

Նոր ԸՕ-ի նախագծի հանրային քննարկումը արդեն այս պահին վեր է հանել խնդիրներ, որոնք դեռ լուծման անհրաժեշտություն են պահանջում: Այդպես է ստացվել լրագրողների եւ դիտորդների աշխատանքների սահմանափակումներին վերաբերող դրույթի քննարկման ժամանակ: «Սահմանադրական հանրաքվեից հետո առաջացել է դիտորդի եւ լրագրողի պարտականությունների հստակ կանոնակարգման անհրաժեշտություն»,-ասում է «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը: Այս առաջարկն անելու են իշխանություններին՝ քննարկումների որոշակի փուլում: Առաջարկների ամբողջական փաթեթը դեռ պատրաստ չէ, բայց հաստատ լինելու է: Դիտորդների եւ լրագրողների աշխատանքին խոչընդոտող դրույթի առիթով բարձրացված աղմուկին զուգահեռ ,դաշտում կա որոշակի համոզմունք, որ տվյալ կետը, ի վերջո, կփոխվի՝ իշխանությունը կընդառաջի քաղաքացիական հասարակության եւ լրագրողական հանրության պահանջներին: Սա ունի իր պատճառները՝ ըստ տարբեր բանախոսների:
Սահմանադրական հանրաքվեի ընթացքում ոստիկանության կողմից ընթացք ստացած ահազանգերի 75 տոկոսը՝ պաշտոնապես նշվեց, լրատվամիջոցների արձանագրած ընտրախախտումների հետքերով էր: Ըստ էության՝ լրագրողների լրջագույն դերակատարումը թույլ տվեց քաղաքական գործիչներին, մասնավորապես՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներին առաջ քաշել 6 հազար վստահված անձի գաղափարը, իբրեւ ազատ եւ արդար ընտրությունների նախապայման:
Նոր Ընտրական Օրենգրքի նախագծով դիտորդների եւ լրագրողների համար նախատեսված սահմանափակումների հետեւանքները՝ հակառակ բոլոր քննադատություններին, չափազանցված է համարում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Լենա Նազարյանը:
«Մտահոգությունը, որ իշխնությունը ընտրությունների ժամանակ տեղամասեր կգործուղի իր վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցների ներկայացուցիչներ եւ դիտորդներ, իմ կարծիքով, մի քիչ չափազանցված է: Հիմա ավելի շատ խոսվում է այս ութ ներկայացուցիչների մասին տեղամասում եւ երկրորդ պլան է մղվել ստորագրված ընտրական ցուցակների հրապարակման խնդիրը, որը ոչ մի կերպ տվյալ ԸՕ-ով չի լուծվում»:
Դիտորդների եւ լրագրողների աշխատանքին խոչընդոտող դրույթի առիթով բարձրացված աղմուկին զուգահեռ դաշտում կա որոշակի մի համոզմունք, որ տվյալ կետն, ի վերջո, կփոխվի՝ իշխանությունը կընդառաջի քաղաքացիական հասարակության եւ լրագրողական հանրության պահանջներին: «Սա ընդունված աշխատաոճ է»,- ասում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը: Կարծում է՝ բացահայտել է այս ամենի իրական պատճառները: Նախ՝ միջազգային հանրությունը կտեսնի ակնառու համագործակցություն, երկրորդը՝ ուշադրությունը կշեղվի ավելի կարեւոր խնդրիներին եւ դրույթներից:
«Ես բազմաթիվ անգամներ հանձնաժողովի նախագահ եմ եղել, հանձնաժողովի նախագահի համար այս դրույթի իրականացումը, իրոք, խնդիր է լինելու: Պետք է հասկանաս այս լրագրողը ներսն է, դուրսն է, գրանցվել է, չի գրանցվել, պետք է անընդհատ հաշվես: Ենթադրենք, հանձնաժողովի նախագահն ընդդիմադիր է Հանրապետության նախագահը գալիս է քվեարկելու, ասում է ութ լրագրողից ավելի չեմ թողնում, վերջ: Դե գնացեք, լրագրողներ, ինչ ուզում եք արեք: Այստեղ կայամայականությունների խնդիր է թողում»:
«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի տարակուսանքը գլխավորապես կապված է վստահության մթնոլորտի, այլ ոչ թե՝ նոր սահմանափակումների հետ: Կարծում է, նոր Ընտրական Օրենսգիրքը նոր սահմանափակումներով, այսպես ասած, «համեմելը» ճիշտ չէ:
«Գուցե մեր մտահոգությունները չափազանցված են, գուցե գործնականում չլինի այնպիսի դեպք, որ լրատվամիջոցները խոչընդոտներ ունենան: Սակայն, խնդիրն այն է, որ այս տարիների ընթացքում մենք ունենք հասարակակն մեծ անվստահություն ընտրական գործընթացի նկատմամբ: Եվ եթե իշխանությունն ուզում էր իրականում այդ վստահությունը բարձրացնել, ուրեմն պետք է խուսափեին ընդհանրապես սահմանափակումներից»:
«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանն առաջարկում է այս ամենը դիտարկել մեկ այլ տեսանկյունից:
«Երբ լրագրողական վկայականով փորձում են դիտորդական առաքելություն կատարել, այստեղ ֆունկցիաների խառնաշփոթ է առաջանում: Հիմում եմ, որ Հանրաքվեից հետո, երբ մենք փորձեցինք արդեն ճշտել, թե որ լրագրողների նկատմամբ ինչ բռնություն, ինչ ճնշումներ են տեղի ունեցել եւ այլն, կոնկրետ խմբագրերի հետ էինք խոսում, բանից պարզվում էր, որ այդ «թղթակից» կոչեցյալը նույնիսկ արտահաստիքային թղթակից չէ»:
Դիտորդի եւ լրագրողի պարտականությունների հստակ կանոնակարգումը իշխանություններին ներկայացվելիք առաջարկների մեջ, իհարկե, ներառվելու է, ասում է Աշոտ Մելիքյանը՝ նշելով, որ ԸՕ-ում ներառելու այլ առաջարկներ եւս անելու են:




