
Գյումրի անօթևանների խնդիրը լուծելու համար «SOS Գյումրի» թիմի նախաձեռնության տրամադրության տակ կա արդեն 22 բնակարան, ինչի մասին տեղեկացվում է ֆեյսբուքյան էջում:
«Ուշադրություն, երկար ժամանակ գաղտնի ենք պահել, հիմա հրապարակում ենք։ Մեր 11 բնակարանները դարձան 22-ը։ Մենք արդեն սկսել ենք բնակարանների հանձնման գործընթացը, էմոցիաները շատ շուտով։ Հատուկ շնորհակալություն Գյումրու քաղաքապետարանին, մեզ աջակցելու և տեխնիկական օգնություն ցուցաբերելու համար»:
Հիշեցնենք, որ վաղը` մարտի 19-ին պետք է կայանա Մադրիդի Ռեալի ու «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի, մարզական աշխարհի հայ ու օտարերկրացի լեգենդների ստորագրություններով մարզաշապիկների, մարզական գույքի լոտերի բարեգործական աճուրդ:
Նշենք, որ ինչպես տեղեկանում ենք «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ից «Հայաստանի էլեկտրական ցանցերը» բնակարաններ կտրամադրի Գյումրու անօթևան ընտանիքներին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության բաժնետեր, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի որոշման հիման վրա Ընկերության և «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի միջև 2016թ. մարտի 18-ին կնքվել է նվիրատվության պայմանագիր՝ Գյումրի քաղաքի սոցիալապես անապահով և տնակներում բնակվող տասը ընտանիքներին բնակարաններով ապահովելու նպատակով:
Ընկերության աշխատակազմի կողմից կընտրվեն ծայրահեղ ծանր պայմաններում ապրող այն ընտանիքները, որտեղ երեխաներ, հաշմանդամներ ու տարեց մարդիկ են բնակվում:
Պայմանագիրը նաև նախատեսում է սեփականության իրավունքով հանձնվող գույքի նկատմամբ իրավունքների որոշակի և ժամանակավոր սահմանափակումներ, ինչպիսիք են օտարելը, վաճառելը, փոխանցելը, վարձակալությամբ տրամադրելն ու գրավադրելը:
Բացի այդ՝ Ընկերության ղեկավար անձնակազմի և կոլեկտիվի անձնական միջոցների հաշվին ձեռք է բերվում ևս երկու բնակարան՝ առաջնորդվելով դրանց բաշխման նույն սկզբունքներով:




