ԿարևորՔաղաքական

Հայաստան-Արցախ-Սփյուռք. հայության հիմնահարցերը` Եվրոպայի հայերի համագումարի քննարկման օրակարգում

lianaeghiazaryan

Գերմանիայի Դուիսբուրգ քաղաքում մարտի 4-6-ը անցկացվում է Եվրոպայի հայերի համագումարը: Սա գիտահետազոտական խորհրդաժողով է, որի քննարկման առանցքում են հայության հիմնահարցերը Հայաստանում եւ Սփյուռքում, Հայաստան-Սփյուռք հարաբերությունները, Ցեղասպանության և պահանջատիրության խնդիրները, Արցախի հիմնահարցի լուծման ընթացքն ու հեռանկարները եւ այլն: Եվրոպայի հայերի համագումարի Գերմանիայի մասնաճյուղի պատասխանատու,  խորհրդաժողովի կազմակերպիչ Րաֆֆի Բեդիկյանը Գերմանիայից «Ռադիոլուր»-ի հետ բացառիկ զրույցում մանրամասնել է, թե ինչ փաստաթուղթ է կազմվելու համագումարի ավարտին, ինչ անելիքներ են կանխորոշվում լայնամասշտաբ այս հանդիպումից հետո, ու ինչու Հայաստանի իշխանությունից որեւէ մեկը չի հրավիրվել հայության հիմնահարցերին նվիրված խորհրդաժողովին:

 

Ինչ հիմնահարցեր են ծառացել Հայաստանից դուրս ապրող հայերի առջեւ, Հայաստանի եւ Արցախի քաղաքական հիմնախնդիրները լուծման ինչ հեռանկարներ ունեն, Հայոց ցեղասպանության ճանաչման եւ պահանջատիրության ուղղությամբ ինչ հետագա անելիքներ կան: Այս ու տասնյակ նման հարցեր են մարտի 4-6-ը քննարկվում Գերմանիայի Դուիսբուրգ քաղաքում անցկացվող` Եվրոպայի հայերի համագումարում:

Նման խորհրդաժողով անցկացվում է ամեն տարի, այս տարի՝ առավել ընդլայնված կազմով, «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նշում է Եվրոպայի հայերի համագումարի Գերմանիայի մասնաճյուղի պատասխանատու,  խորհրդաժողովի կազմակերպիչ Րաֆֆի Բեդիկյանը` Գերմանիայից: Զեկուցումներով հանդես են գալիս Հայաստանից, Շվեդիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից ու Թուրքիայից, միանում են նաեւ նաև ինտերնետային կապի միջոցով:

Հայաստանյան իշխանությունից, սակայն, մասնակիցներ չկան: Չեն հրավիրվել, բացատրում է զրուցակիցս: «Ոչ, Հայաստանի կառավարությունից չեն հրավիրվել, որովհետեւ մենք ուզում ենք ներքին ճակատով մի շարք ռազմավարական հարցեր քննարկել: Սփյուռք-Հայաստան հարաբերությունները պետք է քննարկվեն. Սփյուռքն ինչպես պետք է Հայաստանի հետ խոսի, արդյոք միայն ծափահարի, թե նաեւ քննադատի որոշ հարցերում»,- ասում է։

Սփյուռքին առնչվող հարցերում Սփյուռքի նախարարության որոշ ծրագրեր հավանության արժանանում են Եվրոպայում, բայց փոփոխությունների, վերանայումների կարիք էլ կա, ասում է Եվրոպայի հայերի համագումարի կազմակերպիչը: Համաժողովի ավարտին ստորագրվելու է արձանագրություն-փաստաթուղթ, որում պետք է ամրագրվեն գիտաժողովին բարձրաձայնված տասնյակ հարցերի լուծման ուղղությամբ առաջիկա անելիքները:

Դրանցից Րաֆֆի Բեդիկյանը շեշտադրում է մի քանիսը: «Ամենակարեւորը` որ Սփյուռքն ավելի կազմակերպված, կուռ ձեւով ու ավելի համախմբված աշխատի: Քննարկվում է, մասնավորապես, ժխտողականության հարցն ու այն, թե միջազգային իրավունքն ինչ հնարավորություններ է մեզ տալիս, որպեսզի իրավական հարթության մեջ Թուրքիային հողային պահանջ ներկայացվի, փոխհատուցման պահանջ դրվի»։

Սփյուռքում լրջորեն մտահոգվում են ներհայաստանյան խնդիրներով: Շատերը բիզնես-ծրագրեր են անում, շատերը՝ ներդրումային փոխանցումներ այս կամ այն ծրագրի իրագործման համար, մի մասը պահպանում են իրենց կապերը հայրենիքի հետ, իսկ մի ստվար զանգված էլ Հայաստանում առկա կոռուպցիոն երեւույթներից եւ քաղաքական ու սոցիալական խնդիրներից պարզապես հիասթափված է: Ուստի առանձին քննարկման թեմա է դառնալու Հայաստանի Հանրապետության իրավիճակը եւ զարգացման հեռանկարները:

Զեկույցներ են լինելու նաեւ Արցախի հիմնահարցի լուծման ընթացքի եւ հեռանկարների, Միջին Արեւելքի հայկական համայնքների դրության վերաբերյալ: Ֆրանսահայ համայնքն իր անելիքներն ունի Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու ուղղությամբ:

Ամեն զեկույցից հետո ընդունված բանաձեւերը, Րաֆֆի Բեդիկյանի փոխանցմամբ, լինելու են համաժողովի նախագահության ուշադրության կենտրոնում: Իսկ նախագահությունն առաջիկայում, հավանական է, ավելի մեծանա,  ծրագրվում է վերաբացել Բրյուսելի մասնաճյուղը՝ անելիքներին նոր թափ հաղորդելու նպատակադրմամբ:

Կարդացեք նաև

Back to top button