Հասարակություն

Աղջիկ լինելու համար երեխայի կյանքն ընդհատելը` նաեւ հոգեւոր խնդիր

lianaeghiazaryan
Հղիության ընդհատումը ոչ մի դեպքում ընտանիքի պլանավորման եղանակ չէ, շեշտում է գինեկոլոգ Լիլիթ Կուջոյանը: Փաստաբան Մարինե Ֆարմանյանն էլ այս առումով նկատում է` այսօր գործող օրենքը, սակայն, կնոջը տալիս է իրավունք` դիմելու աբորտի` այն հիմքով, որ նա կարող է անձամբ որոշել իր ֆիզիոլոգիական վիճակը եւ հղիության ընթացքը: Իսկ օրենքի նոր նախագիծը, որը ներկայացված է ԱԺ քննարկմանը, այլ ասելիք ունի. դրանով արգելք է դրվում հղիության` սեռով պայմանավորված ընդհատման վրա: Որքանով կարդարացվեն օրենքից սպասելիքները, դեռ ժամանակը ցույց կտա: «Ամեն դեպքում` սա մարդ սպանել է, իսկ թե նման խղճի խայթով մարդը ինչպես կարող է ապրել, դա արդեն նրա պատասխանն է Աստծո առջեւ»,-իր հերթին ասում է Տեր Նշան քահանա Ալավերդյանը: 
Հղիության ընդհատումը պետք է լինի բացառապես բժշկի ցուցմամբ, այլապես դրա ազդեցությոնւը կնոջ ֆիզիոլոգիական եւ հոգեկան վիճակի վրա կարող է ճակատագրական լինել. զգուշացնում է գինեկոլոգ Լիլիթ Կուջոյանը: Մայրանալ պատրաստվող օրգանիզմն ի վիճակի չէ միանգամից եւ սահուն հետ կանգնել կատարված հորմոնալ ու պտղի զարգացման փոփոխություններից: Հետեւանքները կարող են լինել շատ տարբեր` գիրություն, հորմոնալ լրջագույն խախտումներ, հետագա անպտղություն: Լիլիթ Կուջոյանը շեշտում է` սա հասարակության գիտակցության, նաեւ գրագիտության խնդիր է, ու չի կարելի մեղավոր փնտրել բժիշկների մեջ: Եթե կինը այնքան անտարբեր է իր ընտանիքի պլանավորման, սեփական առողջության եւ իր ապագա երեխայի կյանքի ընդհատման հարցում, ապա բժշկին այլ բան չի մնում անելու:

«Ի վերջո` բժշկությունն այսօր թույլ է տալիս մինչեւ 90 տոկոս հավանականությամբ ծրագրել պտղի սեռը»,-շեշտում է մասնագետը:

Հղիության ընդհատումը ոչ մի դեպքում ընտանիքի պլանավորման եղանակ չէ, շեշտում է գինեկոլոգ Լիլիթ Կուջոյանը: Թեմային անդրադառնալով` փաստաբան Մարինե Ֆարմանյանն իր հերթին է նկատում` գործող օրենքը կնոջը տալիս է իրավունք անձամբ որոշել իր ֆիզիոլոգիական վիճակը եւ իր հղիության ընթացքը: Սակայն ներկայիս խիստ մտահոգիչ ժողովրդագրական միտումները դրվել են օրենքի նոր նախագծի հիմքում, որը եւ անցյալ տարվանից ներկայացված է օրենսդիր մարմնի քննարկմանը: Նոր օրենքի նախագծում որոշ դրույթներ հիմնովին փոխվել են, նախատեսվում է օրենքով արգելել հղիության` սեռով պայմանավորված ընդհատումները: «Ողջունելի է սա, քանի որ մենք ունենք խիստ մտահոգիչ վիճակագրություն»:

Միաժամանակ, սակայն, փաստաբան Մարինե Ֆարմանյանը որոշ վերապահում ունի օրենքից սպասելիքների առումով: Փորձը ցույց է տալիս, ասում է, որ նման դեպքերում ավելանում են մայրական մահացությունները, քանի որ հղիության ընդհատման կանայք սկսում են դիմել ինքնուրույն` առանց բժշկի հսկողության` դեղերի ու միջոցների սխալ կիրառմամբ: «Միանգամից կտրականապես իրավական արգելքի տակ դնել աբորտը` օրենսդրական նման կարգավորում տալով, կարող է շատ լուրջ խնդիրների հանգեցնել»:

Տեր Նշան քահանա Ալավերդյանը հարցին այլ կողմից է մոտենում: Հղիության ընդհատումն ընդհանրապես, իսկ սեռով պայմանավորված ընդհատումը մասնավորապես առողջականից ու բարոյականից զատ նաեւ հոգեւոր խնդիր է: Աստված մարդուն ստեղծեց իր նման, իր պատկերով, ասաց` բազմացեք, զարգացեք, իրավունքները հավասարապես բաշխեց արական ու իգական սեռերի վրա, բայց կյանք խլելու իրավունք ոչ ոքի չվերապահվեց: «Ռադիոլուր»-ի դիտարկմանը, թե որոշ ընտանիքներում պատճառաբանում են, որ իրենք աղջիկ ունեն եւ տղա էլ են ուզում, ու թե ոչ ոք իրավունք չունի նրանց դրա համար մեղադրել, քահանան այսպես արձագանքեց:

«Մի օրինակ բերեմ: Երբ սկեսուրը պնդում է, որ հարսն անպայման պետք է գնա արհեստական վիժեցման, հարսը կանչում է իր տասնամյա որդուն ու ասում` եկ իրեն սպանենք: «Ի՞նչ ես ասում»,-հարց է տալիս սկեսուրը: «Այո, մենք նման մի երեխայի ենք սպանելու, ինչ կարեւոր է, թե նա այժմ այսպես խոսել չի կարող, ու մենք նրան այսպես չենք տեսնում»,-ասում է հարսը: Հետեւաբար, մենք ամեն դեպքում գործ ունենք կյանքի հետ: Եւ եթե այդ մարդու խիղճը կների, որ նա այդպես ապրի մինչեւ իր կյանքի վերջ, ապա, չգիտեմ, դա նրա պատասխանն է Աստծո առջեւ»:

Կարդացեք նաև

Back to top button