Հասարակություն

Երևանում Առողջապահության միջազգային ցուցահանդես է բացվել

sonahakobyan
Մարդու առողջությունը Հայաստանի ազգային քաղաքականության կարևորագույն և գերակա հիմնահարցերից է: Պետությունը առանձնահատուկ ուշադրություն է դարձնում առողջության պահպանման համակարգին, նրա նյութա-տեխնիկական բազայի հարստացմանն ու ամրապնդմանը: Վերջին տարիներին հայկական բժշկությունը զգալի հաջողությունների հասել է կանխարգելման, ախտորոշման և բուժման հեռանկարային մեթոդների մշակման գործում: Հաջողությամբ յուրացվում են առաջատար տեխնոլոգիաները, ստեղծվում են նոր դեղամիջոցներ:

Ոլորտի ձեռքբերումները ներկայացնելու նպատակով  ՀՀ Կառավարության շենքի Նիստերի դահլիճի նախասրահում այսօր բացվել է «Առողջապահություն 21-րդ դար» ցուցահանդեսը, որը եզակի հնարավորություն է տալիս ծանոթանալու ոլորտի առաջատար մասնագետների կարծիքներին և ստանալ արժեքավոր խորհուրդներ: Ցուցահանդեսի կազմակերպիչներն են ՀՀ Առողջապահության նախարարությունը և «Ինտեր Էքսպո» ցուցահանդեսային ընկերությունը:

Ինչպես «Ռադիոլուրի» հետ զրույցում նշել է «Ինտեր Էքսպո» ցուցահանդեսային ընկերության փոխտնօրեն Արա Ստեփանյանը՝  ցուցահանդեսին մասնակցում են ավելի քան 50 ընկերություններ: Մասնակից բժշկական կենտրոնների ցանկում են նաև «Նաիրի», «Էրեբունի» և «Տավուշ» բժշկական կենտրոնները, որոնք ներկայացված են մեկ ընդհանուր տաղավարում:  Էրեբունի  բուժկենտրոնների ծառայությունները ներկայացրել է  Էրեբունի բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը:

Կարդացեք նաև

Back to top button