Հասարակություն

ՊՆ- ում մեծարեցին հերոսներ ծնած ու մարտի դաշտում հերոսացած կանանց

alisagevorgyan

Պաշտպանության նախարարությունում այսօր տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված Կանանց միջազգային օրվան: Միջոցառմանը մասնակացել են  զոհված ազատամարտիկների մայրեր, այրիներ, կին ազատամարտիկներ, զինված ուժերում լավագույնը ճանաչված զինծառայողների ծնողներ, հայոց բանակում միաժամանակ ծառայող զույգ կամ երեք զինծառայողների տատիկներ, պաշտպանության նախարարության հետ համագործակցող հասարակական կազմակերպությունների կին նախագահներ: Առաջիկա տոների կապակցությամբ մի խումբ կին զինծառայողներ,  ժամկետային զինծառայողների ծնողներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով ու պատվոգրերով։

Պաշտպանության նախարարության վարչական համալիրում կանանց միջազգային օրվա առիթով կազմակերպված մեծամասշտաբ միջոցառումն այսօր մեկնարկեց նախարարության տեղեկատվության և հասարակայանւթյան հետ կապերի վարչության պատրաստած պայմանագրային զինծառայողների կանանց նվիրված  ֆիլմի ցուցադրությամբ, հնչեցին շնորհավորանքներ, ելույթներ:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի տոնական ուղերձն ուղղված էր իրենց կյանքը հայրենիքին նվիրաբերած հերոսների մայրերին, այրիներին, հայոց բանակում ծառայություն իրականացնող զինվորների մայրերին, կին զինծառայողներին, ազատամարտիկներին, ընդհանրապես բոլոր հայ կանանց:

Նախարարը խոստովանեց, որ զինվորական լարված առօրյայի մեջ հաճախ հնարավորություն չի լինում պատշաճ ուշադրության ու գնահատանքի արժանացնել կանանց, իսկ տոնական միամսյակն այդ առումով հրաշալի հնարավորություն է: Հնարավորություն՝ մեծարելու հայ կանանց, որոնք տղամարդու հետ միասին կիսել ու կիսում են նաև հայոց բանակի  ծանր, դաժանություններով ու փորձություններքով լի ճանապարհը։

Նախարար Օհանյանի խոսքով` այսօր հերոսներ կոչվելու լիարժեք իրավունքն ունեն նաև այն մայրերը, որոնց որդիները պաշտպանում են սահմանն ու պահպանում մեր երկրի խաղաղությունը՝ երբեմն նաև կյանքի գնով: Նրանց թվում է նաև զոհված զինծառայող Ազատ Ասոյանի մայրը՝ Մանուշակ Բալյանը, ով որդուն կորցնելուց հետո կարողացավ ուժ գտնել իր մեջ՝, մայրանալով հայրենիքին պարգևեց նոր զինվոր՝ Նարեկին:

Տոնական միամսյակի կապակցությամբ պաշտպանության նախարարության գերատեսչական մեդալներով, նվերներով ու պատվոգրերերով այսօր պարգևատրվեցին բազմաթիվ կանայք, ում ճակատագիրն այս կամ այն կերպ աղերսվել է հայոց բանակի բարդ ու հերոսական ուղու հետ։ Նրանց թվում էին ինչպես հերոսներ ծնած, այնպես էլ պատերազմի ու խաղաղության պայմաններում հերոսացած բազմաթիվ կանայք:

Կարդացեք նաև

Back to top button