
տեղադրվել է ժամը 13։23- ին
լրացվել է ժամը 18։38- ին

Խորհրդարանն այսօր երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել է Ավելացված արժեքի հարկի մասին ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու նախագիծը: Հիշեցնենք, որ այս նախագծով կառավարությունը որոշել է հրաժարվել ԵՏՄ տարածքից ներկրվող ավտոմեքնենաների համար ավելացած արժեքի հարկի գանձումից: Առաջարկը վերաբերում է միայն ֆիզիկական անձանց եւ գործելու է «մեկ անձ, մեկ ավտոմեքենա» սկզբունքով։ Քվեարկության ժամանակ միակ ձեռնպահը եղել է պատգամավոր Հրանտ Բագրատյանը, քանի որ օրինագիծը չի լուծում 2015-ի ընթացքում գանձված ԱԱՀ վերադարձի խնդիրը եւ հետադարձ ուժ չունի: Ընդհանուր առմամբ՝ այսօր խորհրդարանում քննարկումներին թեման բազմազան էր՝ մենաշնորհներից մինչեւ վաստակավոր կոչումների ցանկի ընդլայնում:
Երկու օր է պատգամավորները փորձում են հասկանալ՝ բենզինի պարագայում ինչու համաշխարհային շուկայի գնային տատանումները չեն ազդում Հայաստանի վրա: Խորհրդարանը դեռ այսօր էլ է քննարկել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2016 թվականի գործունեության ծրագիրը: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ստիպված էր մեջբերել իր հաշվարկները: «Ըստ հեղինակավոր «Պլաց» գործակալության տվյալների՝ բենզինը միջազգային բորսայից մինչեւ Փոթի կարելի է հասցնել 1 տոննան 310 դոլարով: Փոթիից Սադախլո՝ 85 դոլար, եթե ոչ մենաշնորհային տրանզիտով ենք բերում: Հայաստանում բենզինի գինը այսօրվա պայմաններում պետք է լիներ ոչ ավելի քան 310 դրամ»:
Ներկայացված թվերը իրականության հետ որեւէ կապ չունեն, ասում է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ղեկավար Արտակ Շաբոյանը պատգամավորներին փորձել է բացատրել, թե ինչու վերջին ժամանակահատվածում Հայաստանում եւ Վրաստանում բենզինի գնի առումով լուրջ տարբերություն կա: Ի՞նչ է պատահել, որ նախկինում Վրաստանում՝ Հայաստանի համեմատ բենեզինի ավելի բարձր գինն այսօր անհամեմատ ավելի էժան է:
«Այս գնային տարբերությունները պայմանավորված են երեք գործոնով: Վրացական երկաթուղու կողմից գանձվող բեռնափոխադրման բարձր սակագներն են՝ Վրաստանի տարածքով բենզինը տեղափոխելու համար, երկրորդը՝ Հայաստանի եւ Վրաստանի հարկային քաղաքականությունների տարբերությունն է՝ հայաստանում բենզինի ներմուծումը ավելի շատ է հարկվում, քան՝ Վրաստանում եւ երրորդ պատճառը՝ Վրաստանում համեմատաբար ավելի էժան գներով բենզին է ներկրվում Ադրբեջանից եւ Թուրքմենստանից»:
Օրվա երկրորդ կեսին արդեն պատգամավորները տնտեսական թեմաներից անցան այլ ոլորտների: Շինարարների զավակներն այսօր խորհրդարանում տարբեր կերպ էին արձագանքում վաստակավոր կոչումների ցանկի ընդլայնման առաջարկին: Շինարարի դուստր Հեղինե Բիշարյանը ողջունեց կառավարության՝ «Վաստակավոր շինարար» կոչում հիմնելու նախաձեռնությունը, իսկ ահա Ալեքսանդր Արզումանյանն, ով նույնպես մեծացել է շինարարի ընտանիքում, նման կոչումները որակում է՝ անախրոնիզմ:
Նրա կողմնակիցները խորհրդարանում այսօր շատ էին: Կառավարության առաջարկած օրինագծին ընդվզողներից մեկն էլ կոալիցիոն ուժի՝ դաշնակցություն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն էր: Նույնիսկ Հանրապետական խմբակցությունից պատգամավոր Սամվել Ֆարմանյանի համար է անընդունելի վաստակավորների համակարգը:
Խորհրդային վերապրուկ, սովետականացում ու նույնիսկ նավթալինի հոտ. այսպիսի ձեւակերպումներ տվեցին պատգամավորները օրինագծին, որը խորհրդարան էր բերել քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը: Ի դեպ՝ այս դեպքում պաշտոնյան անկեղծ էր իր գնահատականներում: «Չեմ ուզում լեզվի սայթաքում թույլ տամ եւ ասեմ, որ կոչումների կողմնակից չեմ, բայց եթե կան այդ կոչումները, ապա շինանարները եւս պակաս չեն, որ ունենան իրենց առանձին կոչումը»:
Ոլորտի արժանիներին գնահատելու համար պատգամավորներն առաջարկում են օգտվել եվրոպական փորձից, որտեղ կարծրացած կոչումների փոխարեն գործում է խրախուսման այլ համակարգ՝ տարբեր կարգի շքանշանների շնորհում կամ պարզապես գումարային խրախուսում:




