Քաղաքական

Արտահերթ նիստ-նստաշրջանների ընթացքում ընդունվել է 4 անգամ ավելի շատ օրենք (լրացված)

լուսանկարները՝ Մեդիա կենտրոնի

տեղադրվել է ժամը 15։52-ին
լրացվել է ժամը 17։41- ին

lenabadeyan
«Մանդատ» ՀԿ-ն այսօր ներկայացրել է թվով իր 7-րդ զեկույցը, որն այս անգամ ամփոփում է 5-րդ գումարման Աժ-ի 8-րդ նստաշրջանը: Աշխատանքի ուշագրավ փաստերից է օրինակ այն, որ ընդունված 116 օրենքից միայն 8-ի հեղինակներն  են պատգամավորները: Օրենքների մոտ 80 տոկոսն ընդունվել է արտահերթ նիստերի եւ եւ նստաշրջանի ընթացքում: Ընդ որում, վավերացված 18 համաձայնագրերից 14-ը եւս ընդունվել են արտահերթ նիստերի ընթացքում: Դրանց գերակշիռ մասը վարկային համաձայնագրեր են, որոնց ընդհանուր գումարը գերազանցում է կես միլիարդ դոլարի սահմանը:

Աժ մոնիտորինգ ծրագրի ղեկավար Լուսինե Վասլիյանի ներկայացմամբ՝ նախորդ զեկույցներից հետո շարունակում են դեռ օրակարգային մնալ մտահոգիչ տենդենցները:

«Հիմնական ահազանգը շարունակում է մնալ արտահերթ նիստ-նստաշրջանների ընթացքում օրենսդրական հիմնական քվեարկությունների կազմակերպման բեռը արտահերթերի վրա թողնելը: Միշտ այդպես եղել է, այս անգամ բացառիկ ցուցանիշ է գրանցվել: Արտահերթ նիստ-նստաշրջանների ընթացքում ընդունվել է 4 անգամ ավելի շատ օրենք, քան՝ հերթական քառօրյաների ընթացքում»:

Իրենք՝ պատգամավորները, նույնպես արդեն բարձրաձայնում են այս խնդրի մասին: Նույնսիկ որակումներ են տալիս, թե Աժ Կառավարության Ավելացված Արժեքի հարկն է, այսինքն՝ վերածվել է կառավարության ֆինանսա-տնտեսական կցորդի՝ օրենսդրական նախաձեռնություններ անելու իր դերակատարումը փոխանցելով գործադիր իշխանությանը: Ընդդիմադիրները կարծում են, որ արտահերթ նիստ եւ նստաշրջաններն օգտագործվում են այսպես ասած, «թաքուն օրենքներ» ընդունելու համար՝ արագացված կարգով: Հանրապետական խմբակցությունից պատգամավոր Սամվել Նիկոյանն այս առումով հիշում է ժամանակը, երբ նախագահում էր խորհրդարանի նիստերը: Խոստովանում է, որ իր համար էլ էին անցանկալի արտահերթ նիստերը, բայց դրա համար կա օբյեկտիվ պատճառ:

Ի դեպ՝ խորհրդարանում չխոսող, ելույթ չունեցող, հարց չտվող՝ լռակյաց պատգամավորների թիվն անփոփոխ է, 131-ից շուրջ 70-ը այդպիսինն են: Աժ-ի պատկերից եւս մեկ մեջբերում. քվեարկությունների առումով խորհրդարանում ամենակողմը հանրապետականներն են, ամենադեմը Ժառանգությունն է, ամենաձեռնպահը՝ Դաշնակցությունը, ամենաշատ բացակայածը՝ ՀԱԿ-ն է՝ նստաշրջանի վերջին քառօրյան եւ դրան հաջորդած արտահերթը բոյկոտելու պատճառով, իսկ ամենաչքվերկածը ԲՀԿ-ն է:

Ի դեպ՝ ամենաակտիվ պատգամավորի դափնեկիրն այսուհետ փոխվել է: Վերջին շրջանում ավանդաբար ամենաակտիվ պատգամավոր համարվող Արծվիկ Մինասյաննիր տեղը զիջել է Օրինաց Երկրից Հովհաննես Մարգարյանին:

Կարդացեք նաև

Back to top button