
Ամերիկահայ հայտնի դերասան և պրոդյուսեր Նորա Արմանիի կողմից 2013-ին Նյու Յորքում հիմնադրված SR — Socially Relevant Film Festival New York փառատոնը կմեկնարկի մարտի 14-20-ը:
Փառատոնում ներկայացված են բազմաթիվ հասարակական, սոցիալական խնդիրներ ընդգրկող ֆիլմեր՝ աշխարհի տարբեր երկրներից: Այս տարի Հայաստանից ներկայացված է հինգ ֆիլմ. Արա Երնջակյանի «Խավարում», Ռուբեն Փաշինյանի «Տղա՛ս, ու՞ր է Եփրատը», Մարինե Քոչարյանի և Սոնա Քոչարյանի «Ինչպես անցնել» (Ջիլիզից Ջիլիզ), Աննա Բայաթյանի «Արդեն գիտեմ» և Արեն Մալաքյանի «Աղջիկը լուսնի վրա» ֆիլմերը: Տեղեկացնում ենք փառատոնի հայաստանյան ներկայացուցիչությունից:
Արա Երնջակյան «Խավարում»- 2014 թվական, 15 րոպե
-Արդեն վատ ավանդույթ է դարձել, որ Ցեղասպանության մասին բոլոր ֆիլմերում լացի, ողբի, յաթաղանի, արյան տեսարաններ կան: Հանդիսատեսը հագեցել է այդ մոտեցումից, որը արդեն որևէ հույզ չի առաջացնում: Ահա ցանկություն առաջացավ նկարել մի ֆիլմ, որտեղ չեն լինի այդ ծեծված տեսարանները:Եվ որոշվեց նկարահանել մի ֆիլմ՝ ամենախոցելի շերտի երեխաների մասին,քանի որ ցանկացած պատերազմի և կոնֆլիկտի ժամանակ ամենախոցելի շերտը երեխաներն են, մեծերի սխալներից առաջին հերթին տուժում են երեխաները: Ֆիլմը երեխաների միջոցով մեծահասակներին է փոխանցում կարևոր մեսիջ, որը համամարդկային խնդիր է մարդիկ: Տաղանդավոր դերասան և պրոդյուսեր Նորա Արմանին, իմանալով այս ֆիլմի մասին, առաջարկեց այն ներկայացնել իր հիմնադրած փառատոնում: Իսկ այս փառատոնը բարձրացնում է սոցիալական հարցեր, և ինձ համար շատ հաճելի է նման առաջարկ ստանալը:
Ռուբեն Փաշինյան «Տղա՛ս, ու՞ր է Եփրատը» 2015 թվական 20 րոպե
Ես առաջին հերթին գրող եմ, հետո դերասան, ռեժիսոր և երաժիշտ: Կարծում եմ, որ կինոն արվեստի այնպիսի տեսակ է, որի հետ առնչվող արվեստագետը չի կարող ունենալ միայն մեկ մասնագիտություն: «Տղա՛ս, ու՞ր է Եփրատը» պատմվածքը, որի հիման վրա նկարահանվել է ֆիլմը, գրել եմ ռուսերեն:
Ֆիլմը առնչվում է Հայոց ցեղասպանության թեմային, բայց ոչ թե ցավի, կորստի ու մահվան մասին է, այլ պայծառ ապագայի ու լավատեսության: Կյանքը շարունակվում է և պետք չէ ապրել միայն անցյալի հուշերով: Ֆիլմի սյուժեն իրական դեպք է: Ցեղասպանություն վերապրած պապիկը, որ ԱՄՆ-ից այցելել էր Հայաստան, սկզբում անհասկանալի էր, թե ինչու էր ճանապարհորդության ընթացքում փնտրում Եփրատը: Ես նրան բացատրեցի, որ Եփրատն այստեղ չէ: Ֆիլմի վերջում նա ասում է. «Ես գիտեմ, որ Հայաստանում Եփրատներ չկան և փառք Աստծո, որ չկան»: Ֆիլմը շատ պարզ է ու թեթև, նույնիսկ փոքրիկ կատակերգական դրվագներ կան: Այն մրցանակներ ստացավ Ռուսաստանում տեղի ունեցած «Հայկական մոտիվներ» և Ծաղկաձորի Երիտասարդ գրողների փառատոներում:
Բոլորը միաբերան ասում էին, որ պատմվածքից շատ լավ ֆիլմ կստացվի: Հասկացա, որ պարտավոր եմ անել այդ գործը: Իսկ այս ֆիլմը կինոարտադրանք չէ, այլ քաղաքացիական խոսք, որը մենք չէինք կարող չհնչեցնել հատկապես Ցեղասպանության 100-ամյակին: Այն հայերեն է՝ անգլերեն և ռուսերեն ենթագրերով: Ինձ համար շատ հետաքրքիր է, որ օտար հանդիսատեսը հետաքրքրություն ցուցաբերեց ֆիլմի հանդեպ, ինչը հետաքրքրություն էր Հայոց ցեղասպանության թեմայի հանդեպ առհասարակ: Ֆիլմը ինքնատիպ խորհուրդ է, որի շարունակությունը լինելու է երկրորդ ֆիլմի մեջ և նկարահանվելու է ԱՄՆ-ում:
«Ինչպես անցնել» (Ջիլիզից Ջիլիզ) –15 րոպե
Կարճամետրաժ վավերագրական ֆիլմ
Հեղինակներ – Մարինե Քոչարյան, Սոնա Քոչարյան
-Ֆիլմը Հայաստանի և Վրաստանի սահմանին գտնվող Ջիլիզ գյուղի մասին է: Ասում են, թե սահման կա, սակայն չկա ոչ նշան, ոչ մետաղալար, ոչ անցակետ. միայն գետակն է գյուղը բաժանում հայկական և վրացական կողմերի: Լուսինեն աղջնակ է, որն ապրում է Հայաստանում գտնվող գյուղում, երազում է տեսնել սահմանից այն կողմ ապրող տատիկին և մյուս բարեկամներին: Չնայած նրանց միջև ընդամենը մեկ կիլոմետր տարածություն է, գյուղերն առանձին աշխարհներ են, քանի որ անհարմար սահմանը մարդկանց ստիպում է կտրել հարյուրավոր կիլոմետրեր` գյուղին հասնելու համար: Լուսինեն, նրա ընտանիքը և համագյուղացիներն ամեն օր նույն հարցերի առաջ են. ի՞նչ է սահմանը, որտե՞ղ է այն և ինչի՞ համար է: Պատասխանների փնտրտուքով Լուսինեն ճամփորդություն է ձեռնարկում Ջիլիզից Ջիլիզ:
-Սոնա Քոչարյան- Սովորում էի Վրաստանի հանրային կապերի ինստիտուտում և որպես ուսանողական աշխատանք ռեպորտաժ պատրաստեցի Ջիլիզա գյուղի և սահմանի մասին, սակայն վստահ էի, որ այն բավարար չէ այդ թեմայի համար: Երբ ես ու Մարինեն որոշեցինք ֆիլմ նկարահանել, մտածեցինք, որ դա լավագույն թեման է՝ այս անգամ վավերագրական ֆիլմի տեսքով:
-Մարինե Քոչարյան – Մեր ֆիլմն արդեն մասնակցել է մի շարք փառատոների: Մեզ համար շատ ուրախալի էր, որ ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ Կանադայի Հոթ Դոկս վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնի ընթացքում և արժանացավ ժյուրիի հատուկ մրցանակին: Նույն մրցանակին է արժանացել նաև Թբիլիսիի Սինե Դոկ և Հայաստանի «Կին» փառատոներում:
Հիանալի կարծիքներ ենք լսել SR — Socially Relevant Film Festival New York — ի մասին և հպարտ ենք, որ կարող ենք դրա մասնակիցը լինել:
Աննա Բայաթյան. «Արդեն գիտեմ»- 20րոպե 2015 թվական
-Ֆիլմը գեղեցիկ պոեմ է սիրո և հավատի մասին: Հերոսը պոետ է, նա սիրահարված է մի կնոջ, որին տեսել է ցուցապաստառի վրա: Նա մաքրամաքուր հավատով փոստատարի հետ անհասցե ուղերձ- նամակներ է ուղարկում: Թեև նա արժանանում է միջավայրի ծաղրին, միևնույն է, նրա անհասցե նամակները գտնում են իրենց հասցեատիրոջը: Ինձ, որպես ռեժիսորի, հատկապես հուզում է հոգևոր բռնությունների թեման արվեստում: Ֆիլմը ներկայացնում է անհատի և հասարակության անհամաձայնությունը, երբ ամբոխը հոգևոր ճնշում է գործադրում ոչ սովորական ու պոետիկ անձնավորության վրա, որը չի ապրում իրենց չափանիշներով:
-Ֆիլմը դիպլոմային աշխատանք է, որը պաշտպանել եմ ռեժիսոր Ռոման Բալայանի արվեստանոցում և նրա աջակցությամբ: Գլխավոր դերում խաղում է Սեմ Ասատրյանը: Երբ Սեմին տեսա, հասկացա, որ ուզում եմ նրան նկարել: Հետո կարդացի ռուս գրող Դ.Խարմսի նամակներից մեկը, Սեմի կերպարն ու Խարմսի նամակը խմորեցի իրար և դարձավ այս ֆիլմի սցենարը:
-Կարծում եմ ցանկացած ռեժիսորի համար շատ կարևոր է նման մասշտաբային կինոփառատոնի մասնակցելը: Դա մեծ հնարավորություն է և լավագույն առիթ է այլ ռեժիսորների և պրոդյուսերների հետ շփվելու համար: SR — Socially Relevant Film Festival New York փառատոնն իր նշանաբանով համընկնում է ֆիլմի ասելիքին:
Արեն Մալաքյան «Աղջիկը լուսնի վրա»-32 րոպե Փաստագրական ֆիլմ 2015 թվական
— Ֆիլմը հաղթահարման մասին է, թե ինչպես է տեսողությունից, լսողությունից զուրկ երեխան պարում բեմի վրա: Պետք էր կինոյի լեզվով ցույց տալ պարային ներկայացում բեմադրելու գործընթացը, թե ինչից պետք է սկսել, ինչ պետք է անել: Նկարահանումները տևել են 6 ամիս: Օպերատրի հետ երկար ժամանակ ուսումնասիրել ենք երեխաների հոգեբանությունը, նրանց հետ շփվել մոտիկից, մտերմացել, որպեսզի տեսախցիկի առաջ ազատ զգան: Նպատակս էր ֆիլմի միջոցով ոչ թե խղճահարություն, այլ ավելի հզոր զգացում արթնացնել մարդկանց մեջ, որ մարդիկ նայեն ու երազեն նրանց չափ ուժեղ լինել: Իրականում ովքեր չունեն ոչ մի ֆիզիկական խնդիր, երբեմն կամքով ավելի թույլ են, քան նրանք, ովքեր ունեն: Ֆիլմը համոզում է, որ նրանք ավելի ուժեղ են՝ անկախ այն բանից, որ նրանց համար ուժեղ լինելն ավելի դժվար է:
-Նյու Յորքի փառատոնը ինձ համար հետաքրքիր է նրանով, որ այն սոցիալական ուղղվածություն ունի, իմ ֆիլմը տարբեր ցուցադրություններում հիմնականում սոցիալական հնչեղություն ստացավ:Ֆիլմը նախատեսված է մարդ տեսակի համար, հանդիսատեսը մարդն է, նշանակություն չունի ազգությունը: Բոլոր ազգերի մեջ էլ կան այսպիսի խնդիրներ ունեցող երեխաներ, ովքեր արժանի են ուշադրության, հարգանքի:




