
Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ
Այսօր Արցախում նշում են Շուշիի 1920 թ. կոտորածների հերթական տարելիցը: Շուշիի Սբ. Ամենափրկիչ եկեղեցում թեմակալ առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը հոգեհանգստյան կարգ է կատարել: Երիտասարդները բողոքի երթ են կազմակերպել:
«Իրողությունն այն է, որ երեսունհինգ հազար հայերից Շուշիում չի մնացել ոչ մեկը: Առուներում այսուայնտեղ կարելի է տեսնել կանանց վարսափնջեր` նրանց վրա չորացած սև արյան հետ միասին: Երևակայության ունեցող մարդն այստեղ դժվար կշնչի. գնում ես, գնում, գնում ծխաթակ պատերի, ավելի ճիշտ` նրանց բեկորների մոտով, շտապում ես հեռանալ և վախենում ես, թե երբեք դուրս չես ելնի»,- տողերի հեղինակը Մարիետտա Շահինյանն է։ Գրել է 1926-ին:
Պատմաբան Մհեր Հարությունյանը Շուշիից է: Հիշում է` իր մանկության օրերին հայկական թաղամասի ավերակները դեռ կանգուն էին.«80-ականների սկզբին տրակտորներով, բուլդոզերներով քանդեցին: Տեղում անշուք բազմահարկեր կառուցեցին»: Մհերը 44 տարեկան է:Ասում է, որ ոչ ծնողներից, ոչ ուսուցիչներից կոտորածների մասին չի լսել: Լսել է տարեկից ադրբեջանցիներից, ովքեր այդ մասին խոսում էին հպարտությամբ:
1920 թվականի մարտի 23-ի իրադարձությունները, փաստորեն, հայկական Շուշիի կորստի սկիզբն էր: Խորհրդային կարգերի հաստատումից հետո, որոնց ջատագովների շարքում կոտորածների կազմակերպիչներից Խոսրովբեկ Սուլթանովն էր, հայերից քչերը վերադարձան Շուշի, չիրականացավ նաև Բերդաքաղաքը մարզի կենտրոն տեսնելու հայերի երազանքը:
1992 թվականի մայիսի 9-ին բերդաքաղաքը ազատագրվեց: Որ հայկական Շուշիի վերակերտման ճանապարհին սխալներ են թույլ տրվել, Արցախի իշխանությունները խոստովանում են: Իրագործվել են նաեւ մի շարք ծրագրեր, սակայն անելիքների մեծ մասը դեռ առջեւում է: Շուշիում այսօր էլ շինարարական աշխատանքներ են կատարվում, շենքեր եւ ենթակառուցվածներ են վերականգնվում, սակայն քաղաքի պատմական հուշարձանների վերականգնումը մնում է խնդիր։ Մի կողմից պետական հնարավորությունները առայժմ մարդկանց համար կենսապայմանների ապահովմանն են բավարարում, մյուս կողմից՝ շենք-շինությունների վիճակն է վատթարանում:
Արցախի կառավարության ղեկավարի խոսքով՝ բոլոր բնագավառներում քայլերը համադերելով՝ հնարավոր կլինի ինչ-որ արդյունքի հասնել, սակայն առանց քաղաքում բիզնես միջավայրի ձեւավորման եւ ներդրումների ներգրավման խնդիրները չեն լուծվելու:
Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանի խոսքով` որպեսզի Շուշին վերականգնի իր կրթա-մշակութային կենտրոնի համբավը, զարգացում պետք է ապահովվի բոլոր բնագավառներում: Քաղաքային կյանքը վերականգնելու ուղիներից մեկը, որը որդեգրել է իշխանությունը, պետական հիմնարկները Շուշի տեղափոխելն է: Կառավարության ղեկավարը խոստովանում է, որ գործընթացը հեշտ չէ:
Ի դեպ, ինքը, Արայիկ Հարությունյանն օրերս հայտարարել է, որ մոտ ապագայում պատրաստվում է բնակություն հաստատել Շուշիում:Պետական հիմնարկներից այսօր Շուշիում են միայն մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը: Տեղափոխվել է նաեւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մասնաճյուղը, բացվել է Եզնիկ Մոզյանի անվան արհեստագործական ուսումնարանը։Շուտով նաեւ Շուշիի տեխնոլոգիական համալսարանն է գործելու: Շուշեցիներն իրենք էլ խոստովանում են, որ դրանով քաղաքային կյանքը նոր նկարագիր է ստանում։
Այսօր հենց Շուշիի ուսանողությունն էր կոտորածների դատապարտման կոչերով փողոց դուրս եկողը: Շուշիի Ամենափրկիչ եկեղեցում հոգեհանգստայն կարգի ավարտին Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը այսօրվա մարտահրավերների մասին է խոսել եւ աղոթել:




