Քաղաքական

Նախագահը ելույթ է ունեցել ԵԺԿ գագաթաժողովին (լրացված)

լրացվել է ժամը 20։17- ին

Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթաժողովին:  Հանրապետության նախագահը գագաթնաժողովում հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է դինամիկ զարգացող Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով համագործակցության զարգացման ընթացքին, Հայաստանում իրականացվող լայնածավալ բարեփոխումներին, որոնք ԵՄ հետ մեր երկրի հարաբերություններում կարևորագույն տեղ են զբաղեցնում: Սերժ Սարգսյանը խոսել է նաև Մերձավոր Արևելքում զարգացումների ու դրանց հետևանքով ոչ միայն եվրոպական երկրների, այլև գործընկեր պետությունների և համայն մարդկության համար լրջագույն մարտահրավեր դարձած փախստականների ճգնաժամի մասին:

Այն վարում է ԵԺԿ Նախագահ Ժոզեֆ Դոլը: Գագաթնաժողովին մասնակցում են Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահներ Դոնալդ Տուսկն ու Ժան-Քլոդ Յունկերը, ԵՄ անդամ և Արևելյան գործընկերներ երկրներից ԵԺԿ-ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող պետությունների և կառավարությունների ղեկավարները:

ԵԺԿ գագաթաժողովի շրջանակներում նախագահը հանդիպում է ունեցել Հունաստանի «Նեա դեմոկրատիա» կուսակցության ղեկավար Կիրիակոս Միցոտակիսի հետ: Զրուցակիցները քննարկել են ԵԺԿ շրջանակներում միջկուսակցական համագործակցության զարգացմանը վերաբերող, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: Անդրադարձ է եղել նաև ՀՀ նախագահի օրերս Հունաստան կատարած պաշտոնական այցին և դրա շրջանակներում բարձր մակարդակով ձեռքբերված պայմանավորվածություններին:

Ավարտելով աշխատանքային այցը Բելգիայի Թագավորություն՝ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր երեկոյան կվերադառնա Երևան:

Կարդացեք նաև

Back to top button