

Աժ- ն այսօր բազմաթիվ «հյուրեր» է ունեցել: Առավոտից այնտեղ էին Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետները, ինչպես նաեւ որոշ պահի խորհրդարան էր եկել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: Բոլոր խմբակցություններն առանձին-առանձին հանդիպեցին եվրոպացի փորձագետների հետ, իսկ Վիգեն Սարգսյանն այդ ընթացքում քննարկում անցկացրեց ՀՀԿ խմբակցությունում։ Եվրոպացի հյուրերի այցելության պատճառը ԸՕ-ի նախագիծն էր: Եկել էին ուշադիր լսելու, գրի առնելու առաջարկներն ու կարծիքները, իսկ ապագայի հետ կապված իրադարձություններին արդեն կա հակասական վերաբերմունք՝ Վենետիկի հանձնաժողովի հանդեպ վստահության առումով։
Իշխող կոալիցիայում արդեն կա տարաձայնություն եւ դա կապված է նոր Ընտրական օրենսգրքի նախագծի հետ: Եթե իշխանությունը շարունակում է մերժել ընդդիմության սկզբունքային պահանջներից մեկը՝ ընտրություններից հետո հրապարակել ստորագրված ընտրացուցակները, ապա Դաշնակցությունն այս հարցում նույնպես սկզբունքային է: «Հենց Վենետիկի հանձնաժողովի «թեթեւ ձեռքով» են շրջանառության մեջ դրվել այս դրույթի մերժման հիմքերը, որոնց վրա էլ ժամանակին հղում է արել Սահմանադրական դատարանը»,- շեշտում է Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ այս հարցում պատրաստվելով առանց զիջումների լուրջ պայքարի: Ասում է՝ Վենետիկի հանձնաժողովի փորձագետներին ամեն ինչ ասել է։
Իշխանության շրջանակներում արդեն գործընկերոջ հնչեցրած հարցի պատասխանը տալիս է հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: Նա նույնպես այսօր Աժ-ում էր, նույն այն պահին, երբ Վենետիկի հանձնաժողովի անդամները հանդիպում էին խորհրդարանական մյուս ուժերի հետ: Ասաց, որ եկել էր ՀՀԿ խմբակցությունում քննարկելու «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի կազմակերպական հարցերը: Իսկ ԸՕ-ի նախագծի վերաբերյալ հաստատեց իշխանության պատրաստակամությունը՝ համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ: Կոնկրետ ցուցակների հրապարակման պահանջը անձամբ Վիգեն Սարգսյանի համար անընդունելի է, ասում է՝ այս հարցի մասին անձամբ նախագահ Սերժ Սարգսյանի հետ չի խոսել, ուստի նրա դիրքորոշումը փոխանցել չի կարող: Վիգեն Սարգսյանը ընտրացուցակների հրապարակումը գնահատում է մարդու իրավունքների խախտում, ինչը նաեւ արձանագրել են Վենետիկի հանձնաժողովն ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ- ը իրենց նախկին եզրակացություններում։
«Հանդիպման ձեւաչափը չի ենթադրում բացահայտել Վենետիկի հանձնաժողովի փորձագետների ասածները»,- հանդիպումից դուրս գալով՝ ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Ընդդիմադիր գործչի ձեւակերպմամբ՝ իրենց առաջարկները «թեթեւ էվոլյուցիա» են ապրել: ՀԱԿ- ը եւս պնդում է ստորագրված ցուցակների հրապարակման վրա, նաեւ առաջարկում մաքրել ընտրացուցակները, Հայաստանում մշտապես ապրողների եւ չապրողների ցուցակներն առանձնացնել, նաեւ՝ թանաքոտել քվեարկության մասնակիցների մատներրը։
«Ժառանգության» ներկայացուցիչները Վենետիկի հանձնաժողովի անդամներին զգուշացրել են՝ նախագծի մշակման ժամանակ խորհրդարանական ուժերը չեն մասնակցել այդ գործընթացին: «Փաստորեն խախտվել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկած սկզբունքը՝ նախագիծն ընդունել փոխադարձ համաձայնության մթնոլորտում»,- ասում է պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Ընտրացուցակների ճշտում, մաքրում, ընտրատեղամասերում տեսանկարահանում, դիտորդների եւ ԶԼՄ-ների համար նախատեսված խոչընդոտների վերացում. այս առաջարկներն էլ «Ժառանգության» անդամներն են թվարկել հանդիպման ժամանակ ու կարեւորել նաեւ ընտրություններից հետո ստորագրված ընտրացուցակների հրապարակումը:
Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետների հետ հանդիպել են նաեւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները: Խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի ներկայացմամբ՝ իրենք նույնպես բարձրացրել են ընտրությանը մասնակցած անձանց ցուցակների հրապարակման հարցը:




