

Գյումրեցի շատ ընտանիքների համար 27 տարի ժամանակավոր կացարաններում ապրելով իրական տուն ունենալը դարձել է երազանք: Քաղաքի անօթեւանների խնդրի կարեւորությունն օրակարգ բերելու համար շուրջ 3 տարի առաջ ֆոտոպատմություն պատրաստվեց՝ նաեւ իշխանությունների ուշադրությունը գրավելու համար: Սակայն համապատասխան արձագանք չեղավ: Նախաձեռնության հեղինակներից մեկի՝ լուսանկարիչ Հայկ Բարսեղյանի խոսքով՝ այս տարի որոշվեց խնդրի այլ լուծում գտնել: Ծայրահեղ ծանր պայմաններում ապրող 13 ընտանիքների համար բնակարան գնելու նպատակով տարեսկզբին նախաձեռնվեց դրամահավաք: Մշակվեց նաև բարեգործական միջոցառումների համալիր ծրագիր: Ծրագրի շրջանակներում վաղը Գյումրում հենց այդ ժամանակավոր կացարաններից մեկում դաշնակահար Տիգրան Համասյանը հանդես կգա համերգով:
Սպիտակի երկրաշարժից արդեն 27 տարի է անցել, բայց դեռ կան 2700 անօթևան ընտանիքներ: Հայաստանը աղետի հետևանքների վերացման ծրագիրը դանդաղ իրականացնող երկրներից է: Դեռ երկու տարի առաջ լուսանկարիչ Հայկ Բարսեղյանը սկսեց նկարել Գյումրու անօթևան ընտանիքներին ու այդ նկարները տեղ են գտան National Geographic-ի էջերում:
Բայց երկրաշարժի 27-րդ տարելիցին նա որոշեց բարեգործական դրամահավաք կազմակերպել բրիտանական Crowdfunder կայքում և մոբիլիզացնել հանրության ջանքերը: Նախաձեռնության նպատակը մեկն էր` եթե 120.000 հայ մեկական ֆունտ նվիրաբերի բարեգործական դրամահավաքին, Գյումրիում ծայրահեղ ծանր պայմաններում ապրող 13 անօթևան ընտանիքներ կունենան նոր տներ:
Սակայն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայկը նշեց, որ առայժմ հավաքվել է մեկ տան գումար,բայց իրենք այլընտրանքային միջոցներով դրամահավաք են անցկացնելու։ Քանի որ այս կայքի միջոցով դրամահավաք անցկացնելու պայմաններից մեկն այն է, որ 120.000 ֆունտ չհավաքվելու դեպքում բարեգործության մասնակիցներին կվերադարձվի իրենց նվիրաբերած գումարը: Վերջնաժամկետը մարտի 20-նն է։
Լուսանկարիչն ասում է, որ մշակել են բարեգործական միջոցառումների համալիր ծրագիր. բացի ընթացիկ դրամահավաքից՝ մոտ օրերս կազմակերպվելու է բարեգործական աճուրդ, ուր վաճառքի կհանվեն հայ անվանի մարդկանց անձնական իրերը: Ի դեպ՝ Արսեն և Լևոն Ջուլֆալակյանները, Հենրիխ Մխիթարյանն ու շատ ճանաչված մարդիկ միացել են աճուրդին:
Վաղը Գյումրիում ժամանակավոր նույն այդ տների կողքին մեկ ժամանոց համերգային ծրագիր է ներկայացնելու աշխարհահռչակ դաշնակահար Տիգրան Համասյանը: «Իշխանությունը, որը կարող է 120 մլն դոլար ծախսել երևանյան փողոցները ասֆալտապատելու համար՝ այն էլ մի քանի անգամ,կարող է 40 մլն դոլարով լուծել անօթևանների խնդիրը»,- ասում է Հայկ Բարսեղյանը:
Այստեղ՝ Երևանում, Հայկ Բարսեղյանի մտահաղացմանը միացել են «Երևանը Գյումրի կողքին է» նախաձեռնություն անդամները: Նրանք փետրվարի 28-ին ժամը 17 00-ից մինչեւ 21 00 Հյուսիսային պողոտայում անցկացնելու են դրամահավաք: Նախաձեռության անդամնեը թակել են բոլոր պաշտոնյանների դռները ու սպասում են պատասխանի:




