
տեղադրված՝ 09.11-ին
լրացված՝ 15.44-ին

Մարտի 24-ը տուբերկուլյոզի դեմ պայքարի օրն է: Տուբերկուլյոզ կամ թոքախտ վարակիչ հիվանդությամբ հիմնականում տառապում են դեռահասներն ու տարեցները, քանի որ նրանց օրգանիզմն ի վիճակի չէ դիմակայել հիվանդությանը: Սակայն հիվանդությունը բուժելի է, որկ Հայաստանում իրականացվում է պետպատվերի շրջանակներում: Հիվանդացության և մահացության դեպքերի նվազեցման համար առողջապահության նախարարությունը Գլոբալ հիմնադրամի, ԱՀԿ-ի և շահագրգիռ այլ կազմակերպությունների հետ իրակացրել է ծրագրեր, որոնք դրական արդյունք են տվել: Այսօր էլ կառավարությունը հավանության է տվել 2016 -2020 թվականների նախագծին:
Գլոբալ հիմնադրամի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության և շահագրգիռ այլ կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում առողջապահության նախարարությունն անվճար բուժումից բացի՝ բուժման կուրսին ամբողջությամբ հետեւող հիվանդներին տրամադրում է նաեւ ֆինանսական աջակցություն։ Շուրջ 700 հիվանդ այժմ օգտվում է սոցիալական այս աջակցությունից:
Տուբերկուլյոզով հիվանդացությունը բարձր տոկոս է կազմում Ռուսաստանում, որտեղ արտագնա աշխատանքի են մեկնում հայ միգրանտները: Այնտեղից վերադարձած միգրանտների մոտ ախտորոշվող հիվանդությունը մեծ տոկոս է կազմում, նշում է Տուբկենտրոնի ղեկավարն ու հավելում՝ աշխատանքային միգրանտները խնդիր են տուբերկուլյոզի տարածման առումով: 2014 թվականին հայտնաբերված նոր դեպքերի 20 տոկոսը Ռուսաստանից ժամանած միգրանտներն են: Լինում են նաև, որ հիվանդները մեկ-երկու ամիս բուժվելուց հետո կիսատ են թողնում բուժումն ու մեկնում արտագնա աշխատանքի, ինչն էլ ծանր է անդրադառնում նրանց հետագա առողջության վրա։ Շատ դեպքերում տուբերկուլյոզն ուղեկցվում է այլ հիվանդություններով:
Սակայն բուժման լիարժեք կուրսն անցնելուց հետո, հնարավոր է այն լիովին հաղթահարել: Տուբերկուլյոզն այսօր մահավճիռ չէ: Ապացույցը մեր ռեպորտաժի հերոսուհի Մարիամ Դավթյանն է, ում մոտ 2009 թվականին ախտորոշվել է տուբերկուլյոզ և հաղթահարելով երկուսուկես տարվա բուժման կուրսը, Մարիամն այսօր արդեն լիարժեք բուժված է և հիմնադրել է «Տուբերկուլյոզը և ես» հասարակական կազմակերպությունը։ Այն զբաղվում է հիվանդների սոցիալ-հոգեբանական հարցերով, հասարակության իրազեկվածության բարձրացմամբ, 2014 թվականից էլ Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոնում աշխատում է որպես հոգեբան, իսկ այս տարվանից ՄԻԱՎ-ՁԻԱՀ-Ի և Մալարիայի դեմ պայքարի հանձնաժողովում ներկայացնում է տուբերկուլյոզով հիվանդների շահերը: Մարիամը բոլոր հիվանդներին հորդորում է հետևել սեփական փորձին՝ դժվարությունները դիտարկել որպես հնարավորություն:
Եղել են նաև դեպքեր, երբ տուբերկուլյոզի ախտորոշումից հետո մարդը հրաժարվել է բուժումից, որպեսզի շրջապաատը չիմանա հիվանդության մասին։ Սակայն, ըստ Հայրապետյանի, նման դեպքերը տարեց տարի քչանում են: Նրանց հետ աշխատում են կենտրոնի հոգեբանները: Բացի այդ կա մշակված բուժման մի քանի մոդել: Եթե հիվանդը հրաժարվում է հիվանդանոցային բուժումից, այն կազմակերպվում է տնային պայմաններում: Հիվանդությունը տարածված է հիմնականում 25-ից 55 տարեկանների շրջանում, իսկ երեխաների մոտ, ինչպես որ մեծահասակների, տարեց տարի իջնում է հիվանդացության մակարդակը: 2015 թվականին արձանագրվել է մանկական հիվանդացության 31 դեպք: Այս տարիներին, բարեբախտաբար, երեխաների մահացության դեպքեր չեն արձանագրվել, հավելեց կենտրոնի ղեկավարը:
Տանն էլ մեծահասակներից հիվանդ լինելու դեպքում երեխաներին Տուբկենտրոնն ուղեգրում է Դիլիջանում գործող առողջարանային կենտրոն: Տուբերկուլյոզի հիվանդացության կառավարման և այդ ոլորտում առկա ցուցանիշների բարելավման նպատակով այսօր կառավարությունը հավանություն է տվել տուբերկուլյոզի կառավարման 2016-2020թթ-ի ազգային ծրագրին, որով նախատեսված են հիվանդության դեմ պայքարի ռազմավարական նպատակները։
Ըստ կենտրոնի ղեկավար Արմեն Հայրապետյանի՝ զինված ուժերում և քրեակատարողական հիմնարկներում իրավիճակը նույնպես բարվոք է: Դեպքեր արձանագրվում են, սակայն դրանք բավականին ցածր են:




