ԿարևորՔաղաքական

Պատմական պահ ԱԺ- ում. մեծամասնությունն ընդունեց Զարուհի Փոստանջյանի առաջարկը (լրացված)

տեղադրվել է ժամը 13։38- ին
վերջին լրացումը ժամը 18։39- ին

lusinevasilyan

Խորհրդարանն այսօր շարունակել է հերթական քառօրյայի աշխատանքը՝ թեմատիկ ընդգրկուն շրջանակով: Պատգամավորները  նախ քննարկել են ԵՏՄ-ից ներկրվող ավտոմեքենաներն ավելացած արժեքի հարկից ազատելու հարցը. կառավարություն-ԱԺ համատեղ նախաձեռնությունը խորհրդարանում  ողջունվել է, բայց  նաև ուշացած որակումն է ստացել: Օրենսդիրը լսել է ՏՄՊՊՀ նախագահին ու տեղեկացել,  թե ինչ ծրագրով է առաջնորդվելու կառույցը 2016-ի ընթացքում: Տնտեսական թեմաների արանքում խորհրդարանական առօրյան  նաև պատմական պահ է արձանագրել. քննարկվել է Զարուհի Փոստանջյանի օրենսդրական նախաձեռնությունը, որը վայելում է խորհրդարանական մեծամասնության աջակցությունը: Կողմերը համակարծիք են, որ ուրիշի փոխարեն քվեարկող պատգամավորները պետք է կարգազանց համարվեն:

 

Կառավարությունը որոշել է հրաժարվել ԵՏՄ տարածքից ներկրվող ավտոմեքնենաների համար ավելացած արժեքի հարկի  գանձումից: Առաջարկը վերաբերում է  միայն ֆիզիկական անձանց, գործելու է «մեկ անձ, մեկ ավտոմեքենա» մոդելով: Նախաձեռնությունը  պաշտպանում են թե ընդդիմադիր, թե իշխանական խմբակցությունները,  որոշումը սպասված, բայց ուշացած են գնահատում:

Հիմնական խնդիրը մեկն է. մոտ մեկ տարուց ավելի ֆիզիկական անձանցից ԵՏՄ-ից մեքենաներ ներկրելիս  այս հարկատեսակը գանձվել է՝ ընդհանուր առմամբ մոտ 1.7 մլրդ դրամ: Արդյո°ք նախագիծը ենթադրում է փոխհատուցման որևէ մեխանիզմ:

Կառավարության բացթողումը մատնանշող կամ գանձումը ապօրինի համարող պատգամավորներին կառավարության անունից պատասխանեց Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների փոխնախարար Սուրեն Կարայանը: Նրա պարզաբանմամբ՝ ավելացած արժեքի հարկի  գանձումն  ի սկզբանե ուներ ժամանակավոր բնույթ։

«Ժամանակ էր պետք, որպեսզի բանակցեինք ԵՏՄ կառույցների հետ, որ առանձնահատուկ մոտեցումներ սահմանվեր ՀՀ-ից ԱԱՀ գանձնման սկզբունքների առումով, ինչը հնարավորություն կտար ԱԱՀ-ի 0-ական դրույքաչափը հավասար կիրառել»:

Փոխնախարարը պատրաստակամություն հայտնեց քննարկել քանակական սահմանափակումների հարցը, իսկ հեղինակներից Վարդան Այվազյանը  խորհրդարանին այլ բան հորդորեց. նախագիծն ըստ էության հարկային ռեժիմի թեթևացում է նախատեսում, ընդունել այն, հետո նոր մտածել հարակից հարցերի մասին:

Հարկային օրինագիծն առաջին ընթերցմամբ քվեարկվելու է վաղը,  ինչպես նաև այն օրինագիծը, որ ավելի ուշ քննարկվեց ու  հասցրեց պատմական որակումը ստանալ: Խոսքը Զարուհի Փոստնաջյանի կողմից ԱԺ կանոնակարգում առաջարկվող փոփոխությունների մասին է, որը պաշտպանում է նաև խորհրդարանական մեծամասնությունը: «Այս ինը տարիների ընթացքում, ինչ ես պատգամավոր եմ, սա առաջին դեպքն  է, երբ մեծամասնությունը կողմ է իմ նախաձեռնության »,- ասում է Փոստանջյանը։

Նա առաջարկում է փոփոխություն կատարել ԱԺ կանոնակարգում, մասնավորապես՝ սահմանել, որ բացակա գործընկերների փոխարեն քվեարկելը կարգազանցություն է և ենթակա է պատժվելու   կանոնակարգում սահմանված կարգապահական միջոցներով։ Դրանցից  ամենամեղմը, ի դեպ,  զգուշացումն է, ամենախիստը՝ պատգամավորին 6 օրով Ազգային ժողովի նիստերի դահլիճում ներկա գտնվելու իրավունքից զրկելը: «Եթե օրենսդրական նախաձեռնությունն իր էությամբ կառուցողական է, ապա անկախ նրանից, թե ով է նրա հեղինակը, նա բոլոր դեպքերում ստանում է Ազգային ժողովի, այդ թվում՝ նաև մեծամասնության աջակցությունը»,- ասում է հանրապետական Խոսրով Հարությունյանը։

Պատգամավորը, որն այս նստաշրջանում ղեկավարում է ԱԺ էթիկայի հանձնաժողովը , ոչ միայն պաշտպանում է  Փոստանջյանի նախաձեռնությունը, այլև ցանկանում, որ այն օր առաջ ընդունվի: Հարությունյանը նախագծի երկրորդ ընթերցումն  արագացնելու առաջարկով դիմել է ԱԺ ղեկավարությանը, քանի որ բոլորվին վերջերս է առնչվել ուրիշի փոխարեն քվեարկելու խնդրին:

Ազգային ժողովի էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովը վերջերս լրագրողի ներկայացրած դիմումի և տեսանյութի հիման վրա  էթիկայի կանոնների խախտում  որակեց 7 պատգամավորների՝ ուրիշի փոխարեն քվեարկելու վարքագիծը:

Ավելացնեմ նաեւ՝ խորհրդարանն այսօր հասցրեց լսել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահին:  Արտակ Շաբոյանը  պատգամավորներին ներկայացրեց էր 2016 թ. գործունեության ծրագիրը: Հիմնական քննարկումը  կծավալվի վաղը, առավել ևս, որ հանձնաժողովի նախագահն այսօր քննարկման համար 2 գրավիչ ցուցանիշ է ներկայացրել. հակամենաշնորհային քաղաքականության արդյունավետության ցուցանիշը, ըստ   Համաշխարհային մրցունակության զեկույցի, Հայաստանում բարելավվել է  17 կետով , գերիշխող դիրք գրավող ընկերությունների ազդեցության մակարդակը գնահատող ցուցանիշը՝ 14-ով:

 

Կարդացեք նաև

Back to top button