

Սուպերմարկետներում իրականացվող խաբեությունների և մեքենայությունների մասին է այսօր բարձրաձայնել հոգեբան Սամվել Խուդոյանը և նշել, թե ինչ հոգեբանական մեթոդներով են ազդում սպառողների վրա ու վաճառում ապրանքները: Սամվել Խուդոյանը թվարկել է մի քանի հոգեբանական միջոցներ, որոնք հաճախ կիրառվում են սուպերմարկետներում՝ օրինակ, լայն սպառման առաջին անհրաժեշտության ապրանքները վերջում դնելը, որպեսզի քաղաքացիները ստիպված շրջեն խանութում, էժան ապրանքները ներքևում դնելը, գինը հարյուր գրամի չափով նշելը: Սրան գումարած էլ, սուպերմարկետներում իրականացվող խաբեությունները, ինչպիսին է ապրանքի թերակշռումը, ժամկետանց ապրանքները առջևում դնելը և այլն: Հոգեբանը, սակայն, միաժամանակ նշել է, որ մեր երկրում բոլոր թերություններով հանդերձ, ամենալավ սպասարկումն է իրականացվում:
«Պարզվել է, որ երաժշտության տակտը, եթե սրտի ռիթմից ցածր է լինում, առևտուրն աճում է շատ ուժեղ. մտնում ես կիսատրանսային վիճակի մեջ: Եվ այդ երաժշտության տակ իջնում է քննադատականությունը և այդ ընթացքում շատ ես առևտուր անում: Իսկ պիկ ժամերին արագ երաժշտություն են դնում, որ ժողովուրդը արագ շարժվի, ինչը չնայած մեզ մոտ չեմ նկատել»:




