

Անցյալ շաբաթ հրապարակված Ընտրական օրենսգրքի նախագիծը առաջիկայում մտնելու է Աժ-ով, որտեղ մանրամասն քաղաքական քննարկման կարժանանա: Գործընթացը կառավարության կողմից որակվել է անհետաձգելի, եւ քանի որ երկարատեւ է՝ Աժ առաջիկա քառօրյայում արդեն կընդգրկվի օրակարգ: Նախագծի հետ կապված արդեն կան որոշակի դժգոհություններ եւ սպասլիքներ: Այսօր կփորձենք ներկայացնել, այսպես ասած, փաստաթղթի տեխնիկական խնդիրներից մի քանիսը:
«Ազատ լրագրողների ասոցիացիա»-ն Ընտրական Օրենսգրքի նախագծում լուրջ խոչընդոտի հիմք է գտել քվեարկությունների օրը լրագրողների աշխատանքի համար: Հասարակական կազմակերպությունը նույնիսկ արդեն հայտարարություն է տարածել՝ ուշադրությունը փաստաթղթի հենց այդ կետին հրավիրելու համար: Խոսքը՝ նախագծում տեղ գտած «Քվեարկության կարգը» դրույթի մասին է, որի ձեւակերպումը հետեւյալն է՝ «յուրաքանչյուր ընտրական տեղամասում միաժամանակ գտնվող տեղացի դիտորդների ու ԶԼՄ ներկայացուցիչների ընդհանուր թիվը սահամանափակվել է 8-ով»:
«Սրանով ուղղակի կխոչընդոտվի լրագրողների մուտքը տեղամասեր»,- «Ռադիոլուր»-ի հետ զրույցում համոզմունք է հայտնել «Ազատ Լրագրողների ասոցիացիա»-ի ղեկավար Լիլիթ Թադեւոսյանը:
«Ստացվում է, որ ոչ միայն միջազգային, այլեւ տեղական դիտորդական կազմակերպությունները կարող են մասնակցել ընտրություններին բացառապես նախագահի, վարչապետի, Աժ նախագահի կամ ԿԸՀ հրավերի առկայության դեպքում: Մենք մտահոգվում ենք, որ այս սահմանափակումը ութով, որ նշվում է հնարավորություն չի տա այսպես ասած իշխանությունների կողմից չվերահսկվող լրագրողներինմտնել տեղամաս: Իրենց կողմից ներկայացված դիտորդներն ու լրագրողները հիմնականում այդ ութով կլրացվեն եւ քիչ կեղծիքներ կարձանագրվեն»:
Դրույթը կա, մտահոգությունն արտահայտված է, բայց ուշագրավ է, որ որեւէ այլ լրագրողական կազմակերպություն առայժմ չի միացել բողոքի ձայնին: «Առայժմ արձագանքում են միայն անհատ լրագրողները»,- խոստովանում է Լիլիթ Թադեւոսյանը՝ չբացառելով, որ նախագիծը խորհրդարան մտնելուն պես օգտագործելու են բոլոր հնարավոր միջոցները՝ խնդրին հնչեղություն հաղորդելու եւ դրույթը փոփոխելու համար:
ԸՕ-ում, այսպես կոչված, տեխնիկական փոփոխություններ նախատեսված են նաեւ Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի ձեւավորման համար: Օրինակ՝ ԿԸՀ անդամը չի կարող երկու անգամից ավելի ընտրվել, այդ թվում՝ նաեւ ԿԸՀ նախագահի պաշտոնում: Նախագծով նոր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմավորման ժամկետ է սահմանվում մինչև 2016 թվականի նոյեմբերի 1-ը, ինչը հնարավորություն է տալիս, որպեսզի 2017 թ. Ազգային ժողովի ընտրությունները կազմակերպվեն նախագծով սահմանված կարգով ձեւավորված Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի ներկայացմամբ՝ ԿԸՀ-ն ձեւավորվելու է հետեւյալ կերպ.
«ԿԸՀ-ն պետք է եւավորվի Աժ կողմից, որպեսզի ապահովվի պատշաճ քաղաքական բալանսը, այդ անդամները պետք է ընտրվեն պատգամավորների ընդհանուր թվի ձայների 3/5-ով, ինչը նշանակում է, որ զուտ մեծամասնությունը Աժ-ում բավարար չէ: 3/5-ը նշանակում է 60 տոկոս, այսինքն՝ պետք է ներգրավված լինի քաղաքական ուժերի ավելի լայն ներկայացվածություն ԿԸՀ-ն ձեւավորելու համար»:
Քաղաքական քննարկումներից առաջ ընդդիմությունը կարծում է, որ այս պահին մեծ է հավանականությունը լսելի լինելու եւ ամենակարեւորը՝ առանցքային համարվող տեխնիկական կազմակերպչական կետերի շուրջ համագործակցության եզրեր գտնելուառումով: «Լավատեսության հիմք է միջազգային աջակցությունը»,- ասում է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
«Երբեք չի եղել այսպես, որ ԵՄ բոլոր դեսպանները, ԵՄ պատվիրակության ղեկավարը, ԺՀՄԻԳ-ը միակարծիք ուղարկել են մոտեցումներ, որոնք համընկնում են մեր մոտեցումների հետ: Երբեք ԺՀՄԻԳ-ը Վենետիկի Հանձնաժողովի դեմ դուրս չի եկել՝ հայտարարելու, որ ցուցակները պետք է հրապարակեն»:
Հիշեցնենք, որ ԸՕ-ի ընդունման համար վերջնաժամկետ է համարվում հունիսի 1-ը: Աժ-ի առաջիկա քառօրյայից քննարկումներն, ամենայն հավանականությամբ, կմեկնարկեն:




