Հասարակություն

Արդյունավետ են ծախսվո՞ւմ թափառող կենդանիների համար հատկացվող գումարները

aidaavetisyan
Կենդանասերները կրկին ահազանգում են թափառող  շների հանդեպ անմարդկային վերաբունքի մասին: Մտահոգված են, որ  2009 թվականից թափառող կենդանիների  հարցերով զբաղվող «Յունիգրաֆ իքս» ընկերությունը քաղաքային բյուջեից ստանում է  գումար, սակայն, իրենց պարզ չէ՝ ինչի վրա է ծախսում այն։ Ընկերությունն էլ իր հերթին պարզաբանել է՝  իրենց մասմնագետներն աշխատում են բարեխղճորեն:

 

 

Վերջին օրերին, ըստ կենդանասերների, մայրաքաղաքում շատացել են կենդանիների վնասազերծմամբ և ստերիլիզացմամբ զբաղվող «Յունիգրաֆ-իքս» ընկերության  կողմից բաց թողնված շները, որոնք տարբերվում են գունավոր վզկապներից: Ընկերությունը հայտարարել է, որ այդ շները  ստերջացված, ամորձահատված ու պատվաստված են, այնինչ «Դինգո-թիմ» ՀԿ համակարգող Գոհար Մանուշակյանը պնդում է՝ ծայրահեղ վատ վիճակում գտնվող, սուր ինֆեկցայով  հիվանդ 7 շուն են բռնել:

«Ռադիոլուր»-ը հարցի առնչությամբ լսեց նաև  մեղադրվող «Յունիգրաֆ-իքս»- ի ներկայացուցիչներին: Ընկերության տեղեկատվության հարցերով փոխտնօրեն Լիլիթ Գրիգորյանը նշում է, որ կենդանասերներ հերթական անգամ փորձում են  վարկաբեկել իրենց ն գործունեությունը: Ըստ նրա՝ «Յունիգրաֆ-իքս»- ի կլինիկա տեղափոխված յուրաքանչյուր կենդանի իրենց անասնաբույժների կողմից  զննվում է մանրամասնորեն և մասնագետներն իրենց աշխատանքը կատարում են  բարեխղճորեն:

Կենդանասերները ահազանգեցին նաև, որ էգ շները անասնաբուժական որևէ միջամտության  չեն ենթարկվել, պատռել են միայն երեքի փորն ու  անհասկանալի թելով կարել՝ դրանով վտանգելով կենդանիների կյանքը։ «Յունիգրաֆ իքս»-ից էլ հակադարձեցին, որ կենդանու օրգանը  հեռացվում է՝ ըստ անհրաժեշտության:

«Դինգո թիմ» հասարակական կազմակերպության անդամները մտահոգ են, որ  Երևանի քաղաքապետարանից տարիներ շարունակ ընկերությունը ստանում է գումարներ, որոնք  նրանց ձևակերպմամբ, ծախսվում են անհասկանալիորեն:

Ըստ Գոհար Մանուշակյանի՝ մեկ շան ստերջացումն արժե  15-20 հազար դրամ: Սակայն այդ գումարները  չեն ուղղվում այդ գործողությունների համար, ասում է: Քաղաքապետարանից  փորձեցինք պարզել, թե ինչպես է ստացվում, որ  տարիներ շարունակ նույն ընկերությունն է հաղթում տենդերը: Երևանի քաղաքապետարանի հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը՝ նշեց. ընկերությունն է միշտ հաղթող ճանաչվել, քանի որ որևէ այլ կազմակերպություն մրցույթին չի ներկայացրել հայտադիմում: Նույնիսկ  նախորդ տարի «Յունիգրաֆ իքս»-ը  որևէ հայտ չի ներկայացրել մրցույթին: Արդյունքում  մրցույթը կազմակերպվել է մի քանի անգամ և քաղաքապետարանը արդեն  երրորդ անգամ հայտարարված  մրցույթին  ինքն է խնդրել  ընկերությանը  մատուցել նմանօրինակ ծառայություններ:

«Դինգո-թիմ»- ից, սակայն, պնդում են, որ մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցել են, ունեցել են նաեւ գործունեության հստակ ծրագիր։ Կազմակերպության համակարգող Գոհար Մանուշակյան.

«Փորձել ենք մասնակցել մի քանի անգամ, սակայն Ալֆրեդ Հունանյանը մի քանի անգամ խաբել է մեզ օրն ու ժամը: Եվ հետո պարզվել է, որ  մրցույթն անցկացվել է և « Յունիգրաֆ»-ը նորից հաղթել է»:

Նշենք, որ 2009 թվականից թափառող կենդանիների հարցերով  զբաղվում է «Յունիգրաֆ իքս»-ը։ Այս տարի քաղաքային բյուջեից   ընկերությանը տրամադրվել է  120 միլիոն դրամ:

Կարդացեք նաև

Back to top button