
Մինսկի խմբի համանախագահների վերջնական նպատակը և գլխավոր առաջնահերթությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայուն լուծումն է: Այս մասին հայտարարել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը` «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում: «Հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը մեծ անհանգստության առիթ են մեզ համար: Նախորդ տարի հունվարին գրանցված բախումները ռեկորդային էին հրադադարի կնքումից ի վեր: Ամենամտահոգիչը խաղաղ բնակչության կրած կորուստներն են: Մենք քննադատում ենք ծանր հրետանու գործածումը»,-նշել է Ուորլիքը:
ՄԽ համանախագահները մարտի սկզբին Թբիլիսիում մասնակցել են խորհրդակցության, որը հրավիրվել էր «Հաշտեցման միջոցներ» կազմակերպության ջանքերով: Ներկայացված են եղել թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմերը։
Ինչ վերաբերում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի և դեմոկրատ գործիչ Էլիոթ Էնգելսի առաջարկների ծրագրին` Հայաստան-Ադրբեջան սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանման վերաբերյալ, Ուորլիքը նշել է, որ Մինսկի խումբն աջակցում է առաջարկությանը: «Թեև վերջնական նամակը դեռ չենք տեսել, սակայն առաջարկները, որ արվել են Էդ Ռոյսի կողմից, ստացել են ՄԽ համանախագահների աջակցությունը, այն պետք է աջակցություն ստանա բոլոր կողմերից: Մենք պահանջում ենք զինադադարի պահպանում»,-ասել է ՄԽ ամերիկացի համանախագահը:




