
Մոսկվան չի թաքցնում Երեւանի հետ ռազմատեխնիկական համագործակցության փաստը՝ կոչ անելով Բաքվին ըմբռնումով մոտենալ դրան, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք դիվանագիտական խողովակներով ադրբեջանական կողմին արդեն տեղեկացրել ենք. Ռուսաստանը Հայաստանի հետ կապված է դաշնակցային հարաբերություններով, զարգացնում է այդ թվում ռազմատեխնիկական համագործակցությունը»,- ճեպազրույցում Զախարովայի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ- ը։
Զախարովայի խոսքով՝ Մոսկվան սպառազինություններ մատակարարելով՝ հաշվի է առել տարածաշրջանի բոլոր սպառնալիքները։ «Հայաստանին, ինչպես նաեւ բարեկամական Ադրբեջանին ցանկացած սպառազինության մատակարարում մեր կողմից իրականացվում է տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը պահպանելու անհրաժեշտությունը մանրակրկիտ հաշվի առնելով»,- ասել է նա։
Բաքվին ի։՞նչն էր զայրացրել
Հայաստանին ռուսական սպառազինությունների մատակարարումը Ադրբեջանին զայրացրել էր այնքան, որ այս երկրի ԱԳՆ- ն անգամ բողոքի նոտա էր հղել Ռուսաստանին։ «Նոտայում ընդգծվել է որ Ադրբեջանը բազմիցս միջազգային հանրությանը տեղեկացրել է ոչ իրավաչափ փաստեր, որ Հայաստանի ձեռք բերած սպառազինությունն»ի ու զինտեխնիկան տեղակայվում է Ադրբեջանի անջատողական տարածքում՝ Լեռնային Ղարաբաղում»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Ի՞նչ սպառազինություն է ձեռք բերում Հայաստանը
Ռուսաստանը հրապարակել էր Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված վարկային համաձայնագիրը, որով Հայաստանը Ռուսաստանից գնելու է 200 մլն դոլարի սպառազինություն և ռազմական տեխնիկա։
Համաձայնագրում նշված էր նաեւ, թե ինչ սպառազինություն է ձեռք բերելու Հայաստանը.
- 9Կ58 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ (ներառյալ համակարգի համար 9Մ531 կումուլյատիվ-բեկորային մարտական մասով հրթիռներ, որոնց հեռահարությունը 90կմ է, զրահահարությունը՝ 120-160մմ)։
- Իգլա-Ս դյուրակիր ԶՀՀ (համապատասխան 9Մ342 հրթիռներով)
- ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետային համալիր(ներառյալ՝ արձակման կայան, տեղափոխման-լիցքավորման կայան, թերմոբարիկ հրթիռներ)։
- 9Մ113Մ «Կոնկուրս» հակատանկային կառավարվող հրթիռներ՝ տանդեմային մարտական մասով, որը հնարավորություն է տալիս հաղթահարել տանկերի դինամիկ պաշտպանությունը (հեռահարությունը ցերեկը՝ մինչև 4կմ, գիշերը՝ 2.5կմ, զրահահարությունը 800մմ։)։
- Թռչող սարքերի պասիվ տեղորոշման «Ավտոբազա-Մ» համալիր (կարող է ինտեգրվել Հայաստանի սպառազինության մեջ եղած Ս-300ՊՍ զենիթահրթիռային համակարգերին)
- «Տիգր» զրահամեքենաներ։
- Տանկային Վ-84 շարժիչ (հզորությունը` 840 ձիաուժ)։
- Հետևակի մարտական մեքենաների ՈՒՏԴ-20 շարժիչ (հզորությունը` 300 ձիաուժ)։
- 1Ա40-1 տանկային նշանառման սարքավորում։
- ՌՊԳ-26 «Ագլեն» հակատանկային ռեակտիվ նռնականետ (նռնակ)։
- ՍՎԴ 7,62մմ դիպուկահար հրացան։
- Ինժեներական, ականների հայտնաբերման սարքավորումներ (ՕՎՌ-2 ականազերծման անհատական հանդերձանք, ԻՄՊ-Ս-2 ականորսիչ սարք, ԷՕՎ-3523 զորային էքսկավատոր, 16 և 32 տոննա բեռնամբարձմամբ կռունկներ)
- Կապի միջոցներ (Ռ-168-100ԿԱԵ, Ռ-168-5ԿՆԵ կարճալիք ռադիոկայաններ)։
- Ավտոտեխնիկա (այդ թվում՝ «ՈՒԱԶ» մակնիշի հրամանատարական և սանիտարական ու «ԿԱՄԱԶ» մակնիշի տարբեր նշանակության մեքենաներ)




