
տեղադրվել է ժամը 12։48- ին
վերջին լրացումը՝ ժամը 17։15- ին

Չքննարկելի հարցեր չկան, բոլոր առաջարկությունները մանրամասնորեն քննարկվելու են ՝ այսօր ասել է կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ հրավիրված հանրային քննարկման ժամանակ։ Այն, ըստ էության, առաջինն էր նախագծի հրապարակումից հետո և խորհրդարանական քննարկումներից առաջ: Օրենսգրքի առաջին քննարկումն ընթացել է մասնակիցների ներկայացուցչական կազմով. միջազգային կառույցների, քաղացիական հասարակության և քաղաքական ուժերի ներկայացուցիչները խոսել են գրեթե բոլոր մտահոգությունների մասին, հեղինակները մեկնաբանել են դրանք՝ ընդհանուր գծերով նախանշելով, թե որ առաջարկներն են ընդունելի, իսկ որոնք ՝ ոչ:
Ավելի հեշտ է աշխատել նախնական տեքստի վրա և դրանում փոփոխություններ կատարել, քան զրոյից սկսել ՝ այսպես է արձագանքում Ընտրական օրենսգիրքը մշակած աշխատանքային խմբի անդամներից կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը այն մեղադրանքին, թե նախագիծը մշակվել է առանց ընդդիմադիրների ու քաղաքացիական հասարակության մասնակցության:
Նախագծի մշակման ոչ հրապարակային ընթացքը քննադատության թիրախներից մեկն էր: «Այս նախագիծը ստեղծելու համար մենք ունեինք 13 աշխատանքային օր: Մեկը պետք է կատարեր տեքստ գրելու ծանր, չարքաշ աշխատանքը: Շատ ավելի հեշտ է տեքստի վրա աշխատել և փոփոխություն կատարել, քան զրոյից սկսել: Սա է եղել մեր դիրքորոշումը և այսօր ամենայն պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ պատրաստ ենք քննարկել ցանկացած առաջարկություն»,- ասաց նախարարը:
Ցանկացած առաջարկ քննարկման նյութ դարձնելու պատրաստակամությունը Ընտրական օրենսգրքի նախագծի հանրային առաջին քննարկման ժամանակ ամենաշատ կրկնված դիտարկումն էր: Հեղինակները վստահեցնում են, որ նախագծում դոգմատիկ դրույթներ չկան: Դրանցից մի քանիսի փոփոխության հավանական լինելը փաստվեց հենց այս քննարկմանը:
Խոսքը, օրինակ, ընտրատեղամասում լրագրողների և դիտորդների թիվն 8-ով սահմանափակող դրույթի մասին է: Թիվը կամ սկզբունքը պատրաստ ենք փոփոխել, ասում է Հարությունյանը, բայց նաև բացատրում է, թե ինչու են գնացել սահմանափակման տարբերակով։ «Այդ սահմանափակումն արվել է ընտրատեղամասում խառնաշփոթ, անկառավարելի իրավիճակները կանխելու նպատակով: Լրատվամիջոցները հաճախ վկայականներ են տվել անձանց, որոնք ներկայացնում են այս կամ այն թեկնածուին: Եկեք գանք ավելի ողջամիտ լուծման ու հանենք սահմանափակումը»:
Դիրքորոշումը նույնքան մեղմ չէ ստորագրված ցուցակների հրապարակման հարցում: Ընդդիմադիր ուժերը սա իրենց ամենաառանցքային պահանջն են համարում, հեղինակներն էլ կարծում են, որ ստորագրված ցուցակների պաշտոնական հրապարակումը հակասում է միջազգային փաստաթղթերում ամրագրված սկզբունքերին, նաև այս հարցի վերաբերյալ ՍԴ հայտնած դիրքորոշումներին:
Ըստ Հարությունյանի ՝ նախագիծը ստորագրված ցուցակների պաշտոնական հրապարակում չի ենթադրում, բայց դրանց ծանոթանալու հնարավորություն նախատեսում է:
Ի տարբերություն գործող կարգի, այդ հնարավարությունը կտրվի դիտորդներին ու վստահված անձանց՝ անգամ վերահաշվարկի ցանկություն չունենալու դեպքում: «Ծանոթանալ, նշանակում է ազատորեն անել քաղվածքներ, սակայն չի ենթադրում լուսանկարել: Ինչու՞, որովհետև հենց այդ դեպքում դա դառնում է պաշտոնական փաստաթուղթ»:
Այդուհանդերձ, արդյո՞ք հարցը քննարկելիների շրջանակում է, հնարավո՞ր է, որ ցուցակների հրապարակման առաջարկը ընդունվի հեղինակների կողմից: «Մենք չենք պատրաստվում խախտել միջազգային փաստաթղթերում ընդունված սկզբունքները, ՍԴ-ի կողմից 2 անգամ արտահայտված դիրքորոշումը, բայց եթե բուն նպատակը ընտրական գործընթացի վերահսկողությունն է, պատրաստ ենք որոնել մեխանիզմներ»:
Վստահեցումները, թե բոլոր առաջարկները քննարկելի են, ընդդիմադիրներն այլ կերպ են մեկնաբանում: ՀԱԿ-ից Լևոն Զուրաբյանը գործընթացը իմիտացիոն է որակում, «Ժառանգությունից» Արմեն Մարտիրոսյանն էլ համոզված է՝ զիջումներ կլինեն ոչ առանցքային հարցերում, իսկ ընդդիմության համար կարևոր հարցերը նախագծում այդպես էլ տեղ չեն գտնի: «Իշխանությունները ներկայացրել են շատ վատ նախագիծ, որը քննարկման արդյունքում կդառնա պարզապես վատը»,- ասում է։
Ի դեպ, Մարտիրոսյանն իր խոսքում կարծիք հայտնեց, որ ռեյտինգային քվերակության ներդրմամբ ոչ թե հրաժեշտ ենք տալիս մեծամասնական ընտրակարգին, այլ ընդհակառակը՝ մեծացնում ենք մեծամասնականի բաժինը խորհրդարանում: Մարտիրոսյանը նկատի ունի ԱԺ ձևավորմանը վերաբերող այն դրույթը, ըստ որի ՝ ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցություն կամ դաշինք առաջադրելու է 2 ցուցակ՝ մեկ համապետական համամասնական և 13 տարածքային՝ ամեն ընտրատարածքի համար մեկական:
Կուսակցության ստացած մանդատների կեսը տրվելու է կուսակցության համապետական ցուցակի թեկնածուներին, մյուս կեսը բաշխվելու է կուսակցության տարածքային ցուցակներում ընդգրկված թեկնածուների միջև: Դավիթ Հարությունյանը ճշգրտեց՝ սա ռեյտինգային քվերակությունը չէ: Առաջարկվողը համամասնական ընտրություն է բաց և փակ ցուցակների համադրմամբ:




