

2016 թվականի հունվարից Հայաստանը դարձել է Եվրոպայի խորհրդի Եվրիմաժ հիմնադրամի լիիրավ անդամ: ԵՄ 47 պետություններից այս կազմակերպությանն անդամակցում են 37-ը: Լինելով Եվրոպայի խորհրդի համատեղ աջակցության հիմնադրամ՝ Եվրիմաժը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում երեք ուղղություններով՝ համատեղ ֆիլմարտադրություն, կինովարձույթ և ցուցադրություն: «Հայաստանի անդամակցությունը Եվրիմաժին կնպաստի համատեղ ֆիլմարտադրությանը, կաջակցի եվրոպական շուկաներում ֆիլմերի վարձույթի և ցուցադրության գործընթացներին»,-Մշակույթի նախարարությունում տեղի ունեցած մամոիլի ասուլիսում այսօր նշել է մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը:
Եվրոպայի խորհրդի Եվրիմաժ հիմնադրամը կինոարտադրության ոլորտում եվրոպական ամենախոշոր հիմնադրամն է, որի տարեկան բյուջեն կազմում է մոտ 25 միլիոն եվրո: Եվրիմաժին անդամակցելու գործընթացը Հայաստանը սկսել էր դեռ 2006 թվականին, սակայն անդամակցությունն իրականություն դարձավ միայն տասը տարի անց: Սույն թվականի հունվարին Հայաստանը դարձավ հիմնադրամի լիիրավ անդամ: Ինչ կտա սա հայ կինոյին և կինոարտադրությանը:
«Եվրիմաժը բաց դուռ է հայ կինոգործիչների առջև և եվրոպական կինոընտանիքին մաս կազմելու հրաշալի հնարավորություն»,-ասում է Եվրիմաժ հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Սուսաննա Հարությունյանը: Եվրիամաժում Հայաստանի երկրորդ ներկայացուցիչը «Ռեանիմանիա» փառատոնի հիմնադիր Վրեժ Քասունին է:
Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան Հայաստանի ներկայությունը Եվրիմաժում ողջունում է ոչ միայն որպես եվրոպական կառույցի ներկայացուցիչ, այլև որպես կինոյի մեծ սիրահար:
Նատալյա Վուտովան մեջբերում է, իր բնորոշմամբ, հայ հանճարի՝ Փարանջանովի խոսքերը.«Ամենասարսափելին այն է, որ թույլ ես տալիս, որպեսզի գեղեցկությունն անցնի կողքովդ: Իսկ կինոն գեղեցկությունը բաց չթողնելու հրաշալի հնարավորություն է»: Հավելենք, որ Եվրիմաժին հայտեր ներկայացնելու պայմաններին կարելի է ծանոթանալ ՀՀ մշակույթի նախարարության, ինչպես նաև Ազգային կինոկենտրոնի կայքէջերում:




