

Մարտի 1-ի իրադարձություններից ութ տարի անց. թեմային այսօր անդրադարձել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը: Նա առավելապես խոսել է մարտի 1-ի իրավական դասերի մասին: Ութ տարի անց էլ մարտիմեկյան իրադարձություններն իրավական հստակ գնահատական չունեն, արձանագրել է Ջհանգիրյանը:
10 զոհ, մի քանի հարյուր վիրավոր, մոտ 90 դատապարտված. մարտիմեկյան իրադարձությունների այս թվային ամփոփման մեջ գլխավոր կամ ամենացավալի հարցը ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը համարում է զոհերի համար պատասխանատվության կանչվածներ ու ենթարկվածներ չունենալը: «Անցել է 8 տարի, բայց սայլը տեղից չի շարժվել»,- ասում է։
10 զոհերի մահվան հանգամանքների չբացահայտումը Ջհանգիրյանը վերագրում է իշխանությունների կամքի ու ցանկության պակասին: Նրա ամփոփմամբ՝ մարտիմեկյան իրադարձություններն իրավական հստակ գնահատական առայժմ չունեն: «Մինչև վերջ ուսումնասիրված , քննված չէ իրադարձություններին պետական այս կամ այն կառույցի մասնակցության կամ դերակատարության հարցը»:
Մոտ 6 տարի մարտի 1-ի զոհերի գործը քննվում էր մեկ քրեական գործի շրջանակներում: 2014-ի նոյեմբերին՝ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի ցուցումով՝ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործից մահվան յուրաքանչյուր դեպքով առանձին վարույթներ առանձնացվեցին: Դատախազն ընդգծել էր, որ յուրաքանչյուր զոհի գործի անջատումը ընդհանուրից բացառապես իրավական գործընթաց է՝ միտված գործի քննության արդյունավետության ապահովմանը:
Այս անջատումից հետո էլ քրեական գործի քննությունը լուրջ շրջադարձեր չի արձանագրել: «Ցավոք՝ լուրջ տեղաշարժ չկա, և այդ տակտիկական հնարքը արդյունքի չի բերել: Կարծում եմ ՝ գործերը միացնելը կամ առանձնացնելը չեն բերելու արդյունքի սպանությունները բացահայտելու հարցում»:
Մարտի 1-ի գործով նախաքննությունը դեռ շարունակվում է: Դրան զուգահետ հարցը վիճարկվում է նաև ՄԻԵԴ-ում: 5 տարի առաջ զոհերի հարազատները Եվրադատարան ուղարկած գանգատով պահանջել են ճանաչել կյանքի, խոշտանգումներից զերծ մնալու, արդյունավետ քննության, համարժեք փոխհատուցման և այլ իրավունքների խախտումները։ Գործն այժմ կոմունիկացիայի՝ հարցուպատասխանի փուլում է: Ըստ վերջին զարգացման՝ կառավարությունը 2 ամիս ժամանակ է խնդրել, հայցում բարձրացրած հարցերին պատասխանելու համար:
Եվրադատարան բողոքներ են գնացել նաև Մարտի մեկի դեպքերի առիթով կալանավորված անձանցից։ Նրանցից մեկը Գագիկ Ջհանգիրյանն է: Այս բողոքների քննությունը, վերջինի փոխանցման հարցուպատասխանի փուլն արդեն անցել է: Դիմողներն սպասում են վճիռների կայացմանը:




