Հասարակություն

Հայաստանում Ճառագայթային բուժման ժամանակակից կենտրոն կստեղծվի

hasmikdilanyan
Կառավարության նիստի սկզբում վարչապետը էկոնոմիկայի ու ֆինանսների նախարարությանը հանձնարարել է Վերահսկիչ պալատի հետ միասին  ուսումնասիրել սոցիալական  փաթեթի շրջանակներում ՀՀ-ում ու ԼՂՀ-ում հանգստի կազմակերպման հետ կապված մտահոգությունները։ Դեղերի շուկայում մոնիթորինգը ավարտված է: Արդյունքները կրկին կառավարության նիստի սկզբում են ներկայացվել: Դե իսկ կառավարության այսօրվա նիստի օրակարգում  շուրջ երեք տասնյակ  հարցեր էին: Առողջապահության ոլորտում ընթացող բարեփոխումների և իրավական դաշտի ներդաշնակեցմամբ պայմանավորված՝ կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Նախատեսվում է Վանաձորի թիվ 4 պոլիկլինիկան միավորել Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկային, իսկ Կուրթանի, Ագարակի, Գյուլագարակի, Գարգառի առողջության առաջնային պահպանման կենտրոնները միավորել Ստեփանավանի բժշկական կենտրոնում: Ըստ հիմնավորման՝ բուժօգնության օպտիմալացման արդյունքում խնայված ֆինանսական միջոցները կուղղվեն բժշկական կազմակերպությունների զարգացմանը` սարքավորումների ձեռքբերում, բուժանձնակազմի, շենքային պայմանների բարելավում:

 

Դեղերի շուկան հայրենի կառավարության ուշադրության կենտրոնում. առողջապահության նախարարությունը վարչապետի հանձնարարականով  ուսումնասիրություններ է կատարել 54 անուն դեղերի շուկայում:

2016 թվականի մարտին 2015 թվականի դեկտեմբերի համեմատությամբ նվազել են միջին հաշվով 1.4%-ով: Ընդ որում՝ դրանցից 47 անվանում ունեցող դեղերի միջին շուկայական գները նվազել են շուրջ 4%-ով, իսկ 7-ի գները բարձրացել են շուրջ 3%-ով: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը  առողջապահության նախարարին հանձնարարեց դեղերի շուկան ուշադրության կենտրոնում պահել:

Հայաստանում  Ճառագայթային բուժման  ժամանակակից  կենտրոն  կստեղծվի:  Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի փոխանցմամբ, նախագծի ընդունումը պայմանավորված է  Ուռուցքաբանության  գերազանցության կենտրոն ստեղծելու կառավարության որոշմամբ , ինչպես նաև   չարորակ նորագոյացություններով   հիվանդացության  թվի  տարածվածության ու մահացության էական աճով:

Ոլորտի պատասխանատուի խոսքով,   ճառագայթային բուժումը չարորակ նորագոյացությունների բուժման առավել տարածված ու ծախսարդյունավետ մեթոդներից է: ,Այն  ցուցված է չարորակ նորագոյացություններով հիվանդների մինչև 50 տոկոսին: Մուրադյանի խոսքով,   ճառագայթային բուժումը  ՀՀ-ում իրականցվում է ընդամենը երկու բուժհաստատությունում, որոնք չեն կարող ապահովել անհրաժեշտ պահանջարկը և որոնց տեխնիկական հագեցվածությունը բավարար չէ:

Հայաստանում  Ճառագայթային բուժման  ժամանակակից  կենտրոն  ՓԲԸ-ն  հագեցած կլինի ժամանակակից բուժման ու ախտորոշիչ սարքավորումներով:

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն արդեն կառավարության նիստից հետո հստակեցրեց.«Կենտրոնը 100 տոկոսով պետական մասնակցությամբ ընկերություն է լինելու, որի բաժնետոմսերի կառավարումը կպատկանի առողջապահության նախարարությանը»:

Կառավարությունը «ԲԱԳԵԶՅԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ  ընկերությանը «Մերիդիան» ազատ տնտեսական գոտում շահագործողի թույլտվություն  տրամադրեց: Ոսկերչական ոլորտում հայտնի ընկերությունը  9 տարվա ընթացքում խոստանում է 68 մլն 500 հազար ԱՄՆ դոլարի ներդրում, իսկ  առաջիկա 5 տարիներին՝ առնվանզ 70 նոր աշխատատեղ՝ 250-500 դոլար աշխատավարձով:  Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի տեղեկացմամբ, մինչ այժմ մեր երկրում գործող  ազատ երկու՝ Ալյանս ու Մերիդիան  տնտեսական գոտիներում   կաշխատեն տասը շահագործող ընկերություններ,  ներդրումների ծավալը՝ 101,2 մլն ԱՄՆ դոլար է կազմելու, կստեղծվի շուրջ 450 աշխատատեղ:

Գյուղական համայնքները դժվարանում են վերադարձնել  իրենց այսպես ասենք բարեկեցության համար տրամադրած գումարները: Բարեկեցությունն այս դեպքում  գազիֆիկացմումն է:  2012թ   ֆինանսների նախարարությունը   249 մլն 300 հազար դրամի չափով գումարը տրամադրել է էներգախնայողության հիմնադրամին, վերջինս էլ  այն փոխանցել է գյուղական համայնքներին: Մինչև 2015թ դեկտեմբերի 31- ը գումարները պետք է վերադարձված լինեին: Սակայն պարտքը մարել են  միայն  Ուջան ու Պտղավան գյուղերը,  այն էլ՝  մասամբ: Տարածքային կառավարման ու  զարգացման նախարար Դավիթ Լոքյանն առաջարկեց  երկարաձգել գումարների վերադարձի  ժամկետը մինչև տարեվերջ:  Հովիկ Աբրահամյանը կարծում է, որ հարցը պետք է խորքային  քննարկել , ապագա ծրագրերի մասով նույնպես կան պարտավորություններ, որ համայնքները չեն կատարում: Խնդիրներ են լինում վարկավորող ու միջազգային կազմակերպությունների հետ:

Մոտ հինգ մլն դոլարի աշխատանքներ չեն  սկսվում, քանի որ համայնքների կողից համաֆինանսավորումը չի կատարվում:

Կառավարությունը հաստատեց նաև  Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի զարգացման 2016 թվականի համալիր ծրագիրը, որի նախագիծը ներկայացնելուց հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանը  հիշեցրեց, որ 2015-ին կոմիտեն  բյուջեն ամբողջությամբ չի կատարել, մտավախություն կա, որ այս տարի էլ նույնը կլինի: Կառավարությունից ակնկալիք չունենաք, ասաց վարչապետը:

Վայոց ձորի մի շարք ճանապարհներ, ինչպես նաև Սյունիքի մարզի   Գորիս- Կապան ավտոճանապարհը անմխիթար վիճակում է, կառավարության նիստում հայտարարեց  վարչապետ Հովիկ  Աբրահամյանն ու  տրանսպորտի ու կապի փոխնախարարին հանձնարարեց  գործընթացն արագացնել: «Մենք որևէ լրացուցիչ գումար չենք հատկացնելու»,- տեղեկացրեց կառավարության ղեկավարը,- «238 մլն դրամ է անհրաժեշտ, սակայն, տրանսպորտի ու կապի նախարարությունն աշխատանքները կիրականացնի  մրցույթներից տնտեսած գումարների հաշվին»:

Կարդացեք նաև

Back to top button