Հասարակություն

Սիրիահայերի խնդիրներն ու նրանց բերած նոր մշակույթը

alisagevorgyan
«Հայաստան տեղափոխված սիրիահայերը ոչ միայն ժողովրդագրական խնդիր են  լուծում, այլև նոր մշակույթ են բերում, ինչն ինքնին դրական երևույթ է»,-ասում է  ՄԱԿ- ի Փախստականների հարցով գերագույն հանձնակատարի գրասենյակի հայաստանյան ներկայացուցիչ Նվեր Սարգսյանը, ում հետ զրույցում «Ռադիոլուրը» փորձել է բացահայտել հատկապես այն խնդիրները, որոնց բախվում են սիրիահայ մեր հայրենակիցները:

 

Հայաստան տեղափոխված սիրիահայերի հիմնական խնդիրը բնակարանի խնդիրն է, որն ավելի սուր է ուշ տեղափոխվածների դեպում, որովհետև նրանք  տեղափոխվել են գրեթե ամեն ինչ կորցրած: ՄԱԿ- ի Փախստականների հարցով գերագույն հանձնակատարի գրասենյակի հայաստանյան ներկայացուցիչ Նվեր Սարգսյանի խոսքով սիրիահայերի համար Հայաստանում հեշտ չէ նաև աշխատանք գտնելը, առաջարկվող աշխատավարձը հաճախ չի բավարարում անգամ բնակարանի վարձը մարելուն:

Զրուցակիցս շեշտում է մի տհաճ երևույթ, որը մեզանում տարածված է: «Ոմանք կարծում են , թե սիրիահայերը շատ հարուստ են և նրանց բնակարաններ են առաջարկում անհամեմատ ավելի բարձր գներով՝ մոռանալով, որ այս մարդկանց մեծ մասը Հայաստան է եկել ամեն ինչ կորցրած»,-ասում է Նվեր Սարգսյանը: Նրա խոսքով բազմաթիվ սիրիահայերի համար լուրջ է խնդիր նաև Հայաստանում բիզնես հիմնելը:

Սոցիալական խնդիրները շատերին ստիպում է ուղղություն վերցնել դեպի արտերկիր, մասնավորապես Եվրոպա, բայց այս դեպքում էլ մեր հայրենակիցների խնդիրները չեն ավարտվում:

Խնդրին անտեղյակ  սիրիահայերը Հայաստանից հեռանում են ավելի լավ ապագայի հույսով, բայց վերդառանում ավելի վատ վիճակում: Սիրիահայ Սարգիս Բերբերյանի համոզմամբ՝ հիասթափությունն ավելի փոքր կլինի, եթե մեր հայրենակիցներն ի սկզբանե հաշվի առնեն տեղի դժվարությունները: Նա Հայաստան է տեղափոխվել 2007-ին, ամուսնացել է, ունի երկու զավակներ՝Մոնթեն և Անդրանիկը: Աշխատում է որպես վարսավիր: «Դժվարություններ կան, բայց լուծելի են: Դրսում էլ կան խնդիրներ»,-ասում է:

Հայաստան տեղափոխված 17 հազար սիրիահայերից 500-ը ունեն փախստականի կարգավիճակ, մյուսներն ունեն ՀՀ քաղաքացիություն կամ ժամանակավոր կարցության իրավունք ունեցող անձի կարգավիճակ: «Սիրիահայերը հիմնականում հայրենասեր մարդիկ են և նշում են, որ չեն ցանկանում կոչվել փախստական սեփական հայրենիքում»,-ասում է Նվեր Սարգսյանը, ում դիտարկամամբ Հայաստան տեղափոխված սիրիահայերը ոչ միայն ժողովրդագրական խնդիր են լուծում, այլև նաև նոր մշակույթ են բերում, ինչն ինքնին դրական երևույթ է:

Կարդացեք նաև

Back to top button