Հասարակություն

Տաքսիստները կառավարությունից են դժգոհ, քաղաքացիները` տաքսիստներից

lianaeghiazaryan

Շուրջ 2 տասնյակ տաքսու վարորդներ այսօր հարյուրավոր այլ վարորդների անունից բողոքի ակցիայի են դուրս եկել կառավարության շենքի բակում` ներկայացնելով մի շարք պահանջներ իրենց գործունեության լիցենզավորման պահանջները թեթեւացնելու եւ նրանց ձեւակերպմամբ` «տաքսիների ոլորտը ճգնաժամային վիճակից դուրս բերելու» պահանջով: Տաքսիստները պահանջել են հանդիպում հանրապետության վարչապետի հետ, ապա, հաշվի առնելով գործադիրից ստացած պարզաբանումը վարչապետի` այսօր խիստ զբաղված լինելու հետ, համաձայնել են նույն պահանջներով հանդես գալ մոտ օրերս։ Ի՞նչն է տաքսու վարորդների դժգոհության պատճառը, ինչո՞ւ են նրանք ահազանգում իրենց մասնագիտական շահերի  ոտնահարման մասին, կառավարության որ որոշումներն են նրանց դրել դժվար կացության մեջ, ու, ի վերջո, արդյո՞ք քաղաքացիներն իրենք էլ դժգոհ չեն նույն տաքսիստներից ու տաքսիներից:

Մինչ տրանսպորտի եւ կապի նախարարությունը պարբերաբար հանդես է գալիս տաքսիների ոլորտին ուղղված փոփոխություններով  ու դրանք անվանում կարգավորումներ, տաքսիստների մտահոգություններն ու դժգոհություններն ավելանում են:

Կառավարության շենքի բակում այսօր բողոքի ակցիայի հավաքված վարորդները թվարկում են` դրվում է դեղին համարանիշերի պահանջ` իր ծախսերով, հաշվիչների պահանջ` իր ծախսերով եւ այսպես շարունակ: Դրանք անելուց հետո կարգը փոխում են, ու ստացվում է, որ տաքսու վարորդները շարունակ անիմաստ ծախսեր են անում: «Տարին մեկ լիցենզավորման կարգը փոխում են»,- ասում են։

Տաքսիստներն անհասկանալի են համարում, թե ինչու են իրենք վճարում 25 հազար դրամ լիցենզավորման համար ու ամսական եւս 12 հազար դրամ` պարզապես գործունեություն ծավալելու համար: Ինչ են, ի վերջո, պահանջում վարորդները: Պողոս Օղլուկյանը իրենց պահանջը ձեւակերպում է այսպես` վերացնել լիցենզիան, վարորդին հնարավորություն տալ ամիսը 5-6 հազար դրամ վճարել ու օրինակ` «Հայփոստի» բաժանմունքներից ստանալ ամսական գործունեության կտրոն:

Այդ կտրոնները վարորդները թող փակցնեն դիմապակուն, ու ճանապարհային ոստիկանությունը դրանց առկայությամբ կամ բացակայությամբ որոշի` տաքսու գործունեությունն օրինակա՞ն է, թե՞ ոչ: Եթե կտրոնը չլինի, թող տուգանեն առաջին անգամ 5 հազար, երկրորդ անգամ 10 հազար դրամով. դրան էլ են վարորդները համաձայն: Իսկ ամսական 5-6 հազար դրամ վճարելով էլ իրենց հարկերի վճարման հարցը կլուծվի:

Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը պնդում է` գործող լիցենզավորման պահանջը մինչ այժմ չի հանգեցրել տաքսի ծառայությունների որակի բարձրացման: Փոխարենը՝ տարատեսակ փաստաթղթային պահանջներ ու քաշքշուկներ կան, վարորդների մասնագիտական շահերն էլ ոտնահարվում են:

Կառավարությունից միակ պատասխանը, որ այսօր ստացան տաքսիստները, այն էր, որ այսօր նիստի օր է, վարչապետը հագեցած օրակարգի պատճառով հանդիպել ու ընդունել չի կարող: Վարորդները համաձայն են` հանդիպման կգան մի քանի օրից, միայն թե հնարավորություն լինի նստել ու քննարկել իրենց հուզող տարատեսակ հարցերը:

Թող լինի միջգերատեսչական հանձնաժողով, որը միասնական ասելիք ունենա իրենց: Տրանսպորտի ու կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ասացին, վերջին մեկ տարում հանդիպման բոլոր առաջարկներից հրաժարվել է: Բայց հարցը մեկ այլ, ոչ պակաս կնճռոտ կողմ էլ ունի: Արդյո՞ք նույն տաքսիստներն ու տաքսի ծառայությունները նույնքան ազնիվ են քաղաքացիների հետ, որքան որ պահանջում են իրենց հետ լինել: Պարզվում է` ոչ: Փոքրիկ հարցումը փաստում է` քաղաքացիների դժգոհություններն էլ իրենց քանակով չեն զիջում տաքսիստների բողոքներին:

 

Կարդացեք նաև

Back to top button