Քաղաքական

ՀՀԿ- ՀՅԴ համագործակցությունից ակնկալվող փոփոխությունները (լրացված)

տեղադրվել է 14։16- ին
լրացվել է ժամը 17։38- ին

karenghazaryan

Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ ՀՀԿ- ՀՅԴ համագործակցությունից ակնկալվող փոփոխություններին են անդրադարձել Աժ պատգամավորներ, հանրապետական Լեռնիկ Ալեքսանյանը եւ «Ժառանգություն» խմբակցությունից Թեւան Պողոսյանը: Հանրապետական պատգամավորը վստահ է, որ համագործակցությունը լրացուցիչ քաղաքական ռեսուրս կտա արմատական փոփոխությունների համար, որին իշխանությունը գնալու է՝ պայմանավորված նոր Սահմանադրությամբ: «Ժառանգությու»  խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանի կարծիքով՝ ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությունը քաղաքական գործընթաց է 2017 թ-ի ընտրություններին ընդառաջ:

 

ՀՀԿ- ՀՅԴ համագործակցության վերաբերյալ մամուլում հնչել են ամենատարբեր գնահատականներ ու տեսակետեր: Հանրապետական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանի գնահատմամբ՝ այս համագործակցության էությունը շատ ավելի խորքային է՝ պայմանավորված թե՛ արտաքին, թե՛  ներքին մարտահրավերներով: Հանրապետական պատգամավորը վստահեցնում է, որ իշխանությունը, նաեւ նոր Սահմանադրությամբ պայմանավորված, արմատական փոփոխություններ է իրականացնելու, եւ դրա համար անհրաժեշտ է լրացուցիչ քաղաքական ռեսուրս, հանրային վստահություն։

Հատկապես պետական կառավարման համակարգի հետ կապված սկզբունքների ընդհանրություններ Դաշնակցության եւ հանրապետականի մոտ առկա են, շեշտեց Լեռնիկ Ալեքսանյանը: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը ողջունելի է համարում քաղաքական ուժերի միջեւ ցանկացած համագործակցություն: Սակայն, ըստ նրա, տեղին չեն այն պնդումները, թե այդ համագործակցությունը հանուն ամուր երկիր կառուցելու է, քանի որ բոլոր քաղաքական ուժերն էլ ունեն նման տեսլական եւ կարող են այն ներկայացնել:

Թեւան Պողոսյանի խոսքով՝ վստահությունն ավելին կլիներ, եթե նոր, երիտասարդ դեմքեր  ամբողջությամբ բերվեին իշխանություն: Հետեւաբար՝ «Ժառանգության» պատգամավորի դիտարկմամբ.  «ուղղակի քաղաքական գործընթաց է, որը պետք է նախապատրաստի 2017 թվականին ընդառաջ համատեղության ինչ-որ աշխատանքներ կատարելու խնդրի մեջ, որովհետեւ քաղաքական դաշտում վերաձեւավորումների շրջանակը հնարավորություն է ընձեռում մի կողմից, այս պարագայում կասեմ, պատասխանատվություն լղոզելը Հանրապետական կուսակցության կողմից: Հաշվի առնենք, որ նա ունի բավարար ռեսուրս բոլոր այդ խնդիրները լուծելու՝ հենց արմատական փոփոխությունները նույնպես: Եթե գիտակցում ես, որ արմատական փոփոխություններ պետք է անես եւ բոլոր լծակները ունես, ի՞նչ է նշանակում՝ ուրիշներն էլ թող ինձ միանան, նոր անեմ: Այստեղ, ինձ թվում է, ավելի շատ մոտեցումը մի քիչ այլ տեսանկյունից է գալիս, որտեղ ապագային միտված խնդիրների մեջ քաղաքական կոմպոնենտի շրջանակ է ավելանում՝ հաշվի առնելով, որ երեւի հանրապետական կուսակցությունը գիտակցում է, որ այսօրվա իր ուժերով, քաղաքական տեսանկյունից, հարց չի քննարկվի եւ միգուցե Դաշնակցությունը պետք է»:

Ըստ հանրապետական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանի՝  համագործակցությունը շարունակական է եւ դաշինք չէ լոկ ընտրությունների համար, ինչպես շատերը պնդում են: Նա նկատեց, որ համագործակցության փաստաթղթով ամեն ինչ հստակեցված է, եւ Դաշնակցությունը պատասխանատվություն է կրում իշխանությունների ընդհանուր ծրագրերի համար:

Թե ինչպե՞ս կլուծվեն այդ ծրագրերը՝ կախված է այդ համագործակցությունից եւ դրանով էլ պայմանավորված է լինելու հասարակական վստահությունը, ինչը, Լեռնիկ Ալեքսանյանի գնահատմամբ, կարեւորագույն խնդիրներից մեկն է:

Կարդացեք նաև

Back to top button