
տեղարդվել է ժամը 14։51- ին
լրացվել է ժամը 19։16- ին

Այսօր Հայաստանում տեղի է ունեցել ՀԱՊԿ ԽՎ արտագնա նիստը, որին մասնակցելու համար ՌԴ-ից Երեւան է ժամանել մեծ պատվիրակություն՝ ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի նախագահ Սերգեյ Նարիշկինի եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի գլխավորությամբ: Հիշեցնենք, որ 2015-ին Հայաստանը ստաձնել է ՀԱՊԿ նախագահությունը եւ այդ ժամանակ ՀՀ նախագահի կողմից ներկայացվել են Հայաստանի հիմնական առաջնայնությունները, որոնց մեջ որպես առաջնային ուղղություններ նշվել են ՀԱՊԿ հավաքական անվտանգության ռազմավարությունը մինչեւ 2025 թվականը, ինչպես նաեւ արտաքին սպառնալիքներին միասնաբար դիմակայելու եւ տարբեր միջազգային հարթակներում փոխգործակցության անհրաժեշտությունը: «ՀԱՊԿ անդամ երկրների միջեւ համագործակցությունը պետք է բարձրացնել նոր աստիճանի՝ շեշտը դնելով կառույցը նախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարների վրա եւ համատեղ ուժերով պաշտպանելով մասնակիցների ընդհանուր եւ ազգային շահերը»,- նիստի ժամանակ հայտարարել է Բորդյուժան: Հատկանշական է, որ ՀԱՊԿ անդամ պետությունների պատվիրակությունների հետ աշխատանքներին որպես դիտորդ մասնակցում է նաեւ Սերբիայի խորհրդարանի պատվիրակությունը։
Նախատեսվածից շուրջ 45 րոպե ավելի տեւեց այսօր ԱԺ-ում ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի արտագնա նիստը: Դրանից հետո նիստը նախագահողները լրագրողներին տեղեկացրին՝ աշխատանքն արդյունավետ էր: Քննարկվել են բազմաթիվ՝ տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակից մինչեւ կազմակերպչական հարցեր:
«Մեր տարածաշրջանի եւ ՀԱՊԿ համար ահաբեկչությունը, ֆաշիզմը, այլատյացությունը եւ ռասիզմը՝ իրենց բոլոր դրսեւորումներով, իրական վտանգ են»,- ասաց Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ, ՀԱՊԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը՝ հստակեցնելով՝ ահաբեկչության դեմ պայքարում հայկական կողմը համերաշխ է ռուս գործընկերների հետ:
Շարմազանովի հայտարարության համաձայն՝ Հայաստանը «հանցագործություն» է որակում Թուրքիայի կողմից ռուսական «Սու 24» ռմբակոծչի պայթեցումը եւ ուղիղ համեմատական անցկացրեց Ադրբեջանի կողմից հայկական ուղղաթիռի խոցման հետ:
«Բոլոր միջխորհրդարանական հարթակներում ՀԱՊԿ անդամ պետությունները եւ պատվիրակությունները պետք է հանդես գան միասնական»,- այսօր պահանջեց ԱԺ փոխխոսնակը: — Որովհետեւ դաշնակից ենք»,- հիշեցրեց:
Իսկ մինչ այդ՝ նիստի ժամանակ հիշեցրել էր, որ ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նախորդ նիստից հետո առայսօր իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին մնում է մտահոգիչ: «Մեր կազմակերպության համար կենսական նշանակություն ունի իրերն իրենց անուններով կոչելը: Միայն այդ դեպքում մեզ կհաջողվի կանխել նման սպառնալիքների կրկնությունը»,- հայտարարեց ՀԱՊԿ ԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը: «Կազմակերպչական խնդիրները եւ ՀԱՊԿ անդամ պետությունների պատվիրակությունների կեցվածքը այլ միջազգային հարթակներում, այո, քննարկման թեմա է եղել»,- հաստատեց ՌԴ Պետդումայի խոսնակ, ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նախագահ Սերգեյ Նարիշկինը։ Շարմազանովի մատնանշած խնդիրներին նա այլեւս չանդրադարձավ:
Նարիշկինն ասաց, որ «հիմնական սպառնալիքը գալիս է Մերձավոր Արեւելքից, աշխարհի այս մեծ ու պայթյունավտանգ տարածքում, ինչպես նաեւ Սիրիայում գործող ահաբեկչական կազմակերպություններից»: Այսօր ուշադրության կենտրոնում գտնվող այս հարցերի քննարկումներից հետո արդեն ստեղծվել է բավարար կարգավորիչ բազա ՀԱՊԿ գործունեության համար՝ ահաբեկչական եւ ծայրահեղական վտանգների կանխարգելման համար, լրագրողներին փոխանցեց Սերգեյ Նարիշկինը:
Այսօր նիստի ընթացքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ներկայացրել է կառույցի ողջ ներուժն ու միջոցները, որ առկա են: Հատկանշական է, որ արտագնա նիստերի ընթացքում վերջին շրջանում ուսումնասիրվում է նաեւ տվյալ երկրների ռազմական ենթակառուցվածքը եւ հետաքրքրությունների հենց այդ շրջանակներում է Սերգեյ Նարիշկինի գլխավորած պատվիրակությունը վաղը այցելելու Հայաստանի այդպիսի ձեռնարկություններից մեկը:
Պատվիրակությունները վաղը կայցելեն նաեւ Երեւանում «Էրեբունի» օդանավակայան, որպեսզի տեսնեն, թե ինչ հնարավորություններ են ստեղծվել տարածաշրջանում անվտանգության ապահովման համար: Սա այն ամենն էր, ինչ հայկական եւ ռուսական կողմերը նախատեսել էին փոխանցել լրագրոներին, նախապես որոշված էր, որ որեւէ հարցի հյուրերը չեն պատասխանելու:




