետության օրոք, Գագիկ Մելիքյանի խոսքով, կար մի ընդհանուր բան` պայմանավորված հենց Մարգարյան- վարչապետի բնավորությամբ:

Իր առաքինի տեսակով Անդրանիկ Մարգարյանը մեծ հետք թողեց ոչ միայն քաղաքական, հասարակական դաշտում, այլեւ բարոյական՝ շեշտեց ՀՀԿ երիտասարդ սերնդի ներկայացուցիչներից ԱԺ փոխխոսնակ Էդուրադ Շարմազանովը:

Միմյանց հանդեպ սիրով, հարգանքով եւ միայն գործերով է հնարավոր հասնել երկրի հզորացմանը — Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ սա է երիտասարդ կուսակիցների համար Անդրանիկ Մարգարյանի թողած կարեւոր ամենագլխավոր դասը:

Կարդացեք նաև

Back to top button