

Չքննարկելի հարցեր չկան, բոլոր առաջարկությունները մանրամասնորեն քննարկվելու են՝ այսօր ասել է կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ հրավիրված հանրային քննարկման ժամանակ, որը, ըստ էության, առաջինն է նախագծի հրապարակումից հետո և խորհրդարանական քննարկումներից առաջ:
Նախընտրել ենք մշակել նախնական տեքստը, հետո լսել առաջարկությունները՝ ասել է Հարությունյանը՝ պատասխանելով այն մեղադրանքին, թե նախագիծը մշակվել է առանց ընդդիմադիրների ու քաղաքացիական հասարակության մասնակցության:
«Այս նախագիծը ստեղծելու համար մենք ունեինք 13 աշխատանքային օր: մեկը պետք է կատարեր տեքստ գրելու ծանր, չարքաշ աշխատանքը: Շատ ավելի հեշտ է տեքստի վրա աշխատել և փոփոխություն կատարել, քան զրոյից սկսել: Սա է եղել մեր դիրքորոշումը և այսօր հայտարարում ենք, որ պատրաստ ենք քննարկել ցանկացած առաջարկություն»:
Ընդդիմադդիրների հիմնական առաջարկը վերաբերում էր քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակների հրապարակմանը: Այս պահանջը նախագծում չի արտացոլվել, ինչը աշխատանքային խմբի անդամները պայմանավորում են հարցի վերաբերյալ ՍԴ որոշմամբ: Հարցին, թե արդյոք այս կետում փոխզիջումներ հնարավոր են, Դավիթ Հարությունյանն այսպես է արձագանքել:
«Պաշտոնական հրապարակման առնչությամբ չենք պատրաստվում խախտել միջազգային փաստաթղթերում ընդունված սկզբուքները, ՍԴ-ի կողմից 2 անգամ արտահայտվված դիրքորոշումը, բայց եթե բուն նպատակը ընտրական գործընթացի վերահսկողությունն է, ապա պատրաստ ենք որոնել մեխանիզմներ»:




