Հասարակություն

Ինչպիսի՞ն են գները Զատկի նախօրեին. «Ռադիոլուրի» այցը շուկաներ

sonahakobyan

Սուրբ Հարության տոնին ընդառաջ կանաչեղենի, ձվի և ձկնամթերքի առևտուրն ակտիվանում է, ինչը բնական է: Բայց արդյո՞ք այս պահանջարկն ազդում է նաև նշված մթերքների շուկայական գների վրա: «Ռադիոլուրը» շրջեց երևանյան շուկաներում՝ պարզելու ձվի, ձկան եւ կանաչեղենի գները:

 

Ի՞նչ զատկի սեղան՝ առանց ձկան։ Ձկնաարտադրողները հերքում են այն լուրերը, թե Հայաստանում ձկնաբուծության մեջ հորմոնալ հավելումներ են օգտագործվում։ «Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միասնություն» ՀԿ նախագահ Արթուր Աթոյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում վստահեցնում է՝ քաղաքացիների մտահոգություններն անհիմն են։ Ասածը հիմնավորում է՝ ձկան կերը ներմուծվում է հիմնականում եվրոպական երկրներից, որտեղ մանրակրկիտ ստուգումներ է անցնում. ԵՄ երկրներն արգելում են հորմոնալ հավելումների օգտագործումը:

Զատկի սեղանի անբաժանելի մասն են նաեւ ձուն եւ կանաչեղենը։ «Ռադիոլուրին» մտահոգող հաջորդ հարցը նշված մթերքների գինն է։ Արդյո՞ք այս օրերի մեծացող պահանջարկն ազդում է դրանց շուկայական գների վրա: Շրջեցինք երևանյան շուկաներում։ Պարզվեց, որ թեև Զատկին  մնացել են հաշված օրեր, շուկայում գնաճ չի նկատվում:

Նույն իրավիճակն էր նաև ձվի շուկայում: Ինչպես մեկ շաբաթ առաջ, այնպես էլ այսօր ձվի գինը տատանվում է 55-65 դրամի սահմաններում: Խոսքը արտադրական ձվի մասին է: Թեև տնական ձվի գինը ևս չի փոխվել:

Թերևս միայն կանաչեղենն է թանկացել, այն էլ ցրտահարությունն է պատճառը, պարզաբանում են վաճառողները:

Նշենք, որ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովն էլ իր հերթին պետք է ուսումնասիրեր նախատոնական շուկան: «Ռադիոլուրը» փորձեց պարզել, թե ինչ արդյունքներ է արձանագրել հակամենաշնորհային մարմինը: Հանձնաժողովի նախագահի մամուլի քարտուղարը խոստացավ ավելի ուշ պատասխանել մեր հարցերին։ Իսկ ավելի ուշ՝ մեր զանգերն անպատասխան մնացին:

Կարդացեք նաև

Back to top button