Հասարակություն

Խնդրին լուծում կտրվի գործող օրենսդրության շրջանակում

Հոգեկան առողջության հիմնարկների, Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի ղեկավարների, առաջատար մասնագետների, ֆինանսիստների, դեղատնտեսագետի մասնակցությամբ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մոտ  քննարկվեցին 2014թ. Ավան հոգեկան առողջության կենտրոնում հիվանդների շրջանում Օլանզապին-Զիպրեքսա և  Օլանզապին-Զոլաքսա դեղամիջոցների հնարավոր կողմնակի ազդեցությունների ռետրոսպեկտիվ գնահատման նպատակով կատարված հետազոտության արդյունքները։ Զիպրեքսա և Զոլաքսա դեղն ընդունած մոտ 300 հիվանդի ներգրավմամբ երկու առանձին խմբում  կատարվել են  ուսումնասիրություններ` հաշվի առնելով բուժման ընթացքում կողմնակի ազդեցությունների, հոսպիտալացման և խնամքի  ցուցանիշները։ Նշվեց, արդյունքները խոսում են Զիպրեքսայի արդյունավետության մասին։

Հավելենք, որ ՀՀ ԱՆ Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնում գրանցվել է Զոլաքսա դեղի կողմնակի ազդեցության 43 դեպք։

Այս ամենը վկայակոչելով` հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հարազատները տարբեր ատյաններում իրենց հիվանդներին անվճար «Զիպրեքսա» հոգեմետ դեղով ապահովելու հարց են բարձրացնում` պնդելով, որ այն առավել արդյունավետ և որակով է:

Մասնագետները նաև շեշտադրեցին, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցողների, քան այլ հիվանդների մոտ պլացեբո ազեցությունն անհամեմատ ավելի բարձր է։

Հնչեցին խնդրին լուծում տալու տարբեր առաջարկներ։ Նախարարը` կարևորելով խնդրի սոցիալական նշանակությունը, հանձնարարեց համադրել առկա փաստերը, խորհրդակցել հոգեբույժների լայն խմբի հետ  և առաջարկություններ ներկայացնել գործող օրենսդրության շրջանակներում խնդրի լուծման ուղղությամբ։

Քննարկվեց նաև խնդրի հեռահար լուծման նպատակով բանակցությունների արդյունքում Զիպրեքսա դեղը ևս անմիջապես արտադրողից ձեռք բերելու հարցը։

Կարդացեք նաև

Back to top button