

ԱԺ- ում այսօր ուշադրության կենտրոնում գիտությունն էր։ Լսումների միջոցով խորհրդարանականները փորձել են հասկանալ ոլորտի խնդիրները, հեռանկարային ծրագրերն ու հետագա անելիքները։ Ինչու ենք մեր մասնագետներին սկուտեղի վրա մատուցում այլ երկրներին, հարցի պատասխանը փորձել է տալ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը: ԱԺ-ն իր հերթին ոլորտի համար ոչինչ չի անում, ահազանգել է ընդդիմադիր պատգամավոր Արամ Մանուկյանը՝ մեջբերելով անցած նստաշրջանից մի ցուցանիշ: Ընդունվելէ 115 օրենք, որից միայն 4-ն են առնչվել դիտարկվող ոլորտին, այլն էլ՝ մասնակի:
Որպես հրավիրված պրոֆեսոր Ֆլորենցիայի համալսարանում դասավանդելու համար Սամվել Հարությունյանը ստանում էր 4 հազար դոլար: Չորս տարի հետո նա վերադարձավ Հայաստան եւ որպես ԵՊՀ Մոլեկուլային ֆիզիկայի ամբիոնի վարիչ սկսեց ստանալ 30 հազար դրամ: Գիտության պետական կոմիտեի նախագահն իր օրինակով շատ լավ գիտակցում է, թե ինչն է այսօր Հայաստանում «ուղեղների արտահոսքի» հիմնական պատճառը:
Հայաստանում այսօր գործող 83 գիտական հիմնարկների 8 500 գիտաշխատողների միջին աշխատավարձը 85-90 հազար դրամ է: Բայց այս ոլորտում ճիշտ չէ խոսել միջինացված թվերով, կարծում է Սամվել Հարությունյանը:
Բարեկամ, ծանոթ, խնամի …. այս սկզբունքները դեռ գործում են Հայաստանում աշխատանքի տեղավորվելիս: Որոշ դեպքերում՝ լավագույն ծանոթը կոնկրետ սահմանված գումարն է։ Այս տարի բժշկական համալսարանն ավարտող Քրիստինե Դովլաթյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնեց իր ցանկությունը՝ պաշտպանել գիտական թեզ եւ անցնել աշխատանքի։ Բայց առաջնային ցանկությունն է՝ մասնագիտական հմտություներ ձեռքբերել արտերկրում:
Մինչեւ 35 տարեկան մասնագետների արտագաղթը պետության համար, անշուշտ, լուրջ խնդիր է, խոստովանում է Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը: Կոմիտեն մի շարք կարեւորագույն ծրագրեր է մշակում գիտության երիտասարդացման համար: Այդ ծրագիրը դեռ պատրաստվում են ներկայացնել կառավարությանը:
Իսկ գիտությունը վերջապես առեւտրականացնելու նպատակով շուրջ 20 ծրագիր արդեն ներկայացրել են Էկոնոմիկայի նախարարությանը: Այդ ծրագրերից մի մասը հայկական կողմը պատրաստվում է առաջարկել ՌԴ- ին՝ համատեղ արտադրություն հիմնելու ակնկալիքով:
Գիտությանը օգնելու հարցում օրենսդիր իշխանությունը դեռեւս ոչնչով աչքի չի ընկել, կարծում է ընդդիմադիր պատգամավոր Արամ Մանուկյանը՝ ներկայացնելով անցած նստաշրջանից որոշ թվեր՝ ընդունվել է 115 օրենք, որից միայն 4-ն են առնչվել գիտությանը, այն էլ՝ մասնակի:
Ի դեպ՝ Սամվել Հարությունյանն այսօր նշեց, որ հեռահար նպատակներում գիտական 83 հիմնարկների թվի կրճատումն է եւ պետական ֆինանսավորումը՝ ըստ աշխատանքի արդյունավետության: Որպես հավելում՝ Գիտության պետական կոմիտեի նախագահը կարծիք հայտնեց, որ Հայաստանի համար շատ է նաեւ պետական բուհերի թիվը. 17-ից դրանք առավելագույնը պետք է հասցվեն 7-ի, կարծում է ոլորտի մասնագետը:




