

Առողջ սիրտ ունենալու առաջին գրավականը առողջ ապրելակերպն է: Չծխել, չչարաշահել ալկոհոլը, զբաղվել սպորտով, հետևել սննդակարգին. միայն այս դեպքում հնարավոր կլինի նվազեցնել սրտի գանգատներով բժշկի դիմելիությունը, պնդում են մասնագետները:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ աշխարհում ոչ վարակիչ հիվանդություններից առավել տարածվածը սիրտանոթային հիվանդություններն են, որից տարեկան մահանում է 38 միլիոն մարդ։
ԱՆ գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանն այսօր նշել է, որ հիվանդությունը երիտասարդացման միտում ունի:
Հայաստանում արյան շրջանառության համակարգի հիվանդություններից տարածված են զարկերակային բարձր ճնշմամբ պայմանավորված հիվանդությունները, տարածվածությամբ երկրորդ, սակայն մահացության ցուցանիշներով առաջին տեղն են զբաղեցնում ստենոկարդիան, սրտամկանի սուր ինֆարկտը և ուղեղի արյան շրջանառության սուր խանգարումը՝ ինսուլտը:




