Հասարակություն

Հասարակության էթիկան՝ ըստ ԱԺ հանձնաժողովի եւ ըստ մտավորականների

lenabadeyan

Պատգամավոր դառնալուց առաջ ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Շուշան Պետրոսյանը իր քայլը հիմնավորում էր, թե ձգտում է օրենսդիր մարմին մտնել՝ այդ կառույցում լեզվի անաղարտության համար պայքարելու նպատակով: Արդեն տեւական ժամանակ է այս պատգամավորի հարցը՝ թույլ տված արտահայտությունների պատճառով, գտնվում էր Աժ էթիկայի հարցերի ժամանակավոր հանձնաժողովի ուշադրության կենտրոնում: Ոչ թե հանձնաժողովի կայացրած որոշումը, այլ՝ հիմնավորումը, մեղմ ասած, զայրացրել է որոշ մտավորականների: Խնդրին ավելի գլոբալ են մոտենում՝ այսօր ունենք էթիկայի լուրջ խնդիրներ եւ որոշ չափանիշները վերանայելու անհրաժեշտություն: 

 

ԱԺ էթիկայի հանձնաժողովը երեկ որոշեց՝ պատգամավոր Շուշան Պետրոսյանը ոչ մի նորմ չի խախտել ֆեյսբուքյան օգտատերի հացսեին օգտագործելով «ականջներդ կկտրեմ, այ լակոտ» եւ նմանատիպ այլ արտահայտությունները: Հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Խոսրով Հարությունյանի հիմնավորումը հետեւյալն էր. «Նպատակը եղել է սաստել: Չգիտեմ ձեզ ինչպես, բայց ինձ պատանի տարիքում քիչ չի եղել, որ մեծերն ասել են «ականջներդ կկտրեմ, այ լակոտ»: Դրանից չի հետեւում, որ նրանք ակնհայտորեն գալու էին իմ ականջները կտրելու: Ուղղակի խրատում էին ինձ»։

Այս բացատրությունն ընդունելի չէ որոշ մտավորականների համար, մասնավորապես՝ տիկնիկային թատրոնի ղեկավար Ռուբեն Բաբայանն անթույլատրելի է համարում նման մտածելակերպը: «Ես չեմ լսել ոչ տանը, ոչ դպրոցում: Էս ինչ հպարտանալու ձեւ է, որ մենք այդպես ենք խոսում իրար հետ»,- ասում է։

Օրենքի եւ էթիկայի մեջ կա էական տարբերություն, ասում է գրող, հրապարակախոս Մերուժան Տեր Գուլանյանը՝ առանց որեւէ մեկին մեղարդրելու կամ պիտակավորելու՝ գնահատելով լսած արտահայտությունները: «Սրանք շատ կապիտ արտահայտություններ են անկախ նրանից, թե ով է ասել: Կարող է դուք ինձ հետ համաձայն չլինեք, իմ սկզբունքների հետ համաձայն չլինեք, խնդրեմ: Ասեք, որ համաձայն չեմ եւ հակառակ կարծիքի եք, բայց ինչու՞ եք վիրավորում մարդուն»:

Օրենքների խստացումից սովորաբար բարոյականությունը չի ավելանում, հետեւաբար այս մտավորականն ունի իր առաջարկը ԱԺ-ում շփումն ավելի քաղաքակիրթ դարձնելու համար: «Բարոյական դաշտի ամենամեծ լուծում տվողը՝ ամբողջ դահլիճի առաջ ներողություն խնդրելն է: Կանգնում է, խոսափողով ներողություն է խնդրում իր կոպտության, սխալի համար եւ դա ցուցադրվում է հեռուստատեսությամբ: Մի քանի անգամ, որ այդպիսի բան լինի, այլեւս երբեք չեն անի»,- ասում է։

«Աժ էթիկայի հանձնաժողովը լծակներ եւ իրավասություն չունի պատգամավորների այս կամ այն արտահայտություններն ու դրվագները գնահատելու, փաստելու եւ որակելու որպես վիրավորանք>,-  կարծում է Խոսրով Հարությունյանը՝ պատգամավորների գործողություններից կամ արտահայտություններից վիրավորվածներին ցույց տալով դատարանների տեղը:

Այս դեպքում մտավորականները պնդում են՝ ստեղծված պայմաններում ԱԺ համապատասխան հանձնաժողովը բոլորովին ավելորդ մի կառույց է: Հետեւաբար՝ խնդրի լուծմանը այս փուլում պետք է կրկին միանան լրագրողները, կարծում է անվանի երաժիշտ Վահան Արծրունին, ով ի դեպ՝ նույնպես, խոստովանում է՝ իբրեւ սաստում, մանկության տարիներին երբեք շրջապատից չի լսել սպառնալիքը ականջները կտրելու մասին: «Ուրիշ խնդիր է այստեղ, որ մենք չենք կարող մերվել դրա հետ: Ձեւավորվում է հարաբերությունների մի տեսակ իշխանական զանգվածում, որը մեր կյանքն է գծագրում, որը մեր կյանքի օրենքներն է սահմանում:  Մենք հասկանում ենք՝ ինչ մթնոլորտում մենք պետք է լինենք եւ ինչ մթնոլորտում հետագայում պետք է դաստիարակվեն մեր երեխաները: Ինչ նորմերի ներքո»:

Ահա այս խնդիրների մասին բարձրաձայնելը, քննարկելը եւ սաստելու գործող չափանիշները մերժելու եւ վերանայելու դեպքում միայն հասարակական ուժերով կկարողանանք վերադառնալ շփումների էթիկայի դաշտ, իհարկե, այն դեպքում, եթե յուրաքանչյուրն իր մեջ ունենա այդ էթիկայի սկզբունքները:

Կարդացեք նաև

Back to top button