Քաղաքական

ՀԱԿ- ում գրավոր հաղորդակցում՝ ուղիղ շփման փոխարեն

lusinevasilyan

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դիմել է   ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանին  առաջարկով, որի առիթը Հրազդանում ապրիլի 17-ին սպասվող  ընտրություններն են:  Փաշինյանը ՀԱԿ-ին հորդորում  է Հրազդանի ընտրատեղամասային հանձնաժողովների՝ խմբակցությանը պատկանող տեղերը զիջել Սասուն Միքայելյանի առաջադրած թեկնածուներին : Զիջել տերմինը Փաշինյանը ճշգրիտ չի համարում, ասում է խնդիրը իրավական հարթությունում է: ՀԱԿ-ում հավաստիացնում են, որ Հրազդանում մարդկային անհրաժեշտ ռեսուրսներ ունեն: 

 

Ստացվել է այնպես, որ խորհրդարանական նույն խմբակցության անդամն ու ղեկավարը  հաղորդակցվում են գրավոր:  ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը գրությամբ դիմել է  նույն  խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին:

Առիթը` ապրիլի 17-ին  Հրազդանում սպասվող ընտրություններն են:  Քաղաքապետ դառնալու հայտ ներկայացնողների թվում « Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Սասուն Միքայելյանն է: Նիկոլ Փաշինյանը նրա նախընտրական շտաբի ղեկավարն է: Դիմել  է ՀԱԿ-ին  ընտրատեղամասային հանձնաժողովների անդաներներ նշանակելու իրավունքը  Սասուն Միքայելյանին զիջելու առաջարկով:

Զիջել տերմինին Փաշինյանը դեմ է: «Այդ տեղերը «Հայ ազգային կոնգրես» կուսկացությանը չեն, որ նրանք զիջեն կամ չզիջեն: Եթե հանձնաժողովներում նշանակվեն Սասուն Միքայելյանի ներկայացրած մարդկանց, դա չի նշանակի, որ ինչ-որ մեկն ինչ-որ բան զիջեց»:

Փաշինյանը բացատրում է, որ Ընտրական օրենսգրքի համաձայն՝ տեղամասային ընտրական հանձնաժողովներում նշանակումներ կատարում են կամ խորհրդարանական խմբակցություններ ձևավորած կուսակցությունները կամ դաշինքների դեպքում՝  խմբակցությունները: ՀԱԿ-ը խորհրդարան է մտել որպես դաշինք, հետևաբար՝ հանձնաժողովներում  նշանակումներ կատարելը խմբակցության որոշումն է:

Նշեմ, որ խոսքը  25-րդ ընտրատարածքի 28 ընտրական տեղամասերում  անդամներ  նշանակելու մասին է: Նրանց թեկնածությունները պետք է առաջադրվեն մարտի 18-ից: «Հիմա Սասուն Միքայելյանը ՀԱԿ նախընտրական ցուցակի 13-րդ հորիզոնականում է գտնվել: Նրա դերն անուրանալի է ՀԱԿ խմբակցության ձեւավորման գործում: Կարծում եմ՝ սրանք փաստեր են, որոնք վիճարկման ենթակա չեն»:

Վիճարկման ենթակա փաստեր են, թե ոչ՝ ՀԱԿ խմբակցությունում դեռ մտածում են:   Հայտնի է, որ  խմբակցության պատգամավորներից 4-ը կողմ են  Փաշինայնի առաջարկին, բայց խմբակցությունն առայժմ որոշում չունի: «Նամակն ստացել եմ, ձեզ հուզող բոլոր հարցերի պատասխանը շատ շուտով կստանաք»,- ասում է Լևոն Զուրաբյանը։

Մինչ ՀԱԿ-ը մտածում է և անուղղակիորեն հավաստիացնում, որ Հրազդանում մարդկային անհրաժեշտ ռեսուրսներ ունեն, Փաշինյանից փորձեցինք այլ հարցի պատասխան ստանալ:  Ցուցակի ձևավորումից հետո շատ ջրեր են հոսել, իրավիճակ ու հարաբերություններ են փոխվել: Արդյո՞ք իրար միջև այսօր եղած հարաբերությունները թույլ տալիս են նման առաջարկ անել:  «Գիտեք, ջրերը հոսել են, իսկ օրենսդրությունը չի հոսել, օրենսդրությունը ոնց եղել է՝ այդպես էլ մնացել է: Հիմա մենք առաջիկայում այդ օրենսդրության հոսքն էլ կտեսնենք: Ես չեմ խոսում հարաբերությունների մասին, ես չեմ խոսում տրամադրությունների մասին, ես խոսում եմ օրենսդրության և  դրանից բխող դիրքորոշումների մասին։ Մենք չենք խոսում հարաբերությունների մասին»:

Փաշինյանն ասում է՝ այս գրագրությամբ  հարաբերություններ չեն պարզում:

Կարդացեք նաև

Back to top button