
տեղադրված 13.51-ին
լրացված 15.24-ին

Հայաստանում անտառների վիճակը վատացել է, դրանք նոսրացել են, Անտառների պահպանության միջազգային օրվան ընդառաջ հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գլխավոր անատառապետ Ռուբեն Պետրոսյանը: Նրա տեղեկացմամբ, սակայն, մեր երկրում անտառածածկ տարածքներն էականորեն չեն նվազել: Պաշտոնյան հայտարարել է, որ 2015-ին 2014-ի համեմատությամբ սոցիալական գործոնով պայմանավորված ապօրինի ծառահատումների թիվն ավելացել է: «Ամենաքիչը ծառերը հատվում են ոչ արտադրական նպատակով, անգամ շինափայտը չի վաճառվում»,- վստահեցնում է Պետրոսյանը: Բնապահպանները Հայաստանի անտառների, այսպես ասենք, ճակատագրով մտահոգ են:
«Գազի ու էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմամբ պայմանավորված՝ Հայաստանում ավելացել է ապօրինի ծառահատումների թիվը»,-ասում է ՀՀ ԳՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գլխավոր անատառապետ Ռուբեն Պետրոսյանը: Պաշտոնյայի խոսքով՝ 2014-ին 1043 ծառահատում են արձանագրել, 2015-ին՝ 1972: Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանը մեր երկրի սոցիալական խնդիրներից տեղյակ է:
Այն, որ մեր հայրենակիցները ձմռանը բնակարանը նախընտրում են փայտով ջեռուցել, «Ռադիոլուրն» արդեն անդրադարձել է: Տավուշի մարզի գյուղական ու նաև Դիլիջան քաղաքային համայնքի բնակիչները, սակայն, վստահեցնում են՝ ոչ թե անտառներն են հատում, այլ օգտվում իրենց տրված իրավունքներից:
Հիշեցնենք, կառավարության որոշմամբ, ոչ արտադրական նպատակով մթերվող թափուկ վառելափայտն անտառների անմիջական հարեւանությամբ գտնվող բնակավայրերի բնակիչներին անվճար է տրամադրվում: Որոշմամբ, անտառամերձ բնակավայրերի մոտ 60 հազար ընտանիքներ ապահովվում են անվճար թափուկ վառելափայտով: Նշենք, որ նախկինում թափուկ վառելափայտի 1 խոր. մետրը գյուղացիներին տրամադրվում էր 1200 դրամով։
«Ապօրինի ծառահատումների հետ կապված, օրենսդրությունը բավականին խիստ է», -վստահեցնում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գլխավոր անատառապետը, որպես օրինակ, հետևյալը մատնանշում,- Կարմիր գրքում գրանցված 50 սմ տրամագիծ ունեցող ծառ հատելիս տուգանքը կազմում է մինչև 1500 ԱՄՆ դոլար»:
Ռուբեն Պետրոսյանը վստահեցնում է՝ վերջին տասը տարվա ընթացքում մեր երկրում 30 հազար հա տարածքում անտառվերականգնման աշխատանքներ են իրականացրել, 2015-ին միայն 30 հա անտառ են տնկել: Աշխատանքներ տարվում են, սակայն, դրանից անտառների վիճակը չի լավանում:
Տարիներ շարունակ Հայաստանում անտառներ են հատվում, սակայն վերականգնումը բավարար չէ, «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է Հայաստանի անտառներ Հ/Կ տնօրեն Նազելի Վարդանյանն:
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի գլխավոր անատառապետ Ռուբեն Պետրոսյանին կադրերի պակասի հարցն է մտահոգում: Նրա փոխանցմամբ, ագրարային համալսարան դիմում են աղջիկները, կամ նոր զորացրվածները: «Համակարգը գրավիչ չէ՝ և ֆինանսական հարթակում, և պատասխանատվության ու աշխատանքային գրաֆիկի:




