ԿարևորՄիջազգային

Բելգիայում երեք պայթյուն է որոտացել, քաղաքում արտակարգ դրություն է (լրացված)

տեղադրվել է 12։41- ին
վերջին լրացումը ժամը 18։18- ին

marlenahovsepyan

Բրյուսելը կաթվածահար է, Եվրոպան ապրում է արտակարգ ռեժիմով: Ահաբեկչական հարձակումների թիրախում այսօր կրկին հին աշխարհամասն է:Առաջին երկու պայթյունները՝ վաղ առավոտյան Զավենտեմ միջազգային օդանավակայանում. Նախ՝ տեղեկություն տարածվեց, թե ռումբերը հնարավոր է եղել են ուղեբեռում, սակայն ոստիկանությունն ավելի ուշ հստակեցրեց. մահապարտ ահաբեկիչները դրանք գործի է դրել չարտերային չվերթերի սրահում՝ «Ամերիկյան ավիաղուղիների» չվերթի գրանցման սեղանի մոտ:

Ականատեսները պատմել են, որ մինչ պայթյունը հնչել են նաևւ կրակոցներ, բացականչություններ՝ արաբերենով: Մեկ ժամ էլ չանցած որոտաց երրորդ պայթյունը Բրյուսելի մետրոյի Մելբեկ կայարանում: Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը մոտենում է երեք տասնյակին, վիրավորների թիվն անցնում է 130-ը:

Զոհերի թիվը կարող էր շատ ավելին լինել, ահաբեկչություններից հետո Բրյուսելի միջազգային օդանավակայանում հայտնաբերվել և վնասազերծվել է Շահիդի երեք գոտի, պայթուցիկներ են վնասազերծվել Բելգիայի մայրաքաղաքի մի քանի թաղամասերում: Թագավորությունում հայտարարված է արտակարգ դրություն, երկիրը փակել է սահմանները, դադարեցվել է երկաթուղային հաղորդակցությունը, միջազգային օդանավակայանի, քաղաքային տրանսպորտի, այդ թվում մետրոյի աշխատանքը: Փակ են դպրոցներն ու մանկապարտեզները: Ոստիկանությունը հորդորել է բնակչությանը մնալ տներում: Տարհանվել են Բելգիայի թագավոր Ֆիլիպն ու թագուհի Մաթիլդան:

Երեքշաբթի՝ մարտի 22-ը, սև օր է Բելգիայի պատմության մեջ:Այն, ինչից մենք վախենում էինք, տեղի ունեցավ, հայտարարել է այդ երկրի վարչապետ Շարլ Միշելը: Վարչապետը նաև ասել է, որ Բելգիային սպառնում են նոր ահաբեկչական հարձակումներ:

Եվրոպական երկներում,  միջազգային կառույցների կենտրոնական գրասենյակներում հնարավոր նոր հարձակումները կանխարգելելու նպատակով խստացվել են անվտանգության միջոցառումները: Մեծ Բրիտանիայի, Դանիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի ոստիկանությունը նույնպես անվտանգության խստացված միջոցառումներ է իրականացնում օդանավակայաններում և հասարակական վայրերում:

Փարիզի իշխանությունները նույնպես ուժեղացրել են անվտանգության միջոցառումները։ Ֆրանսիայի նախագահն այսօր հրավիրել է արտակարգ խորհրդակցություն՝ հայտարարելով ահաբեկչությունն այսօր սպառնում է ողջ Եվրոպային: Բելգիայի իշխանությունները շարունակում են ցավակցություններ ստանալ աշխարհի տարբեր ծայրերից: Բարձրաստիճան պաշտոնյաները շարունակում են դատապարտել Բելգիայի ահաբեկչությունը:Դե իսկ ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին չի կարողացել զսպել արցունքները Բրյուսելում ահաբեկչությունների վերաբերյալ հայտարարության ժամանակ։

Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Կա՞ արդյոք փարիզյան հետք բրյուսելյան ահաբեկչություններում: Պայթյուններից անմիջապես հետո աշխարհի լրատվամիջոցներն սկսեցին շրջանառել տեղեկություն, թե Բյուսելում այսօրվա հարձակումները կարող են կապ ունենալ օրերս փարիզյան ահաբեկչությունների կազմակերպիչ Սալահ Աբդեսլամի ձերբակալության հետ: Նրան, ինչպեսև ևս 4 ահաբեկչի մարտի 18-ին ձերբակալել էին հենց Բելգիայում՝ Մոլենբեկի շրջանում։ Բելգիայի ներքին գործերի նախարար Յան Յամբոնը երեկ հայտարարել էր. այս ձերբակալությունները կարող են հրահրել մյուս ահաբեկիչներին ակտիվ գործողությունների:

Ընդամենը մի քանի օր առաջ աշխարհի ուշադրությունը սեւեռված էր Ստամբուլի վրա, որտեղ ևս  տեղի ունեցան արյունալի ահաբեկչություններ: Միացյալ Նահանգների հետախուզությունը մոտ 10 օր առաջ էր նախազգուշացրել ահաբեկչական վտանգի բարձր աստիճանի մասին՝ մատնանշելով ոչ միայն Թուրքիան, Ռուսաստանն ու Եվրոպան:

Կարդացեք նաև

Back to top button