
Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը Բաքվում է, «РИА Новости» գործակալության փոխանցմամբ Ռոգոզինն այդ մասին հայտնել է Facebook -ի իր էջում: «Կոմերսանտ» պարբերականն իր հերթին գրում է, որ Ռուսաստանի փոխվարչապետին ուղեկցում են նաև «Ռոսոբորոնէքսպորտի» նեկայացուցիչները: Տեղեկատվության համաձայն, Բաքվի քննարկումների օրակագում ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցության հարցերն են:
Ըստ թերթի աղբյուրների` նավթի գնանկումը բացասաբար է անդրադառնում սպառազինության մատակարարման վերաբերյալ ռուս-ադրբեջանական պայմանագրերի կատարման վրա: «Միջազգային շուկայում նավթի գնի անկման պատճառով Ադրբեջանն ի վիճակի չէ վճարել արդեն ձեռք բերված ռուսական սպառազինության դիմաց»: «Կոմերսանտը» գրում է, որ ռուսական զենքով բեռնված նավերն արդեն նավահանգստում են՝ սպասելով իրավիճակի հանգուցալուծման: Գլխավոր խնդիրը ֆինանսական է, և դրանք կարգավորելու նպատակով Ռուսաստանի փոխվարչապետն այսօր Բաքվում է:




